Ինձ հետապնդում է մեղքի զգացումը

Ինձ հետապնդում է մեղքի զգացումը
Ողջ կյանքում ինձ հետապնդում է անորոշ ու անբացատրելի մեղքի մի զգացում, որից ոչ մի կերպ ազատվել չեմ կարողանում: Մեղավոր եմ զգացել ծնողներիս առաջ: Ինձ թվացել է, թե, այնուամենայնիվ, ես նրանց հույսերը չեմ արդարացրել. այնքան լավ զավակ չեմ եղել, որքան իրենք են ինձ լավ ծնողներ եղել: Թեեւ կարող էի: Հետո ես ինձ մեղավոր եմ զգացել զավակներիս առաջ: Ինձ թվացել է՝ ես կարող էի ավելի լավ մայր լինել, ավելի շատ տալ նրանց, ավելին անել, քան արել եմ: Որ նրանք ինձ ավելի լավ զավակներ են, քան ես նրանց՝ մայր: Թեեւ կարող էի լինել իդեալական:



Շարունակ ինձ մեղավոր եմ զգացել իմ կողքի տղամարդկանց առաջ: Նրանք տարբեր են եղել, իմ մեղքի զգացումը՝ նույնը: Ինձ թվացել է՝ ես նրանց հուսախաբ եմ արել, լքել եմ, դավաճանել եմ, չեմ արդարացրել նրանց սպասելիքները: Կարող էի, չէ՞, ավելի լավ կին լինել, ավելի նվիրված, ավելի սիրող, ավելի հոգատար: Չեմ եղել: Ինչ-որ բան պակաս եմ արել, կիսատ ու թերի: Իմ փոքրիկ վիրավորանքները ներսումս մեծացրել եմ, դարձել դրանց գերին, դրանցով առաջնորդվել: Այս մեղքի զգացումն էլ ինձ հանգիստ չի տալիս:



Ինձ մեղավոր եմ զգում այն կնոջ առաջ, որին մեկ կամ երկու անգամ եմ կյանքումս տեսել, ու թվում է՝ ոչ մի վատ բան չեմ արել, բայց մեղավոր եմ: Թեեւ՝ հաստատ նա ինձանից ավելի երջանիկ է, եւ ինչ-որ չափով ինքն է իմ տեղը զբաղեցնում, այլ ոչ ես՝ նրա: Բայց մեղավոր եմ նրա առաջ՝ նրա երջանկությանը նախանձելու, նրա նկատմամբ ոտնձգության, ունեցածին աչք դնելու համար:



Մեղավոր եմ Նրա առաջ: Նրա կյանքը մխրճվելու, կամաց-զգուշորեն տեղավորվելու, ապա ուրիշներին դուրս մղելու: Հետո մեծ պահանջներ ներկայացնելու, իր տվածով չբավարարվելու, իմ տվածն իր տվածի հետ շարունակ չափ ու կշեռքի վրա դնելու: Անառիթ դժգոհությունների, անհասցե բողոքների, անչափ սիրո, վայրիվերո հույզերի, հորինած-չափազանցրած վիրավորանքների համար:



Վերջապես՝ մեղավոր եմ, Տեր իմ, քո առաջ: Այն մեղքերի, սայթաքումների համար, որ թույլ եմ տվել կյանքիս ընթացքում: Այն կասկածների համար, որ ունեցել եմ քո գոյության վերաբերյալ: Այն աթեիզմի համար, որ արյան հետ սողոսկել է մեջս: Այն չարության համար, որ պարբերաբար գլուխ է բարձրացնում իմ մեջ: Բամբասելու, զրպարտելու, խանդելու, ատելու, անիծելու համար: Թեեւ, խոստովանեմ, ակամա եմ արել՝ անգիտակցաբար: Ես գիտեմ, որ կարող էի շատ ավելի լավը լինել՝ ավելի բարի, ավելի մարդկային, ավելի օգտակար: Չեմ եղել: Այնքան չեմ եղել, որքան կարող էի:



Այս անափ մեղքի զգացումի մեջ ապրելն էլ, մեր մեջ ասած, մեղք է: Կնշանակի՝ Աստծու տված կյանքը չես վայելում, այլ մեղսավորի քո հոգեվիճակով, ճգնավորի քո զգացողությամբ Տիրոջ կողմից քո վրա դրված առաքելությունը չես կատարում: Իսկ նա կարող է ասել՝ ուրեմն ինչո՞ւ քեզ կյանք պարգեւեցի, ու կարող է ետ առնել իր իսկ տվածը: Այնպես որ, ազատվել է պետք այս մեղքի զգացումից:

Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ