Պատրա՞ստ ենք արդյոք

Պատրա՞ստ ենք արդյոք
Այսօր երկրաշարժի տարելիցն է: Սգո ու թանկ հիշատակների այս օրն ամեն տարի տխուր մտքեր ու տանջող հիշողություններ է արթնացնում: Բայց տարեցտարի վիշտը նվազում է,1988-ին կատարվածը վերաիմաստավորելու, դրա կրկնման վտանգը կանխելու ցանկությունը՝ մեծանում: Օրերս գյումրեցի պաշտոնյաներից մեկն ասում էր՝ մեր ավանդը սերունդներին պետք է լինի երբեք Գյումրիում չորս հարկից բարձր շինություն չկառուցելը: Աղետ տեսած մարդիկ հոգեբանորեն էլ չեն կարող ապրել կասկածելի բազմահարկերում: Ընդհանրապես՝ Հայաստանով մեկ սեյսմակայուն շինարարության լուրջ խնդիր կա: Արդյո՞ք մեզ հաջողվել է լուծել կամ գոնե մոտենալ այդ խնդրի լուծմանը: Ըստ էության, այս հարցի պատասխանը մենք չգիտենք: Կիմանանք, Աստված ոչ արասցե, նոր, ուժգին երկրաշարժից հետո: Սեյսմիկ խնդիրներին առնչվող մի պաշտոնյա օրերս մասնավոր զրույցի ժամանակ ասում էր, որ «Գառնու խզվածք» գոյություն ունի, եթե այդ գոտիով հզոր երկրաշարժ լինի, ոչ ոք չի կարող երաշխավորել, թե ինչ կկատարվի Երեւանում: Արդյո՞ք մենք մտածում ենք այս մասին եւ արդյո՞ք վերջին տարիներին այսպես թափով իրականացվող շինարարությունը համապատասխանում է սեյսմավտանգ գոտու պահանջներին: 88-ին մենք անպատրաստ էինք եւ երկրաշարժն անսպասելի վրա հասնելով՝ մեզ անակնկալի բերեց: Արդյո՞ք այսօր պատրաստված ենք, եւ եթե նման մասշտաբի աղետի վտանգ կախվի մեր գլխին, կկարողանա՞նք ավելի քիչ կորուստներով ու արագ հաղթահարել այն: Վերը նշածս պաշտոնյան պնդում էր, որ վերջին տարիներին կառուցված շինություններն ամուր են եւ անգամ 9 բալ երկրաշարժի կդիմանան: Հուսանք, որ դրանք սոսկ չինովնիկի խոսքեր չեն՝ իսկապես այդպես է: Հուսանք, որ մենք լավ պատրաստված փրկարարներ ունենք եւ աղետի ժամանակ գործելու կամք ու հմտություններ: