Ազնվությունն ու խարդախությունը` կողք կողքի

Ազնվությունն ու խարդախությունը` կողք կողքի
Թեեւ Միջազգային օլիմպիական կոմիտեն եւ ազգային օլիմպիական կոմիտեները սահմանել են «Արդարացի խաղ» մրցանակը, սպորտում ազնվությունն ու խարդախությունը կողք կողքի են: Հիշենք օլիմպիական խաղերի ստեղծման մասին հայտնի լեգենդը. Պիսայի արքա Էնոմարոսի դստեր` գեղեցկուհի Հիպոդամիայի ձեռքը խնդրողների թիվն անհաշիվ էր:



Հայրը որոշում է չամուսնացնել դստերը եւ հավակնորդներին դաժան պայման է առաջարկում՝ աղջկան կնության կտա նրան, ով ձիակառքի մրցումներում իրեն կհաղթի: Պարտվողը պետք է կյանքով վճարեր:



Հավասար մրցակից չունեցող արքան շատերին է կյանքից զրկում: Եվ ահա խենթորեն սիրահարված Պելոպսը կաշառում է արքայի կառապանին, եւ նա չի ամրացնում տիրոջ կառքի սռնին: Հաղթանակած Պելոպսն ամուսնանում է չքնաղ Հիպոդամիայի հետ, տիրանում Էնոմարոսի թագավորությանը եւ Օլիմպիայում մարզահանդես հիմնում:



Սպորտում խարդախության օրինակները շատ են: Մ.թ.ա. 496թ. 71-րդ օլիմպիական խաղերի մրցավարները (էլանոդիկներ) չընդունեցին կռփամարտիկ (բռնցքամարտիկ) Կլեոմեդի հաղթանակը, որովհետեւ նրա մրցակիցը հենց մենամարտի ընթացքում մահացել էր:



480թ. 75-րդ օլիմպիական խաղերում Տեւագենը տուգանվել էր, որովհետեւ ուժասպառության պատճառով հրաժարվել էր մասնակցել մեկ այլ մարզաձեւի մրցմանը: Իսկ կանոնակարգով՝ խաղերի ծրագրում ընդգրկված բոլոր մարզաձեւերում հանդես գալը բոլոր մասնակիցների համար պարտադիր էր:



Այսպիսի չար արարքների ցանցը չեն ընկել անտիկ խաղերի չեմպիոններ հայ արքաներ Տրդատ Երրորդը (281թ. 265-րդ օլիմպիական խաղեր) եւ Վարազդատը (385թ. 291-րդ օլիմպիական խաղեր):



Անկասկած, Արշակունյաց արքայատոհմի այս երկու անպարտելիները, ինչպես նաեւ ժամանակակից խաղերի հայաստանցի բոլոր 13 չեմպիոններն ազնիվ պայքարում են առաջինը ճանաչվել: Ահավասիկ արգելված հնարքի համար մրցավարը որոշել է պատժել Վարազդատի մրցակցին ու հաղթանակը շնորհել է հայորդուն: Այդ ժամանակ Վարազդատը ձայն է խնդրել. «Երդվում եմ Զեւսի անունով, որ Իկոսը դիտավորյալ չխախտեց խաղի կանոնները: Խնդրում եմ բարձրագույն դատարանին, որ պարտություն չգրանցի Իկոսին եւ հնարավորություն տա, որ մենք ավարտին հասցնենք մենամարտը»:



Տրիբունաները որոտացել են ծափերից, Իկոսի աչքերը հուզմունքից արտասվել են: Պայքարը շարունակվել է: Հնչել է եղջերափողը, եւ մունետիկը երիցս բարձրաձայն գոչել է` օլիմպիական է օտարերկրացի Վարազդատը:



Ժամանակակից օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն (1952թ., Հելսինկի) Հրանտ Շահինյանը Հայաստանի մարմնամարզիկներից առաջինն է պարգեւատրվել ՄՕԿ-ի «Արդարացի խաղ» հաղթանշանով:



1963-ին, երբ Տիգրան Պետրոսյանը դարձավ աշխարհի շախմատի չեմպիոն, Հ. Շահինյանը հանդիսավոր պայմաններում նրան նվիրեց իր օլիմպիական ոսկե մեդալներից մեկը: Մեծն Շահինյանը 1956թ. օլիմպիական խաղեր մեկնող ԽՍՀՄ մարմնամարզության հավաքականում իր տեղը կամավոր զիջեց ավելի երիտասարդ թիմակցին:



Եվրոպայի բռնցքամարտի 1953թ. առաջնության ժամանակ Վլադիմիր Ենգիբարյանի դիպուկ հարվածը ցնցեց, հավասարակշռությունից հանեց լեհ Անտկեւիչին: Մրցավարը չդադարեցրեց մենամարտը: Երեւանցու փոխարեն մեկ ուրիշը թերեւս կշարունակեր հարվածներ տեղալ նոկդաունում հայտնված մրցակցի անպաշտպան դեմքին, բայց հայորդին հակառակն արեց. մրցակցին հանգստանալու, ուշքի գալու հնարավորություն տալու համար սկսեց պարզապես քայլել ռինգի շրջագծով:



Հնչեց ռաունդի ավարտն ազդարարող գոնգի ձայնը: Ենգիբարյանի վեհանձն արարքը մարզասերը բարձր գնահատեց. նրա ծափերից դահլիճն ասես քանդվում էր: Հետագայում` 1956թ. Մելբուռնում, Վլադիմիր Ենգիբարյանը դարձավ օլիմպիական չեմպիոն:



Արդար ու մարդասեր հայ մարզիկների ցանկը կարելի է շարունակել: Բավարարվենք այսքանով եւ հուսանք, որ մեր մարզիչներն ու մանկավարժներն իրենց խնամարկյալներին կշարունակեն ազնվության ու բարության դասեր տալ:



Ռուբեն Չալիկյան