Պե´տք է ուշքի գալ, քանի դեռ շատ ուշ չէ...

Պե´տք է ուշքի գալ, քանի դեռ շատ ուշ չէ...
Ուզում եմ խոհերս կիսել մեր ընթերցողների հետ, հույս ունենալով, որ մեր կոռումպացված երկրի այրերն էլ են երբեմն թերթեր կարդում:



Նախ, բերեմ մի քանի զարհուրելի տվյալներ` ծնելիությունը մեր երկրում, 2011-ի առաջին կիսամյակում, նվազել է 20.5%-ով, անցած տարվա նույն ընթացքի համեմատ:



Զարթոնք է ապրել մահը՝ 3.2% ցուցանիշով, որը ժխտել չենք կարող: Գործազրկությունն ավելացել է, եւ այն, որ մեր ղեկավար այրերը բարբաջում են, թե իբր այն կազմում է 7%, իրական թիվը մոտ է 30%-ին, որն արդեն ցույց է տալիս մեր տնտեսության իրական պատկերը: Եվ ամենազարհուրելին, որի վրա կարծես թե ուշադրություն չեն դարձնում մեր կերած-խմած պաշտոնյաները, էմիգրացիան է:



1991 թվականի համեմատ`մեր երկրի բնակչությունը նվազել է մոտ 1 մլն-ով, մի՞թե սա սարսափելի չէ, մի՞թե սա «եղեռն» չէ, մի քիչ խելք է պետք ունենալ, որպեսզի հասկանաս, որ տնտեսության ամենակարեւոր բաղադրիչը մարդկային ռեսուրսն է, եւ ամենակարեւորը` առանց մարդկային զանգվածի հնարավոր չէ պահել ու պահպանել այն մի պատառ հողը, որ մեզ է հասել արյան գնով:



Իսկ ինչո՞ւ ծովից-ծով Հայաստանից մնաց ընդամենը այս մի կտորը, որն էլ կկորցնենք, եթե այսպես շարունակեն մեր չինովնիկները, որոնք իրենց մռութից այն կողմ ոչինչ չեն տեսնում, որոնց համար գրպանի պարունակությունը շատ ավելի կարեւոր է, քան ուղեղինը, նրանց համար շահը դարձել է գերխնդիր:



Մի կարեւոր հանգամանք եւս. Մենք՝ հայերս, միմյանց չենք սիրում եւ առիթը բաց չենք թողնում միմյանց պարսավելու, փնովելու ու միմյանց դեմ թակարդներ լարելու, դավաճանելու համար: Արդյո՞ք ժողովրդի նկատմամբ սիրո պակասի արդյունք չեն մարտյան դեպքերը, երբ քնահարամ մարդկանց կոտորեցին ենիչերիների նման, երբ կազմակերպված ու պլանավորված ձեւով մտան խորհրդարան ու գնդակահարեցին ժողովրդի կողմից շատ սիրելի ղեկավարներին, որոնք վերջ էին ուզում դնել այս քաոսային վիճակին:



Իհարկե, դա ձեռնտու չէր մեր օլիգարխներին, որոնք մեր քրտինքով են հարստացել ու իրենց փողերը պահում են շվեյցարական բանկերում ու չեն էլ պատրաստվում հայրենիքում ներդնել, վախենալով կորցնել, իսկ պոտենցիալ ներդրողներին այն օրն են գցում, որ մոռանում են հայրենիքի ճանապարհը:



Մեր ամբողջ երկիրը բաժանված է մի քանի «գազանների» միջեւ, ու նրանք են տնօրինում մեր ավետյաց երկիրը, ու սարսափելին այն է, որ «կրծողներն» էլ են իշխում: Ամեն մեկը մի մարզի տեր-տիրակալն է, ու առանց նրանց իմացության ոչ-ոք չի համարձակվի լուրջ բիզնես սկսել. կամ կլինեն քեզ հետ փայատեր, կամ էլ դու ոչինչ չես սկսի, հակառակ դեպքում կլքես հայրենիքիդ սահմանները:



Կոչ եմ անում սթափվել, քանի դեռ շատ ուշ չէ. հայրենիքս դատարկվել է, գյուղերում տղամարդ չի մնացել, մարդիկ ապրում են վախի ու սարսափի մթնոլորտում, չքավորությունը հասել է գագաթնակետին:



Ամեն մեկս պետք է գիտակցենք, որ պետք է հանդուրժող լինենք միմյանց նկատմամբ, պետք է սիրենք միմյանց, պետք է մի բռունցք դառնանք, պայքարենք հանուն մեր ազատության, դաստիարակենք մեր մանուկներին ազգային ոգով, որ էլ մեր մայրերը գազաններ չծնեն, որ նորաթուխ ֆեոդալները մեր արյունը չծծեն, ու մենք լինենք մեր երկրի տերը: Պետք չէ հապաղել, սթափվել է պետք, հակառակ պարագայում կկորցնենք մեր երկիրը:



Սենիկ Կարապետյան