Մեր երկրում հաջողակները, որպես կանոն, սրիկաներն են

Մեր երկրում հաջողակները, որպես կանոն, սրիկաներն են
Անկեղծ ասած՝ հոգնել եմ թույլ, խեղճ, անհաջողակ տղամարդկանցից: Հա, իհարկե, նրանց կարելի է կարեկցել, մխիթարել, դուխ տալ, ամեն ինչ անել, որ հաղթահարի դեպրեսիվ վիճակը, բայց ինչ-որ պահից դա ուղղակի անտանելի է դառնում: Սկսում ես մտածել՝ լավ, ինչով եմ արժանացել այս բախտին, որ ինձ միայն տխուր, լալկան տղամարդիկ պետք է «ռաստ» գան: Որ պետք է օգտվեն իմ բարյացակամությունից ու ինձ որպես հոգեբան օգտագործելով՝ խոշտանգեն իրենց նյարդային, ֆինանսական, աշխատանքային խնդիրներով:



Ճիշտ է՝ մեր երկրում հաջողակները, որպես կանոն, սրիկաներն են ու կոռումպացվածները, բայց երբեմն այնքան ես հոգնում այս խեղճուկրակ, անհաջողակ ու անփող ինտելիգենտներից, որ ուզում ես հենց այդ սրիկաների գիրկը նետվել: Գոնե լաց չեն լինի, չեն բողոքի իրենց չստացված կյանքից ու չգնահատվածությունից, գոնե փող կունենան ու սուրճ պատվիրելիս վախվորած հայացքով չեն նայի՝ սպասելով, թե հանկարծ սուրճից բացի ինչ-որ ուրիշ բան էլ չպատվիրես:



Ահա այս մեկը, օրինակ՝ առողջ, տեսքը տեղը, խելքը տեղը տղամարդ է, բայց այդպես էլ չկարողացավ այս կյանքում իր տեղը գտնել՝ անընդհատ դեգերումների մեջ է, անընդհատ անփող, կիսամաշ շորերով ու ծեծված շան հայացքով: Այս մյուսն իբր աշխատանք ունի, բայց հենց բերանը բացում է՝ դժգոհությունների հեղեղ է թափում, թե իր նման տաղանդավոր, իր նման խելացի ու լավ մասնագետն ինչպես է բավարարվում այդ աննշան պաշտոնով:



Երրորդը ոչ մի կերպ չի կարողանում գտնել իր կյանքի ընկերոջը եւ դա բացատրում է իր անկրկնելիությամբ եւ իրեն հանդիպած կանանց գորշությամբ: Դեմ չեմ՝ կարդացած, գրագետ մարդ է, հետաքրքիր զրուցակից, բայց տասնյակ ուրիշ թերություններ ունի՝ սկսած մարդկանց լսելու ունակության բացակայությունից, վերջացրած գլուխը պատեհ-անպատեհ քորելու սովորույթով: Ես սկսել եմ կասկածել նաեւ նրա մտավոր ունակություններին՝ միթե խելացի մարդը ամուսնանալիս սրբապատկեր է ընտրում, կամ՝ ի՞նչ է նշանակում անթերի կին:



Այս տեսակն իր անսեր, անկիրք, հաշվենկատ ընտրությունը փորձում է բացատրել ինչ-որ վեհ բառերով, իրականում զգացմունքի ու ոգեւորության պակաս կա՝ ուրիշ ոչինչ: Այս մյուսն ընդհանրապես անհասկանալի տիպար է՝ մելանխոլիկ ու հոգնած: Ոչ մի հաջողություն, ոչ մի ուրախություն, ոչ մի իրադրություն նրան այդ վիճակից ունակ չէ հանելու: Ծանր, թթվի քարի պես շնչիդ վրա նստած տղամարդուց վատ բան չկա: Երբ շարունակ մտածում ես՝ ինչպես նրան հանես այդ վիճակից, ինչպես կենսուրախություն ներշնչես, ապրելու, արարելու ուժ ներարկես: Փորձում ես այս կերպ՝ չի ստացվում, փորձում ես այլ կերպ՝ զրո արդյունք:



Ի վերջո հոգնում ես ու որոշում ուղարկել գրողի ծոցը, թող տառապի իր մղձավանջներից, միայն ինձնից հեռու: Այդ տեսակը անասելի ուժ ու էներգիա է քեզնից կորզում: Ես դրանց անվանում եմ վամպիրներ: Դրա համար էլ որոշել եմ գործ ունենալ միայն ապահովված ու հոռացած տղամարդկանց հետ, գոնե սրանց արցունքները սրբելու կարիք չես ունենա:

Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ