Սկսել ա

Սկսել ա
Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Հայ ազգային կոնգրեսը վերջապես արեցին այն քայլը, որին այնքան երկար սպասում էին նրանց համակիրները: Թե որքանով է ճիշտ ընտրված շուրջօրյա հանրահավաքներ սկսելու պահը, եւ ինչու այս քայլին գնացին այսօր, այլ ոչ թե մեկ տարի, երկու տարի կամ մեկ ամիս, երկու ամիս առաջ, դժվար է ասել: Գուցե այլեւս հնարավոր չէր դիմադրել պայքարի կոչող ու անհապաղ իշխանափոխություն տենչացող մարդկանց ցանկությանը: Գուցե սա վերջին շանսն է: Չէ՞ որ ընտրություններին մնացել է 7-8 ամիս: Իսկ հերթական ընտրությունների գաղափարը Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը միշտ են մերժել՝ դրա մեջ տեսնելով կանխորոշված պարտություն: Բայց առջեւում նաեւ ցուրտ աշուն է, ապա՝ ձմեռ, իսկ այս եղանակին, որպես կանոն, հանրահավաքային շարժումը մարում է: Այնպես որ տարվա վերջին տաք ամիսները պետք է ռացիոնալ օգտագործել: Մյուս կողմից՝ երկխոսությունը տապալվել է, Տիգրան Առաքելյանը բանտում է, եւ ակտիվանալու բոլոր նախադրյալները կան: Սակայն Տեր-Պետրոսյանի նման գործիչը միաքայլ կոմբինացիաներ չի անում, եւ նա նաեւ երկխոսության համար է տեղ թողել: Անգամ երկխոսությունը պաշտոնապես շարունակողի պաշտոն է սահմանել եւ այդ պաշտոնում կարգել «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն Մանուշակ Պետրոսյանին: Իսկ գուցե սա ապահովագրո՞ւմն է՝ զինված բախումից ու հնարավոր զոհերից խուսափելու համար մտածված խելացի «տրյուկ»: Եթե պայքարը սրվի, եւ լարումը մեծանա, տեղ է թողնում, որ ոչ թե զորքը մտցնեն Ազատության հրապարակ ու ջարդեն ժողովրդին, այլ բանակցեն: Հեռատես ու ժողովրդի մասին մտածող առաջնորդի քայլ է: Հետնահանջի քայլերը մտածված են, իսկ հաղթանակի՞նը: Չկռռանք այս նոր նախաձեռնության վրա, բայց շարունակությունը չի երեւում: