ՀՀԿ-ն ի՞նչ երեսով է ներկայանալու ՀՀ ընտրողին

ՀՀԿ-ն ի՞նչ երեսով է ներկայանալու ՀՀ ընտրողին
Հունվարի 21-ից մեկնարկելու է նախագահի թեկնածուների քարոզարշավը: Թեեւ մրցակցային դաշտն ամայացած է, եւ պայքար, որպես այդպիսին, չկա,  բայցեւայնպես, ՀՀԿ-ում ակտիվորեն պատրաստվում են քարոզարշավին: Այստեղ որոշել են ավելի շատ շեշտադրումներ անել էսթետիկայի ուղղությամբ՝ եվրոպացիներին ապացուցելու համար, որ մեզ մոտ ընտրությունները ոչ միայն «թափանցիկ ու ազնիվ» են, այլեւ բծախնդրորեն  կազմակերպված:



 



Երեկ այս կապակցությամբ ՀՀԿ շտաբը նիստ էր հրավիրել եւ քննարկել նախապատրաստական աշխատանքների հարցը: Որոշվել է, որ, անկախ ամեն ինչից, նախագահի թեկնածուն պետք է ընտրողին ներկայանա իր արած աշխատանքով: Թե ինչ են ներկայացնելու ցածր կենսամակարդակ եւ արտագաղթի ահագնացող չափեր ունեցող երկրում, մեզ հետ զրույցում պատմեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Նա չի թաքցնում,  որ կան թերություններ, բայց խուսափում է դրանք մատնանշելուց. «Մենք ունենք շատ թերություններ, շատ առաջընթացներ, էնպես որ, պատրաստ ենք քարոզարշավն ամբողջությամբ իրականացնելու»:   Կմատնանշե՞ք այդ թերություններից մի քանիսը՝ հարցրինք պրն Սահակյանին: «Ես կարծում եմ, որ ես ասում եմ՝ մեր թերությունները, նկատի ունեմ ինձ, քեզ, ժողովրդին: Մեր թերությունները պարզ կուսակցական խողովակով չենք նայում, ընդհանուր գլոբալ ծրագրեր ունենք, որ կներկայացնենք ժողովրդին»:



 



Հիշեցրինք, որ 2008-ի իրենց ծրագրում նշված էր, թե կրկնապատկելու են ժողովրդի եկամուտը, հետեւաբար՝ սոցիալական վիճակը, սակայն դա էլ, ի թիվս այլ խոստումների, մնաց  թղթի վրա: «Եթե քաղաքական գրագիտություն ունեցող անձանց հարցնեք, անպայման այդ հարցին կպատասխանեն: Այդ ծրագիրը երբ կառուցվում է, հաշվի չի առնվում տարբեր տիպի ֆորսմաժորային իրավիճակներ: Կոնկրետ այդ հարցում խնդիր ունեցավ ամբողջ աշխարհը, զերծ չմնաց նաեւ Հայաստանը»,-արդարացավ մեր զրուցակիցը: Ամեն դեպքում, ի՞նչ բարեփոխումներով է ՀՀԿ-ն հպարտանալու ընտրողի առաջ: 



 



Գրիգորիչը որեւէ օրինակ չնշեց, մեջտեղ բերեց  իրենց լիդերի հեղինակությունը. «Ես կարծում եմ, որ Հանրապետականը խնդիր չունի համոզելու: Ավելի բարձր է մեր լիդերի հեղինակությունը, քան կարող էր ունենալ Հանրապետական կուսակցությունը»: Իսկ եթե մրցակիցներ ունենային, ինչպես ունեցան մայիսի 6-ի ընտրություններում, արդյո՞ք հաղթանակ կարձանագրեին: «Իսկ ի՞նչ եք մտածում՝ հայ ժողովուրդը հարթ ուղեղների ժողովուրդ չի, տարբեր մտածողության ժողովուրդ է, բնականաբար, եւ ուզողներ ու չուզողներ ունենք, եւ գնահատողներ, եւ չգնահատողներ, մեր գնահատողները բավականին շատ են: Ես կարծում եմ՝ թեկնածուների առումով… մենք թեկնածուներ ունենք, որոնք քաղաքական ճանապարհ են անցել: Եթե ՀՀԿ-ն ավելի հզոր է, դա չի նշանակում, որ մնացածն անզոր են: Մրցակից ենք համարում բոլորին»: