Կույր սեր

Կույր սեր
Ինձ միշտ զարմացրել է, թե ինչպես են երկու իրար սիրող մարդիկ, որ թվում է՝ առանց իրար ապրել չեն կարող, կարճ ժամանակ անց մի անասելի ատելությամբ ու զզվանքով լցվում միմյանց հանդեպ: Այդ ի՞նչ փոփոխություն է կատարվում նրանց հոգիներում, կամ՝ այդ ինչքա՜ն վատ են սկզբում իրար ճանաչել, որ մի քանի ամիսը կամ տարին բավական է լինում իրարից հազարավոր մղոններով հեռանալու եւ հանդիպման օրն անիծելու համար: Ինձ միշտ զարմացրել է "կույր սեր" արտահայտությունը, բաց աչք եւ արթուն միտք ունեցող մարդն ինչպե՞ս կարող է կուրորեն սիրել՝ առանց զգալու, բացատրելու, պատճառաբանելու իր սերը: "Կույր սերն" արդյո՞ք կույր մտքի ու սաղր խելքի վկայություն չէ:



Ինձ միշտ զարմացրել է, որ մարդիկ առանց ստուգելու իրենց զգացմունքները, առանց երկար-բարակ մտածելու՝ ամուսնական առագաստ են մտնում եւ իրար ետեւից մի քանի երեխա ունենում: Հետո ողբերգության զոհ են դառնում ոչ միայն իրենք ու իրենց ավերված զգացմունքները, այլեւ ոչ մի մեղք չգործած զավակները: Ինձ նաեւ զարմացնում է, թե ինչպես է կենցաղը խժռում մարդկանց, դարձնում մանրախնդիր, հիստերիկ, ճղճիմ ու ագրեսիվ: Մի քանի ամիս առաջ ռոմանտիկ ու սիրահարված էակները դառնում են այդ կենցաղի գերին, սկսում են հաշվել, թե ով ինչ ֆիզիկական աշխատանք արեց տանը, ով քանի կոպեկ աշխատեց ու ծախսեց, ում հարազատներն են ավելի շռայլ եւ ուշադիր, ում ընկերներն են ավելի շատ ուտում եւ հյուր գալիս եւ այլն:



Մարդն ընդհանրապես հոգնող էակ է. նրան արագ հոգնեցնում են իր երբեմնի սիրելի կերակուրները, հաճելի զբաղմունքները, հարազատ մարդիկ: Մի տգեղ անեկդոտ կա՝ երբ շատ գեղեցիկ կնոջը տգեղի հետ դավաճանող ամուսինն արդարանում է. "Ամեն օր տորթ չես ուտի, երբեմն էլ սիրտդ սալյանկա է ուզում": Բայց խնդիրը ոչ այնքան հոգնության ու ձանձրույթի մեջ է, որքան մարդկային հարաբերությունների կուլտուրայի, դիմացինին հասկանալու, նրա աչքերով աշխարհին ու քեզ նայելու:



"Ես քեզ հազար անգամ ասել եմ՝ եղունգներդ մի կրծի"՝ ջղաձգվող դեմքով կնոջն է դիմում ամուսինը: "Ես էլ քեզ հազար անգամ խնդրել եմ՝ գուլպաներդ բարձի տակ մի խցկի", արժանին է վերադարձնում կինը: Թվում է, աննշան երկխոսություն է, որ բոլոր ընտանիքներում էլ կարող է պատահել, բայց արդյո՞ք հենց նման երկխոսություններով չենք մաշում մեր սերը, խաչ քաշում զգացմունքների ու ռոմանտիզմի վրա, որի կարիքն այնքան ունենք բոլորս: "Լավ, դժվա՞ր է ձուկ ուտելուց հետո ձեռքերն օճառով լվանալը", ասում է կինը՝ անկողին մտնելուց առաջ զզվանքով դեմքը կնճռոտելով ու մեջքով դեպի ամուսինը շրջվելով:



Իսկ երբ ամուսինը շաբաթներով այլեւս նրան մոտ չի գալիս, հարց է տալիս՝ ի՞նչ է պատահել, ինձ այլեւս չե՞ս սիրում: Ինչպե՞ս համատեղել "ձկան հոտն" ու նրբանկատությունը, նկատողությունն ու ռոմանտիզմը: Ինչպե՞ս անել, երբ չես կարող նկատողություն չանել, իսկ ամեն նկատողությունից զգացմունքները մաշվում են՝ իրենց տեղը զիջելով կենցաղին, սովորույթին ու անսեր հարմարավետությանը:



Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ