Ոչ բոլորի մոտ է ստացվում

Ոչ բոլորի մոտ է ստացվում
Ուշ երեկոյան դուռը թակում են, բացում եմ՝ կողքիս հարեւանուհին է՝ Նունեն: Մազերը գզգզված, աչքի տակը՝ կարմրած, արցունքները հեղեղի պես հոսում են աչքերից: Ի՞նչ է պատահել՝ զարմացած հարցնում եմ: "Վիգենի հետ կռվել ենք",- ասում է ու սկսում բարձրաձայն լալ: Վիգենը ամուսինն է՝ կիրթ, մտավորական մարդ, եթե ճանաչեք՝ ձեզ կթվա, թե հնարավոր չէ, որ նա կյանքում մեկի վրա ձայն բարձրացրած լինի կամ ճանճին քշա ասած: Այ քեզ բան՝ ապշում եմ ես, էս մարմնական վնասվածքներն ամուսի՞նդ է պատճառել:



Լացն ուժեղանում է: Ներս եմ տանում հարեւանուհուս եւ փորձում եմ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, եւ ինչպես կարող էին երկու կիրթ, իրար սիրող մարդիկ ձեռնամարտի դիմել: Զարմանքս ուժեղանում է, երբ իմանում եմ, որ կռվի առիթն ուղղակի չնչին մի վեճ է, աննշան միջադեպ. Նունեն փողոցում հանդիպել է կուրսընկերոջը, որին վաղուց չէր տեսել, եւ այնքան է ուրախացել, որ մի 40 րոպե կանգնել է, հետը խոսել՝ մոռանալով, որ ամուսնու հետ ժամադրված է, եւ նա Կինոյի տան մոտ իրեն է սպասում: Երբ հասել է տեղ՝ փրփրած ամուսնուն այլեւս հնարավոր չի եղել հանգստացնել:



Խոսքից՝ խոսք, բառից՝ բառ, վեճը թեժացել է, տանն արդեն "էլ գող փիսո, էլ քաչալ շուն", ու ինչ-որ պահից նյարդերը տեղի են տվել, եւ կողմերն անցել են "ըմբշամարտի": Այս պատմությունից ես, իհարկե, էլի չհասկացա, թե ինչպես կարող է 40-ամյա, 17 տարի իրար հետ ապրած ամուսինների քաղաքակիրթ վեճը վերածվել քաշքշուկի, բայց որոշեցի ծեծված ու հուզված հարեւանուհուս այլեւս չտանջել հարցերով:



Ուղղակի սկսեցի մտորել, որ այս դեպքում գործ ունեմ բանավիճելու կուլտուրայի պակասի հետ: Երեւի նաեւ նյարդային խնդիրներ կան, հոգնություն միմյանցից: Իրականում վեճի կուլտուրա մեզանում քչերն ունեն: Երբեմն ապշում ես, թե ինչպես է փոքրիկ վեճից մեծ կռիվ ծագում: Մի կաթիլ մեղրի հանճարեղ պատմությունը մեր ժողովրդի համար շատ հատկանշական է: Փաստարկներ նշելու փոխարեն մեկ էլ տեսնում ես դիմացինդ անցավ անձնական վիրավորանքների: Ընդ որում՝ մարդկանց մի տեսակ կա, որ շատ արագ հեռանում է վեճի առարկայից եւ աշխատում է ամենացավոտ տեղիդ խփել:



Դու էլ ինքնատիրապետման մեծ պաշար պետք է ունենաս, որ չտրվես նրա պրովոկացիաներին եւ իր կիրառած զենքով չպայքարես իր դեմ: Բայց վեճի կուլտուրան հատկապես անհրաժեշտ է տղամարդ-կին հարաբերություններում: Ես չեմ պատկերացնում որեւէ հարաբերություն եւ առավել եւս տղամարդ-կին հարաբերություն, որտեղ վեճի առիթներ չլինեն: Ավելին՝ ես կարծում եմ, վեճն առողջացնում է հարաբերությունները, լիցքավորում կողմերին, էներգիա տալիս: Բայց մի գլխավորը պայման պիտի վեճի մեջ սրբորեն պահես՝ երբեք սահմանը չանցնես եւ գոտկատեղից ներքեւ հարվածներ չհասցնես:



Ընդհանրապես՝ մարդկային հարաբերություններում գլխավորը կամուրջներ չայրելու ունակությունն է, որ ոչ բոլորի մոտ է ստացվում: Վեճից հետո, իհարկե, նաեւ հաշտվում են, ինչպես Նունեն ու Վիգենը, բայց նստվածքը մնում է:

Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ