Ուսանողների որս է սկսվել

Ուսանողների որս է սկսվել
12-ամյա կրթությամբ եւ ընդունելության միասնական քննակարգով պայմանավորված՝ այս տարի դիմորդներից զրկվեցին թե պետական եւ թե մասնավոր բուհերը: Եթե պետական բուհերը կարողացան ապահովել իրենց ուսանողների թվաքանակի կեսը, ապա մասնավոր բուհերն ընդհանրապես զրկվեցին դիմորդներից: Բացի այդ, եթե նախկինում մասնավոր բուհերը քննություններով էին ուսանող ընդունում, ապա ընդունելության միասնական քննակարգից հետո պետական եւ մասնավոր բուհերը մրցակցային նույն պայմանների առաջ են կանգնել: Իսկ ֆինանսական խնդիրների առաջ կանգնած բուհերն էլ ստիպված են գնալ կրճատումների:



Այս միտումներն իրենց համալսարանում արդեն տեսնում է Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի ռեկտոր Զավեն Սարգսյանը: Եթե անցած տարիներին բուհը մոտ 800 դիմորդ էր ունենում, ապա այս տարի զրո ընդունելություն է գրանցել. «ԳԹԿ-ն այնպիսի ընդունելություն է արել, որ մեզ մոտ ոչ ոք չի եկել, խախտել են ընդունելության սիստեմը, մեր իրավունքները, թող ամեն բուհ ինքը պատասխան տա իր ընդունելության համար, իսկ պետությունը թող որակը ստուգի»: Այսօր ընդունելություն է հայտարարված միայն հեռակա տեղերի համար, ու դեռ ընդամենը մի քանի դիմում են ստացել: Իսկ դիմորդների բացակայությունից ինքնըստինքյան բխում են նաեւ ֆինանսական խնդիրներ, մասնավորապես դասախոսների կրճատում է սպասվում. «Այսօր, օրինակ, մանկավարժության դասախոսի կրճատում է եղել»:



Հիմա բուհը մոտ հազար ուսանող ունի, բայց արդեն ռեկտորը տարակուսում է, թե այդ հազարից քանիսը կմնան, որովհետեւ նաեւ ոչ պետական բուհերից պետական բուհեր տեղափոխվելու միտում է նկատում, որ ուսանողներն իրենց գործերը վերցնում-գնում են, ինչում նա մեղադրում է ոչ թե նախարարությանը, այլ օրենքին. «Օր-օրի վրա մի նոր բան է փոխվում, օրինակ հիմա ասում են, որ բուհից բուհ տեղափոխվելու հարցում ռեկտորն իրավասու չէ արգելել ուսանողին»: Չնայած բուհն իր 8 բաժիններով հավատարմագրված է եւ տալիս է պետական նմուշի դիպլոմ, բայց իրենց բուհից էլ պետական բուհեր տեղափոխվել ցանկացողները շատ են. «Բավականին գործեր տվեցի, բայց տեսա, որ կամաց-կամաց համատարած բնույթ է կրում, արգելակեցի ու չեմ տալիս իրենց գործերը, ասում եմ՝ գնացեք դիմեք մարդու իրավունքներին, թող դատարանը քննի այդ հարցը»: Ռեկտոր Զավեն Սարգսյանի խոսքով՝ սկսվել է ուսանողների որս, եւ խնդիրը ոչ թե վարձավճարների, այլ ժողովրդի մեջ «նստած» «պետական» բառի մեջ է:



«Գլաձոր» համալսարանում այս տարի նույնպես ընդունելությունը միայն հեռակա բաժնում է եւ մագիստրատուրայում, ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը չի ակնկալում դիմորդների մեծ քանակ, ամենաշատը՝ 60 հոգի, անցած տարվա 180-190-ի փոխարեն: Ի տարբերություն «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի, այստեղ դասախոսների կրճատում չեն անի, որովհետեւ ակնկալում են, որ այս վիճակը հաջորդ տարի կփոխվի, չնայած. «Եթե պետական բուհերը շարունակեն բոլոր դիմողներին ընդունել, ապա խնդիր կլինի նաեւ գալիք տարի: Կազմակերպել միասնական ընդունելության քննություններ եւ այդ քննություններին մասնակցող տարբեր սուբյեկտներին դնել տարբեր կարգավիճակների մեջ՝ ամենամեծ խախտումն է, որովհետեւ նախ պետական բուհերին տրվում է պետպատվեր, իսկ մասնավոր բուհերին՝ ոչ:



Երկրորդ՝ ՀՀ-ում կան X քանակությամբ այլ պետությունների բուհեր կամ դրանց մասնաճյուղերը, որոնք ինքնուրույն կազմակերպում են ընդունելություն, բայց միասնական ընդունելության կարգի մեջ մտցվել են միայն պետական ու ոչ պետական բուհերը: Երրորդ՝ դա բացահայտ վարկաբեկման լավագույն ձեւն է, որովհետեւ ինչքան մասնավոր բուհ կա, բոլորի դեպքում էլ կազմակերպում են միասնական քննություն: Դա նշանակում է, որ բոլոր բուհերն ունեն նույն արժեքը, ինչը սխալ է»: Ռեկտորը հավելեց, որ անհավասար մարդկանց միջեւ հավասար պայմաններ չեն լինում, նախ հավասարեցնում են այդ պայմանները, հետո նոր մտցնում մեկ միասնական «կաթսայի» մեջ:



Նրա խոսքով՝ ցանկացած մասնավոր բուհ ինքնաֆինանսավորվող կազմակերպություն է, բայց անգամ այդ դեպքում, եթե ուսանողների քանակը քչանում է, բուհի ֆինանսական հնարավորությունները պակասում են, իսկ վտանգն ավելի շատ ոչ թե այս տարի է, այլ՝ գալիք. «Այս տարի մի կերպ ֆինանսական գումարներ ենք հետ գցել, որ կարողանանք վիճակը կարգավորել, կրճատումներ չանել, բայց գալիք տարի, կարծում եմ, կլինի հակառակը»: