Դպրոցը՝ ընտանեկան կապալ

Դպրոցը՝ ընտանեկան կապալ
Արարատի մարզի դպրոցները վերածվել են ընտանեկան կապալի: Իսկ դա նշանակում է կոռուպցիա եւ չարաշահում: Այստեղ եթե մեկը տնօրենի պաշտոն է ձեռք գցում, իր հետեւից ընտանիքի կամ գերդաստանի անդամներին տանում-տեղավորում է այդ կրթօջախում: Մարդը հնարավորություն ու լծակներ ունի, որոնք էլ օգտագործում է հանուն իր ազգուտակի ապահովության ու բարեկեցության: Հստակ է գործում «բարձրանամ, որ բարձրացնեմ» օրենքը: Փոխարենը՝ խորհրդարանական ու նախագահական ընտրություններին իրենց լուրջ ներդրումն են ունենում ՀՀԿ իշխող կուսակցությանը քվեներ բերելու հարցում եւ արդարացնում են իրենց նկատմամբ դրսեւորված վստահությունը: 



Ուրեմն այսպես, Այգեզարդ գյուղի դպրոցի տնօրենը Մարատ Մնացականյանն է, իսկ նրա կինը՝ Կլարա Ավետիսյանը, տարրական դասարանների գծով ուսմասվարը: Հարսը՝ Գոհար Խեչումյանը, դպրոցի ջոկատավարն է: Նարեկ գյուղի դպրոցի տնօրեն Սիրակ Հովհաննիսյանն ավելի լայնորեն է օգտագործել իրեն ընձեռված հնարավորությունները, քան Մարատը. նա, ընտանիքի անդամներից բացի, նաեւ հարազատներին է տեղավորել դպրոցում: Արտաշատ քաղաքի թիվ 5 դպրոցի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանի հնարավորություններն էլ չի կարելի թերագնահատել: Հարսը՝ Հասմիկը, դպրոցում ուսուցչուհի է, տեգրակինը նույնպես դպրոցում է աշխատում: Իսկ Վեդի քաղաքի թիվ 1 դպրոցի տնօրեն Ալվարդ Պապոյանը գերդաստանին է տեղավորել իր մոտ, եւ նրանք դպրոցից ամսական ստանում են մոտ 1,5 մլն դրամ:



Դպրոցի տնօրեններ հանել-դնելու գործում մեծ դերակատարում ունեն հատկապես գյուղապետերը: Ընտրությունների ժամանակ հենց նրանք են գլխավոր պատասխանատուն ձայների բաշխման ու հրահանգված տոկոսն ապահովելու հարցում: Այդ առաջադրանքը լիարժեք կատարելու պատրվակով էլ սրանք հնարավորություն են ստանում դպրոցի տնօրեն դարձնել «մերոնքականի», ում ներդրումը նույնպես կշռելի կլինի ընտրություններում:



Գյուղապետերն ազատ են եւ ունեն լիազորություն. ինչ ուզում են անեն, միայն թե ընտրություններին 80 տոկոս ձայն ապահովեն իշխող կուսակցությանը կամ իշխող կուսակցության թեկնածու պատգամավորին: Այսպես, Հնաբերդի գյուղապետը Զավեն Մեջլումյանն է, դպրոցի տնօրենը նրա կինն է՝ Անժելա Մեջլումյանը: Խաչփարի գյուղապետ Շահեն-Ղազար Մարտիրոսյանն էլ, սեփական կնոջը հարմար թեկնածու չտեսնելով, գյուղի դպրոցի տնօրենի պաշտոնը եղբոր կնոջը՝ Սուսաննա Եփրեմյանին է զիջել: Իսկ Նիզամիի գյուղապետ Արտավազդ Դունոյանը, իր կամ եղբոր ու քրոջ տանը չգտնելով գոնե մոտավոր համապատասխան թեկնածու, գերդաստանի հարսին է դարձրել գյուղի դպրոցի տնօրեն:



Մարզպետարանում միջին քաշի պաշտոն ունենալը նշանակում է տնով-տեղով ապահովված լինել, ազդեցությունների ու հնարավորությունների լծակներ ունենալ մարզի մասշտաբով: Ահա նրանցից մեկը՝ Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Անահիտ Հակոբյանը: Ամուսինը՝ Ֆելիքս Հակոբյանը, Արտաշատի թիվ 3 դպրոցում աշխատում է որպես տնտեսվար, տղան՝ Կարենը, Արտաշատի ազգային անվտանգությունում՝ որպես պահակ եւ միեւնույն ժամանակ թիվ 6 դպրոցի ռազմագիտության ուսուցիչն է:



Հարսն էլ՝ Զառան, 1-ին դպրոցում ուսուցչուհի է: Իսկ աղջիկը՝ Գոհարը, աշխատում է մարզպետարանում: Ահա այսպիսի վառ խճանկար ունի Արարատի մարզը, ցավոք, սա ամբողջական պատկերը չէ, եւ այդ ցուցակը դեռ կարելի է երկար թվարկել, պարզապես ֆիզիկապես անկարող ենք գյուղառգյուղ շրջել ու հետաքրքրվել: Մյուս գյուղերն էլ՝ մեկ ուրիշ անգամ:



Անահիտ Կարապետյան