8 տարվա կյանքը նրանց համոզել էր...

8 տարվա կյանքը նրանց համոզել էր...
Երբեք չեմ հասկացել այն զույգերին, որոնք անընդհատ բաժանվում-միանում են: Գուցե դա սուր զգացումներ է պատճառում, այսպես ասած, ադրենալինի հոսք, բայց ես կարծում եմ՝ սուր զգացումներ ունենալու բազում այլ եղանակներ կան, բոլորովին պարտադիր չէ բաժանվել-միանալու թատրոն բեմադրել: Թեեւ միգուցե երիտասարդ տարիքում նման խաղեր կարելի է տալ, հավանաբար պետք է շատ սխալներ անես, զուգընկեր փոխես, հեռանաս, որ հեռվից հասկանաս՝ նա քեզ պետք է, թե ոչ: Բայց երբ դա հասուն մարդիկ են անում, ինձ անհասկանալի է:



Չէ որ մարդկային կյանքը խաղալիք չէ, ոչ էլ մարդու առողջությունն է երկաթից: Մանավանդ՝ նյարդային բջիջները քայքայվելուց հետո չեն վերականգնվում: Ցանկացած նման "թատրոն" իր հետքն ու հետեւանքն է թողնում: Նույնն է, որ ապակե ծաղկամանը փշուր-փշուր անես ու մտածես, որ հնարավոր է սոսնձով ու տարբեր տեխնոլոգիաներով դրա նախնական տեսքը վերականգնել: Ճիշտ է՝ ցանկացած բուռն վեճից ու տարաձայնությունից հետո տղամարդու եւ կնոջ հարաբերությունները նորանում են, դրանցում կարող է նոր փուլ սկսվել, երկրորդ երիտասարդություն, կյանք՝ մահից հետո, բայց ես դրան չեմ հավատում: Դա գրքերում գրվող, կինոներում նկարահանվող պատմության է նման, որն իրական կյանքում կամ հազվադեպ է լինում, կամ՝ ընդհանրապես չի լինում:



Երիտասարդ զույգը, որն ամուսնությունից անմիջապես հետո երեխա էր ունեցել եւ մի քանի տարի սիրո ու ընտանեկան երջանկության օրինակելի նմուշ էր փոքրիկ քաղաքում, անսպասելիորեն բաժանվեց: Ողջ քաղաքը ամիսներ շարունակ զբաղված էր նրանց բաժանման պատմությունը ամենայն մանրամասնությամբ քննարկելով: Կարծիքները տարբեր էին՝ կանայք, որպես կանոն, կնոջն էին արդարացնում, տղամարդիկ՝ ամուսնուն:



Փորձում էին հասկանալ, թե նրանցից ով, որտեղ, ինչում է սխալվել: Եւ կինը, եւ ամուսինը սիրված էին քաղաքում, եւ բոլորն ափսոսում էին այդ զույգի համար: Որոշ ժամանակ անց քննարկումները դադարեցին, մարդիկ հանգստացան, մոռացան նրանց: Կինը սկսեց ուրիշ տղամարդու հետ հանդիպել, տղամարդը՝ ուրիշ կնոջ: Թեեւ ապրում էին մի քանի շենք իրարից հեռու եւ հաճախ էին հանդիպում, բայց ամեն մեկն ապրում էր իր կյանքով: Անցավ երկարուձիգ 8 տարի: Երեխան մեծացել էր, այլեւս իրար հետ շփվելու անհրաժեշտությունը չկար, ժամանակն ու տարածությունն իրենց դերը խաղացել էին:



Դե՝ քի՞չ զույգեր են բաժանվում եւ հեռանում: Մեկ էլ հանկարծ քաղաքով մեկ կայծակի նման լուր տարածվեց՝ միացել են: 8 տարվա կյանքը նրանց համոզել էր, որ իրենք պետք են միմյանց, որ ավելի մեծ սեր, ավելի հաջող զուգընկեր, ավելի լավ ընկերություն ձեռք բերել իրենց չի հաջողվում, եւ վերադարձել էին միմյանց մոտ: Մարդիկ ոգեւորված էին՝ կարծես մի գեղեցիկ հեքիաթ լսած լինեին, մի սիրուն պատմության մասնակից դարձած: Այնպես էին շնորհավորում իրար, այցելում նրանց՝ իրենց աչքով տեսնելու, այնպես էին ուրախանում նրանց նորացված սիրով ու երջանկությամբ, որ կարծես 8 տարի շարունակ միայն դրան էին սպասել:

Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ