Կիբերհանցագործությունների բացահայտմանը խանգարում է օրենսդրական բացը

Կիբերհանցագործությունների բացահայտմանը խանգարում է օրենսդրական բացը
Մի քանի ամիս առաջ ոստիկանությունը լուր տարածեց, թե 17-ամյա երիտասարդը «կոտրել» է «odnoklassniki.ru» կայքի 57 օգտագործողների տվյալները եւ գողացել նրանց կրեդիտային միավորները: Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 17-ամյա Գեւորգ Խ.-ն, տիրապետելով համակարգչային եւ ծրագրավորման որոշակի հմտությունների, շուրջ մեկ ամիս առաջ ստեղծել է «pokerakcia.tk» եւ «akcia.tk» ինտերնետային կայքերը, որոնց մեջ տեղադրել է «www.odnoklassniki.ru» կայքի կրկնօրինակը: Դեպքը բացահայտվեց, բայց շատ քչերն են տեղյակ, որ այն բացահայտել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի, վարչությունը, նույն ինքը 1-ին վարչության 3-րդ բաժինը:



Բաժնի պետ Սամվել Հովսեփյանի խոսքով, Հայաստանի ՔՕ-ում կիբերհանցագործությունները ներկայացված են 2 մասով: Մի ամբողջ գլուխ վերաբերում է համակարգչային տեղեկատվության անվտանգությանը,  իսկ համարյա բոլոր բաժիններում կան հանցագործություններ, որոնք կարող են կատարվել համակարգչային տեխնիկայի օգնությամբ:  Մասնավորապես սպառնալիքի, խարդախության, հափշտակության, ընտանեկան կյանքի տեղեկությունների հավաքման եւ տարածման դեպքերը:



Անցած տարի զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացնելուց հետո լինում են դեպքեր, երբ վարչությունը մերժում է դիմումները եւ քաղաքացիներին հորդորում դիմել դատարան: «Սոցկայքերում զրպարտում են, վիրավորում, բայց դրանով դատարանն է զբաղվում: Օրենքի բաց կա այստեղ: Քաղհայցով մարդը կարող է դիմել այն դեպքում, երբ գիտի ով է վիրավորողը կամ զրպարտողը: Բայց այստեղ պարզ չէ՝ անծանոթ, գաղտնի անկետայով են գրվում»,-ասում է Ս. Հովսեփյանը:



Սակայն եթե այդպիսի անհայտ օգտատերերը սպառնում են կամ, ասենք, նույն անկետաներն են բացում եւ ընկերներից խաբեությամբ գումար պահանջում, ապա դա քրեորեն պատժելի է, եւ նման դեպքերում իրենք արձագանքում են: Մեծ տարածում ունեն  սոցկայքերի օգտատերերի  գաղտնաբառերի, էլփոստի ծածկագրերի գողությունների դեպքերը: Սրանց բացահայտումն ուշանում է այն պատճառով, որ հիմնականում ռուսական կայքեր են: Հայաստանը կիբերհանցագործությունների միջազգային կոնվենցիաների, ինչպես նաեւ Մեծ ութնյակի՝ համակարգչային հանցագործություններով զբաղվող ստորաբաժանման կոնտակտային պայմանագրի անդամ է, ինչն էլ հնարավոր է դարձնում բացահայտել հանցագործությունը: «Ուղղակի պիտի քաղաքացին սպասի՝ մինչեւ պատասխանը գա, գտնեն, ու համապատասխան միջոցներ կիրառվեն»,-ասում է զրուցակիցս:  Նախկինում ՔՕ-ով արգելված էր «պոռնոգրաֆիկ  նյութերի ապօրինի պատրաստումը, տարածումը», ինչն իր հերթին դժվարացնում էր աշխատանքը: Մեկ տարի համարյա չէին զբաղվում այդ գործերով: Ասենք, հայտնաբերելուց հետո  կազմում էին նյութերը, ուղարկում նախաքննության, իրավապահները պահանջում էին ցույց տալ, թե որն է օրինական տարածման ճանապարհը: ««Ապօրինի» բառը հանվեց, եւ հիմա ունենք նման մի քանի գործեր, ընթացքում են, կարծում եմ՝ կբացահայտվեն»,-ասում է բաժնի պետը:



Ի դեպ, եթե քաղաքացին անձամբ ինքն է իր էջում տեղադրում իր պոռնոգրաֆիական տեսանյութերը կամ նկարը, ապա նույնպես պատասխանատվության է ենթարկվում: Անցած տարի նման 7 դեպք է հայտնաբերվել: Մանկական պոռնոգրաֆիայի դեպքեր նույնպես հայտնաբերվել են, բայց դրանք Հայաստանում չէին արվել, դրսից են ներկրվել: Այս հարցում օրենքը խիստ է: «Եթե պոռնոգրաֆիկ նյութեր կան մեկի համակարգչում կամ հեռախոսում, եւ եթե դրանք չեն տարածում, ապա քրեորեն պատժելի չէ: Իսկ եթե մանկական պոռնոգրաֆիկ նյութեր հայտնաբերվեն համակարգիչներում կամ հեռախոսներում, ապա պատժվում է այդ նյութեր պահողը»,-ասաց Ս. Հովսեփյանը: Այս բաժինն ընդամենը 4 տարվա պատմություն ունի եւ յուրահատուկ է իր աշխատաոճով: Սակայն բաժնի պետը վստահեցնում է, որ թեկուզ քիչ աշխատող են՝ ընդամենը 10 հոգով սպասարկում են ողջ Հայաստանը, այնուհանդերձ հասցնում են բացահայտումներն ապահովել: Ի դեպ, անցած տարվա համեմատ այս տարի կիբերհանցագործությունների թվի աճ է նկատվել: