ՀԱԿ-ը նորի՞ց կվերադառնա հրապարակ

ՀԱԿ-ը նորի՞ց կվերադառնա հրապարակ
Թե ինչպես են ՀԱԿ-ում Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրման որոշումից հետո հաղթահարելու համակարգային ճգնաժամը եւ պայքարելու երկրում սահմանադրական կարգի հաստատման եւ ավազակապետական ռեժիմի կազմաքանդման դեմ, զրուցեցինք ՀԱԿ մաս կազմող Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) անդամ Գրիգոր Հարությունյանի հետ:



 



 



Ի դեպ, նա չի ցանկանում մեկնաբանել լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը ՀԱԿ-ի՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքը տեսնում է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից ազատվելու մեջ: «Երբ տեսակետը պաշտոնապես ներկայացվի, այդ ժամանակ կխոսենք»: Ավելին, Գրիգոր Հարությունյանը ճիշտ է համարում նաեւ ՀԱԿ-ի՝ նախագահական ընտրությունների վերաբերյալ կայացրած որոշումը՝ չառաջադրել եւ չսատարել որեւէ թեկնածուի, այդ թվում ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանին, եւ համարում է, որ այդ որոշումը չի կարող ճգնաժամ առաջացնել ՀԱԿ-ում:



 



- Այս առիթով ես կարծիք հայտնել եմ եւ համոզված եմ, որ ընտրությունները ընտրություն չեն լինելու, դա սոսկ միջոցառում է, ավելին՝ կարծում եմ, որ ոչ մեկը չպետք է մասնակցեր, եւ Սերժ Սարգսյանը ընտրության գնար միայնակ: Անիմաստ է, որովհետեւ մեր երկրում ընտրություն չի լինում, որովհետեւ երկրում 1.6 մլն ընտրող չկա, ինչպես ներկայացվում է, եւ շատ այլ հարցեր կան, որոնք անիմաստ են դարձնում ընտրություններ անցկացնելը:



 



- Իսկ ի՞նչ կստանաք ընտրություններին չմասնակցելով:



 



- Դե դա անիմաստ է՝ ընտրություններին մասնակցելը, էլ ի՞նչ հարց կա:



 



- Չե՞ք կարծում, որ ՀԱԿ-ի՝ վերջին մեկ տարվա գործողություններն էին չտրամաբանված, բոլոր քայլերը տանում էին նախագահական ընտրությունների, միասնական թեկնածուի կամ այլ տեսքով, բայց վերջում որոշում կայացվեց չմասնակցել: Իսկ եթե Տեր-Պետրոսյանը հակառակը որոշեր, նորի՞ց անիմաստ էիք համարելու:



 



- Չէ, ես ինչ եմ ասում… Լեւոն Տեր-Պետրոսյանը չմասնակցեց, դա իր անձնական որոշումն էր: Ես էլ իմ անձնական կարծիքն եմ ասում, ընտրություններով հնարավոր չէ իշխանափոխություն իրականացնել: Իմ ամբողջ այս տարիների փորձը ցույց է տալիս, որ մեր երկրում ոչ համապետական, ոչ ՏԻՄ ընտրություններ, որպես այդպիսին, տեղի չեն ունենում: Եվ փորձել ընտրությունների միջոցով ձեւավորել իշխանություն, պարզապես անիմաստ է:



 



- Այսինքն, անիմա՞ստ էր, որ ՀԱԿ-ը մասնակցեց խորհրդարանական ընտրություններին:



 



- Իմ անձնական կարծիքով, դա էլ ընտրություն չէր, ես ինքս ՀԱԿ ընտրացուցակում եղել եմ, բայց այդպես եմ կարծում: Պետք չի ուղղակի, դրանք ընտրություններ չեն, չի կարելի… պիտի բոյկոտել բոլոր դեպքերում՝ լինի խորհրդարանական, նախագահական: Կարեն Դեմիրճյանն ընտրվեց, թույլ չտվեցին նստի աթոռին, Ստեփան Դեմիրճյանն ընտրվեց, կրկին թույլ չտվեցին, Սերժ Սարգսյանը չընտրվեց, նստեց աթոռին, չեմ ասում, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց, բայց գոնե երկրորդ փուլ պետք է լիներ:



 



- Պարոն Հարությունյան, այն ժամանակ, երբ ՀԱԿ-ը շարժվում էր դեպի ընտրություններ, ինչո՞ւ չէիք բարձրաձայնում, որ ընտրություններով հարց չի լուծվում:



 



- Որտեղ որ պետք է, ես բարձրաձայնել եմ, խնդրում եմ ինձ նման հարցեր մի տվեք:



 



- Այդուամենայնիվ, չե՞ք կարծում, որ ՀԱԿ առաջնորդի չառաջադրվելու որոշումը ՀԱԿ-ում ճգնաժամ է առաջացրել, օրինակ, ՀԱԿ-ն ինչպե՞ս է պատրաստվում այսուհետ պայքարել իր նպատակի՝ ավազակապետությունը կազմաքանդելու համար:



 



- Դեռ չենք քննարկել:



 



- Իսկ ուղիներն ինչպե՞ս եք պատկերացնում:



 



- Համենայնդեպս՝ ոչ ընտրություններով: Պետք է ամեն դեպքում լուրջ շարժում լինի մասսաների, եւ ստիպեն իշխանություններին, որ նրանք նորմալ արտահերթ  ընտրություններ անցկացնեն, հերթական ընտրություններով ոչինչ չի լինի:



 



- Այսինքն չեք բացառում, որ առաջիկա ամիսներին ՀԱԿ-ը կրկին «ազատության հարթակ» կվերադառնա:



 



- Քաղաքականության մեջ ոչինչ պետք չէ բացառել: