Ես էլ էի խորշում հոմոսեքսուալներից

Ես էլ էի խորշում հոմոսեքսուալներից
Ես էլ ձեզանից շատերի նման երկար ժամանակ խորշում էի հոմոսեքսուալիստներից: Խորշելն այն բառը չէ՝ ատում էի, արգահատանքի, զզվանքի ու նողկանքի խառը մի զգացում էի ապրում: Իհարկե, դա բացատրում էի նրանով, որ բնությունը սեռերին ստեղծել է հավասար եւ իրար համար, կնոջ ու տղամարդու սերը նորմալ է, կնոջ ու կնոջ, տղամարդու եւ տղամարդու սերը՝ աննորմալ, անհանդուրժելի, զազրելի: Թե ինչո՞ւ՝ թերեւս կդժվարանայի բացատրել: Զզվելի է ու վերջ:



Ասենք՝ ինչու ենք զզվում որդերից, առնետներից, խխունջներից: Նույն կերպ էլ նողկալի են իրար սիրող նույնասեռ մարդիկ, մտածում էի ես: Մինչ այն պահը, երբ իմ 18-19 տարեկան դուստրն իմ գլխին մի փոքրիկ եւ ուսանելի դասախոսություն կարդաց: Մոտավորապես այս բնույթի. "Մամա, անհարմար է, դու հո վայրենի չե՞ս, մարդն իրավունք ունի ազատ ընտրության, դու տղամարդ ես ընտրում, մի այլ կին նախընտրում է կնոջ հետ ժամանակ անցկացնել, սիրել, կամ տղամարդը՝ տղամարդու, ի՞նչն է այդտեղ աննորմալ, զզվելի: Չի կարելի բոլորից պահանջել, որ քո ճաշակն ունենան, քո նախասիրությունները: Մարդն իր մարմնի ու կյանքի հետ ինչ ուզում է՝ թող անի, ինչո՞ւ է դա քեզ հետաքրքրում, ինչո՞ւ ես միջամտում նրա անձնական կյանքին":



Իհարկե, այս դասախոսությունն այդքան մեծ ազդեցություն չէր ունենա, եթե այդ շրջանում արեւմտյան կինեմատոգրաֆում ստեղծված մի քանի սիրուն ֆիլմեր չնայեի, որտեղ հոմոսեքսուալ սեր էին ցուցադրում: Ընդհանրապես՝ սիրո ցանկացած դրսեւորում գեղեցիկ է, անկախ դրա բնույթից ու առարկայից, եթե այն չեն գռեհկացնում: Այդպես կամաց-կամաց սկսեցի խաղաղ նայել հոմոսեքսուալիզմին: Հասկացա, որ կյանքում շատ ավելի զազրելի բաներ կան՝ ստորություններ, դավաճանություններ, հանցագործություններ, որոնք ավելի աններելի են ու նողկալի, քան նույն սեռի մարդկանց սերը:



Եթե իրար սիրող տղամարդիկ կամ կանայք բարոյական ու ճիշտ են ապրում, շրջապատին չեն վնասում, մթնոլորտը չեն ապականում, ապա ինչքան ուզում են՝ թող իրար սիրեն՝ ո՞ւմ են խանգարում: Հիմա ես սկսել եմ չհասկանալ հայ հանրության տոտալ անհանդուրժողականությունը հոմոսեքսուալիստների նկատմամբ: Անընդհատ ուզում եմ ասել՝ եկեք անհանդուրժող լինենք ստի, կեղծիքի, ստորության, դավաճանության, չարության նկատմամբ: Դրանք են մեզ քայքայում, վնասում, դարձնում մեռնող- չզարգացող ազգ: Իրականում հոմոսեքսուալության նկատմամբ այդ ատելությունը, որ գրեթե գենետիկ է մեզ մոտ, ընդամենը մեր հետամնացության, պահպանողականության մասին է խոսում:



Վերջապես, աշխարհը կես դար առաջ անցել է այս ճանապարհով. հոմոսեքսուալիստներին դատել են, բուժել, մեկուսացրել, քարկոծել, բայց ի վերջո հասկացել են, որ դրա դեմ պայքարել չի կարելի: Որ դա չարիք չէ: Իսկ եթե անգամ չարիք է, ապա դրա դեմ պայքարից այն ավելի է ծաղկում ու զարգանում: Այնպես որ, հանգիստ թողեք հոմոսեքսուալիստներին՝ թող նրանք սիրեն նրանց, ում ուզում են, ինչպես ուզում են: Չէ որ նրանք ձեզ չեն խանգարում, պարոնայք հետերոսեքսուալներ:

Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ