Ընտրություն սեփական երկրի եւ իշխանության միջեւ

Ընտրություն սեփական երկրի եւ իշխանության միջեւ
Ներսի պատերազմը՝ իշխանությունը պահելու առումով, կարծես թե հաջողվում է վարել: Կորուստներով, մարդկային ու հոգեւոր արժեքների կորստով պահվում է իշխանությունը: Իսկ դրսի պատերազմն ասես մոռացվել է. նույնիսկ զարմանում ենք՝ ինչո՞ւ պատերազմական իրավիճակում սիրիահայերի երկու տոկոսն է ուզում Հայաստան գալ: Մոռացել ենք, որ Հայաստանում պատերազմը չի ավարտվել, եւ վաղը կամ մյուս օրը կարող ենք հայտնվել առավել վատթար իրավիճակում, քան սիրիահայերն են: Մտորումներիս առիթը մտերիմներիցս մեկի զրույցը եղավ. «Էդ սիրիահայերից մեկնումեկի հետ կուզեի տունս փոխանակել ու փախչել Հայաստանից»: Առաջին պահին դա որպես կատակ ընդունեցի, հետո, խոսքի լրջությունը պարզելով, բարկացա.  «Ուրիշներն էնտեղից են փախչում, դու այնտեղ գնա՞լ ես ուզում»: «Ի՞նչ կա որ,- կտրեց կարճ,- մեռնում, մեռնում եմ, մեկին լավություն արած կլինեմ»: Հասկանում եմ նրան. գիտական աստիճան ունի ու չի աշխատում: Հաշմանդամության մի երկու կոպեկ թոշակ է ստանում, ու եթե դա կարելի է ապրել համարել, ապրում է, իսկ իր բառերով՝ մեռնում…



Կարծես թե գտա այն հարցի պատասխանը, թե ինչու սիրիահայության չնչին տոկոսն է անգամ արհավիրքի պայմաններում նախընտրում Հայաստան գալ: Հավանաբար, այստեղից յուրաքանչյուր արտագաղթող պատմում է հայ ժողովրդի «երջանիկ» կյանքի մասին… Հայաստանը տնտեսական ծանր պատերազմի մեջ է, Հայաստանը բարոյական ծանր ճգնաժամի մեջ է, իսկ դա պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար վտանգավոր է, ու իրական քայլեր են պետք: Ներսի պատերազմը կազմալուծել է երկիրը, որն իր ետեւից քարշ է տալիս տնտեսության լեշը…



Ո՞ւմ ենք խաբում՝ մե՞զ, թե՞ սփյուռքահայերին, որոնց «Արի տուն» ենք կանչում՝ տունտունիկ խաղով: Իշխանությունը երկիրը պահելու, արտաքին վտանգներին դիմակայելու համար է, իշխանությունը նվեր չէ, լոտոյով շահում չէ, զենք չէ, ժողովրդին ճնշելու միջոց չէ, հարստանալու միջոց չէ: Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ինստիտուտի տնօրեն Սվանթե Քորնելի կարծիքով՝ միջազգային հանրությունը որեւէ նշանակալից ջանք չի գործադրում արցախյան հակամարտությունը լուծելու ուղղությամբ, իսկ երկու պետություններում ստեղծվող ներքին իրավիճակի պատճառով վեճը կարող է լայնամասշտաբ հակամարտության վերածվել. «Նման իրավիճակը չի կարող անվերջ շարունակվել, եւ կգա այն պահը, երբ ինչ-որ բան դուրս կգա վերահսկողությունից: Այս հակամարտությունը ժամանակային ռումբ է, եւ, կարծում եմ, որ որոշակի պահի այն կվերածվի զինված նոր հակամարտության» («Ամերիկայի ձայն»):



Նույն աղբյուրը մեջբերում է Ադրբեջանի բարձրաստիճան օրենսդիր, երկրում կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցության անդամ Մուբարիզ Գուրբանլիի խոսքը, համաձայն որի՝ «Ադրբեջանն օգտագործում է տնտեսական իր լծակները՝ Հայաստանին խաղաղություն պարտադրելու նպատակով, ինչը կատարվում է տնտեսական հյուծման եւ տարածաշրջանային կարեւոր նախագծերից դուրս թողնելու միջոցով»: Քորնելի՝ ժամանակային ռումբի պայթյունավտանգ վիճակը հենց իր իսկ բառերով բնութագրվում է. Ադրբեջանի եւ բնական հարուստ ռեսուրսներ չունեցող Հայաստանի միջեւ տնտեսական անհավասարակշռությունն արագորեն մեծանում է:



«Առկա են թույլ Հայաստանն ու, ամենայն հավանականությամբ՝ ռեւանշիստական Ադրբեջանը»:



Արտաքին ճնշումներին Հայաստանը կարող է դիմակայել միայն ժողովրդի վստահությամբ ու աջակցությամբ, ինչը բացակայում է: Երկրում տիրող տնտեսական ու բարոյահոգեբանական ծանր վիճակը պետք է ստիպի նախագահին՝ ընտրություն կատարելու սեփական երկրի եւ սեփական իշխանության միջեւ: Ժողովուրդն այլեւս չի կարող տանել կառավարության եւ նախագահականի շենքերի առաջ ողբացող մայրերի, խաբված մարդկանց: Ժողովուրդը իշխանություն չի տվել, որպեսզի ճնշվի նրա ձայնը, որպեսզի սեփական երկրում օտարի պես ապրի: Իշխանության վերարտադրությունը կլինի այն վերջին զարկը, որը կհասցվի երկրին:



 Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ