Մերն ուրիշ է

Մերն ուրիշ է
Եզակի երկիր է Հայաստանը: Միայն մեր երկրում է հնարավոր արժեքների ու չափանիշների այսպիսի խճողում, այսքան ձեւախեղված քաղաքական դաշտ եւ այսքան հանդուրժող հասարակություն: Միայն մեր երկրում է հնարավոր, որ երկրի տնտեսությունը տապալելն ու տնտեսական խայտառակ իրավիճակ ստեղծելը ներվեն երկրիդ վարչապետին, սակայն մի քանի բաժակ խմիչքը դառնա մատի փաթաթան: Միայն մեզանում է հնարավոր, որ, ասենք, հանքարդյունահանման ոլորտում տիրող խայտառակ վիճակի բացահայտումը էներգետիկայի նախարարը հանգիստ մարսի, իսկ «շարիկ գլորելը» դառնա համընդհանուր քննարկման թեմա: Միայն մեր երկրում կարող է մարզպետը մի ամբողջ մարզ դատապարտել չքավորության եւ անհուսության, սակայն նրա պաշտոնազրկման պատճառ դառնա իր կուսակից քաղաքապետի պարտությունն ընտրություններում: Վերջապես միայն մեր երկրում կարող է պաշտոնյան մարդ ծեծել ու հանգիստ շարունակել պաշտոնավարել: Ավելին՝ երբեմն ծեծողը (ԴԱՀԿ պետը) կարող է շարունակել աշխատել, իսկ նրա անմիջական ղեկավարը (նախարարը) պաշտոնաթող արվել: Միայն մեզանում է հնարավոր, որ պաշտոնյան արձակուրդից վերադառնա եւ մի քանի ժամ անց անսպասելի հրաժարական տա (ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը): Վերջապես միայն մեր քաղաքական կուսակցությունները կարող են միաժամանակ եւ իշխանություն լինել, եւ ընդդիմություն (ժամանակին ՀՅԴ-ն, հիմա՝ ԲՀԿ-ն): Բայց այս ամենն էլ դեռ ոչինչ, միայն նախընտրական Հայաստանում են կրքերն այսպես շիկանում, իրենից ոչինչ չներկայացնող խորհրդարան մտնելու համար այսպիսի կենաց-մահու պայքար գնում եւ կոճակ սեղմողի պաշտոնի համար այսքան փող ծախսվում: Փառք Աստծո, որ մեր ժողովուրդը մեծ հաշվով անմասն է մնում այս իրարանցումից եւ, որպես կանոն, իր ընտրության մեջ ճիշտ է կողմնորոշվում: