Պայքար հանրային տարածքների դեմ

Պայքար հանրային տարածքների դեմ
Ժամանակին Մելիք-Ադամյան փողոցը բոլորովին այլ տեսք ուներ: Կառավարության նիստերի դահլիճի մուտքի դիմաց բաց, ազատ տարածք էր: Միայն «Ազգի» քառահարկ շենքն էր խորքում՝ Հանրապետության փողոցի վրա: Երբ Թումանյան փողոցի վրա գտնվող Հանրապետական կուսակցության գրասենյակը քանդեցին, եթե հիշում եք` այն այսօրվա Հյուսիսային պողոտայի սկզբնահատվածում էր գտնվում, որոշեցին, որ կուսակցության գրասենյակը կառուցելու են հենց այստեղ՝ Մելիք-Ադամյանի վրա:



Այն ժամանակ արդեն Հանրապետականն իշխող կուսակցություն էր, եւ նրան միայն Հանրապետության հրապարակի մերձակա տարածքն էր վայել: Ճարտարապետների առարկությունները, որ հանրային տարածքում չի կարելի ոչինչ կառուցել, ոչ ոք բանի տեղ չդրեց: Անկեղծ ասած՝ նրանք առանձնապես ակտիվ չառարկեցին էլ: Բնապահպանական շարժումներն էլ դեռ չկային, ուստի արագորեն այստեղ վեր խոյացավ այսօրվա ՀՀԿ գրասենյակը:



Այժմ արդեն Մելիք-Ադամյան փողոցի վրա ասեղ գցելու տեղ չկա՝ Հանրապետականն իր գրասենյակն է ընդլայնում. իշխող կուսակցությանն ընդարձակվելու տեղանք է անհրաժեշտ: Կողքից այլեւայլ շինություններ վեր բարձրացան, եւ երեւանցին հրաժեշտ տվեց եւս մի հանրային տարածքի: Այսօր Երեւանի կենտրոնում արդեն մի ափաչափ տարածք չի մնացել, որպես հանրային տարածք: Դրանից էլ՝ այս անտանելի տապն ու անօդ տարածքը, որտեղ բուսականությունն օրեցօր նոսրանում է, փոշին ու աղբը լցվում են բնակարանները: Երբ քամի է բարձրանում, ոչ թե զով է տարածվում, այլ ավազն ու մոմլաթե տոպրակներն են պարում օդում:



Եվ այս վիճակում, փոխանակ ամեն մի դեռ ազատ մնացած սանտիմետրն օգտագործեն ծառ ու ծաղիկ աճեցնելու համար, նորից կառուցապատման նախագծեր են ասպարեզ հանում: Հիմա էլ թատրոնի անվան տակ են ուզում պուրակի փոխարեն շենք կառուցել: