Սեռական ոտնձգություն` շեֆի կողմից

Սեռական ոտնձգություն` շեֆի կողմից
Սեռական ոտնձգություններից ամենատհաճը շեֆի կողմից հետապնդվելն է: Չէ, իհարկե, որոշ կանայք իրենց մեջ ուժ են գտնում՝ նրան "տեղը դնելու", բայց դե, աշխատանք գտնելն այնքան էլ հեշտ չէ, եւ շատ-շատերն ուղղակի հանդուրժում են, մի կերպ դիմանում կամ էլ հնազանդվում նրա սեռական քմահաճույքներին՝ աշխատանքը չկորցնելու վախից: Մի քանի օր առաջ մի հսկա կառույցի աշխատակցուհիներից մեկը պատմում էր, թե մի քանի ամիս առաջ նշանակված իրենց շեֆն արդեն հասցրել է հիմնարկի բոլոր քիչ թե շատ սիրուն կանանց անկողին քարշ տալ: Ասում են՝ այս արուն այնքան անամոթ է, որ շատ հեռու չի գնում՝ օրը մեկին իր հանգստյան սենյակ է հրավիրում եւ հենց տեղում հարցերը լուծում:



Կանայք ուղղակի կրակն են ընկել սրա ձեռքին: Եթե մի քանիսին հաճելի է շեֆի "ուշադրությունը", ապա մյուսները չգիտեն ինչպես մերժեն, եւ մերժելու դեպքում ինչ կկատարվի իրենց հետ: Նման մի պատմություն էլ պատմեցին քաղաքի հարուստ խանութների ցանցի սեփականատիրոջ մասին, որը հերթով իր բոլոր վաճառողուհիների հետ քնում է, իսկ նրանք, ովքեր հրաժարվում են, անմիջապես ազատվում են աշխատանքից: Կասեք՝ կանայք խեղճ են, իրենց իրավունքները պաշտպանել չգիտե՞ն: Չեմ կարծում, որ դա է պատճառը: Իսկ ինչ է՝ տղամարդիկ կարողանո՞ւմ են պաշտպանել: Թեեւ, իհարկե, մենք ապրում ենք տղամարդկային հասարակության մեջ, որտեղ իշխողը արուն է՝ ֆիզիոլոգիական տեսակի իմաստով: Աշխարհում վաղուց սկսել են իշխել խելքը, գրագիտությունը, մասնագիտական ունակությունները, իսկ մեզանում տղամարդուն ի ծնե, ի բնե գերադասում են կնոջից:



Տղամարդ ծնվելու փաստն արդեն իսկ արտոնություն է նրանց տալիս: Աշխատող ընտրելիս նախընտրում են տղամարդուն, կրճատելիս՝ կնոջը: Տղամարդն ավելի հեշտ է աշխատանքային կարիերա անում, առաջընթացի հասնում, քան կինը: Բարդ աշխատանքը նախընտրում են վստահել տղամարդուն: Եւ այդպես շարունակ: Մինչդեռ կյանքը ցույց է տալիս, որ կանայք ավելի ճկուն են, ավելի վստահելի, ավելի արագաշարժ, ավելի նվիրված, ավելի նպատակասլաց: Միեւնույն ժամանակ, նրանց համար ավելի դժվար է աշխատանքին անմնացորդ նվիրվելը՝ ընտանիքի հոգսերը թույլ չեն տալիս: Այն ժամանակը, որ կինը նվիրում է ընտանիքին՝ երեխա ունենալուց սկսած, վերջացրած կենցաղային հոգսերով, եթե տրամադրեր աշխատանքին, ապա պատկերացրեք, թե ինչ աշխատանքային հաջողությունների կհասներ, ինչքան օգտակար կլիներ, ինչ ստեղծագործություններ կստեղծեր, ինչ գյուտեր կաներ:



Եւ ընդհանրապես՝ աշխարհն ինչքան ավելի ճիշտ ու լավը կլիներ: Երբ իրենց սեռի գերազանցությունից մեծամտացած որոշ տղամարդիկ կին-տղամարդ համեմատությունն անելիս հարցնում են՝ իսկ ի՞նչ են ստեղծել կանայք, ի՞նչ են տվել աշխարհին, ես պատասխանում եմ՝ միայն այն, որ կանայք հանդուրժում են ձեզ, ստեղծել ու ստեղծում են միջավայր, որտեղ դուք կարողանում եք ազատ ապրել ու ստեղծագործել, մարդկության վերաարտադրությունն են ապահովում, բավական է, որ նրանք ուրիշ ոչինչ չանեին: Բայց անում են՝ մնալով ստվերում, բավարարվելով քչով, չընդգծելով ու տղամարդկանց աչքը չմտցնելով իրենց արածը:



Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ