Մի քիչ սեր, մի քիչ ուշադրություն

Մի քիչ սեր, մի քիչ ուշադրություն
"Ախր ի՞նչ եմ պահանջում քեզանից՝ ընդամենը մի քիչ ուշադրություն, մի քիչ հոգատարություն, մի քիչ էլ սեր: Ուզածս մեծ բա՞ն է",- հերթական հռետորական հարցադրումն է անում կինը՝ ամուսնուն ուղղված ամենօրյա աղոթքի նմանվող ճառում: Չէ, իհարկե, մեծ բան չէ, եթե, իհարկե, հասկանալի լինի, թե ինչ նկատի ունի կինը այդ "մի քիչ ուշադրության, մի քիչ հոգատարության եւ մի քիչ սիրո" տակ:



Մանավանդ՝ ամեն անգամ պարզաբանելիս պահանջները տարբեր են լինում: Անցած շաբաթ, օրինակ, "մի քիչ ուշադրություն" ասելով՝ նկատի ուներ իր ընկերուհի Ռուզանի 3 կարատանոց ադամանդե մատանին, որ նրան նվիրել էր իր հերթական սիրեկանը: "Մարդը պետք է բախտ ունենա՝ բախտ",- հառաչում էր նա ողջ երեկո՝ մանրամասն նկարագրելով մատանու ամեն կարատն առանձին-առանձին, այնպես, ինչպես Ռուզանի սիրեկանի արժանիքները կնկարագրեր:



Իսկ մի տասն օր առաջ "մի քիչ հոգատարության" օրինակելի նմուշը հարեւան Հրանուշի ամուսին Գեղամն էր, որն իրենց պատշգամբում գորգ էր լվանում, իսկ դրանից առաջ շուկայից էր ծանրաբեռնված վերադարձել: Ավելի բարդ է "մի քիչ սիրո" պահանջը. մի անգամ դա ընդամենը չխանդելու պահանջն է, մյուս անգամ՝ հարսանիքի սեղանի շուրջ հրապարակավ իրեն սեր բացատրելը, հաջորդ անգամ՝ եւրոպական կրուիզ տանելը:



Մի խոսքով՝ սատանան գլուխ չի հանի կանանց պահանջներից ու ցանկություններից: Իմ ընկերուհի Մարինեն, օրինակ, արցունքն աչքերին պատմում էր, թե ինչպես են ինքն ու ամուսինը հյուր գնացել նրա ընկերոջ տուն, որտեղ սեղանի շուրջ հյուրասիրվելու ժամանակ ամուսինը բոլորի ներկայությամբ դիտողություն է արել իրեն, թե՝ հերիք է ուտես, հետո մի շաբաթ սովամահ ես լինելու, որ էսօրվա տեղը հանես:



Այս դիտողությունը նրան իրենց հարաբերությունները վերանայելու ուղղությամբ հեռահար հետեւություններ անելու առիթ էր տվել՝ "ինձ չի սիրում, բաժանվելու եմ" բնույթի: Իմ մյուս ընկերուհին՝ Գոհարը, շատ նման է "Ոսկե ձկնիկի" պառավին, նրա պահանջներն աճում են երկրաչափական պրոգրեսիայով: Սկզբում նա ընդամենը փոքրիկ սեփական բնակարան էր ուզում, հետո դրան գումարվեցին ամառանոցն ու շքեղ մեքենան, ապա՝ եւրոպական ուղեւորություններն ու ոսկեղենը:



Հիմա նա իրեն դժբախտ է զգում, որովհետեւ ամուսինը մերժել է թվով երրորդ՝ 9 հազար դոլարանոց սամույրե մուշտակը գնել: Մի շաբաթ հայտարարված բոյկոտից հետո նա ամուսնուն խոշտանգելու նոր, ավելի հնարամիտ մեթոդներ է մտածում, ասենք, որոշել է մինչեւ նրա՝ աշխատանքից վերադառնալը դաժանաբար հարբել. գիտի, որ ամուսինը դա տանել չի կարողանում: Ես երբեմն սկսում եմ խղճալ տղամարդկանց՝ հասկանալ, թե ինչ է ուզում կինը, նույնն է, թե հավերժական շարժիչի գաղտնիքը պարզել: Բայց կա տղամարդու մի տեսակ, որը բնազդով զգում է, թե ինչ է հարկավոր կնոջը երջանիկ զգալու համար: Մի քիչ սեր, մի քիչ ուշադրություն, մի քիչ հոգատարություն...



Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ