Վրեժի բեռը դնում են երեխայի ուսերին

Վրեժի բեռը դնում են երեխայի ուսերին
Ես բազմաթիվ կանանց եւ անգամ տղամարդկանց եմ ճանաչում, որոնք իրենց զավակներին համարում են իրենց սեփականությունը: Ընդհանրապես՝ հայերս ապրում ենք ոչ այնքան մեր կյանքով, որքան երեխաների: Մեր չիրականացած երազանքները, անկատար ցանկությունները, չապրած կյանքը փորձում ենք փաթաթել զավակների վզին: Երբեմն ուղղակի մեղքդ գալիս է մեր երեխաներին, թե ինչքան պատասխանատվություն ու պահանջներ ենք նրանց ներկայացնում: Խոսքն անշուշտ հոգեւոր պահանջների մասին է:



Ինչ վերաբերում է նյութականին, ապա այդ հարցում էլ ենք ծայրահեղ ու սխալ՝ մինչ խոր ծերություն հոգում ենք մեր երեխաների բոլոր կարիքները եւ նրանց զրկում ինքնուրույնությունից: Բայց շատ ավելի բարդ է ամուսնալուծված ծնողների զավակների վիճակը: Եթե նրանց ծնողները բաժանվել են վաղ շրջանում, երբ երեխան փոքր է եղել, ապա նա, որպես կանոն, անհայր մեծացող եւ հոր հետ ոչ մի հոգեւոր կապ չունեցող մարդ է մեծանում:



Այդ առումով հայ մայրերն անկրկնելի են եւ միանգամայն կանխատեսելի. նրանք իրենց ողջ ատելության, ամուսնու նկատմամբ տարիներով կուտակած դժգոհության, ընտանիքի չկայացածության վրեժի բեռը դնում են երեխայի ուսերին: Նրան հիմնավորապես թունավորում հոր դեմ: Ամեն ինչ անում, որ երեխայի վերաբերմունքը հոր նկատմամբ չտարբերվի իրենց՝ նախկին ամուսնու հանդեպ ունեցած վերաբերմունքից: Այդպես վրեժխնդրության հարցը լուծված են համարում:



Այնպես որ, եթե անգամ արտաքուստ դեմ չեն լինում հոր եւ զավակի շփումներին, երեխան արդեն հորը ոչ միայն չի սիրում, այլեւ նրա հետ հարաբերություններ պահպանելու ձգտում էլ չի ունենում: Բազմիցս ականատես եմ եղել, թե ինչպես են նույն միս ու արյունից երկու մարդիկ, որ լրիվ օտար ու խորթ են իրար, քաղաքավարությունից կամ ցուցադրական հարաբերություններ պահպանելու մղումից դրդված՝ երբեմն-երբեմն հանդիպում իրար: Նման հարաբերություններում միակ պահող բանը դառնում է շահը, զավակի՝ հորից փող կորզելու, հոր՝ զավակից օր ծերության խնամք ակնկալելու հողի վրա:



Հետո՝ տարիներ անց, իհարկե, հնարավոր է, որ երեխան հորն սկսի անկախ մորից ու մոր ներարկած թույնից ընկալել ու արժեւորել, բայց դա շատ հազվադեպ է լինում եւ միայն շատ ուժեղ մարդկանց պարագայում, որոնք կարողանում են հաղթահարել մանկության կոմպլեքսները եւ մոր տարիների աշխատանքը: Ավելի հաճախ մանկությունից եկած օտարության զգացումը հոր նկատմամբ այդպես էլ ողջ կյանքում չի հաղթահարվում, եւ հայրեր-որդիներ կոնֆլիկտը առավել սուր եւ ողբերգական դրսեւորումներ է ունենում:



Դժվար է ասել, թե կանայք ինչ են շահում զավակներին հայրերի դեմ թունավորելուց. գուցե դա ընդամենը ենթագիտակցության մակարդակով է տեղի ունենում՝ առանց որեւէ նպատակի: Բայց վստահաբար կարելի է պնդել, որ դրանից ոչ միայն նրանց զավակներն են տուժում՝ հոր սիրո ու ջերմության զգացում երբեւէ չզգալու իմաստով, այլ նաեւ իրենք: Չէ որ թույնի ու վրեժի զգացումի մեջ ապրելը չի կարող դրական ազդել ոչ մեկի վրա:



Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ