Ազնիվ խաղի կանոններով

Ազնիվ խաղի կանոններով
Քոչարյանի եւ Տեր-Պետրոսյանի չառաջադրումը փոխպայմանավորվա՞ծ է Սերժ Սարգսյանի հետ: Չի բացառվում: Լեւոն Տեր-Պետրոսյանի այն կեսկատակ հայտարարությունը, թե դեռ չի կողմնորոշվել եւ սպասում է դրսի կենտրոնների որոշմանը, ինչպես նաեւ Քոչարյանի, դարձյալ կեսկատակ, խոսքը, թե իր սկզբունքներին դեմ է ղարաբաղցու դեմ թեկնածություն դնելը, իրենց մեջ հուշումներ են պարունակում այն մասին, որ այդ երկու հայտարարությունների միջեւ ընկած ժամանակահատվածում էլ հենց, հնարավոր է, ձեռք է բերվել մեր նշած պայմանավորվածությունը:



 



Չենք համարձակվի պնդել, որ մեր երեք նախագահների միջեւ քննարկումներին մասնակցել են նաեւ ռուսաստանյան կամ արեւմտյան ազդեցիկ դեմքեր, բայց որ մերոնք ներքին քննարկումներ ունեցել են, հեռու չէ տրամաբանությունից:



 



Մի պահ իրար կողքի դրեք Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի այս պահի կեցվածքները: Տեր-Պետրոսյանը հանգիստ  ապամոնտաժում է ՀԱԿ-ը, իսկ Քոչարյանը՝ դարձյալ շատ հանգիստ, թուլացնում է ԲՀԿ-ի պրկված նյարդերը: Այս քայլերով նրանք հստակ երաշխիք են տալիս Սերժ Սարգսյանին, որ առաջիկա հետընտրական ամիսներին, առնվազն իրենց կողմից, «կազմաքանդման» նախաձեռնություններ չեն լինի: Դա է պատճառը նաեւ, որ Սերժ Սարգսյանը շատ հանգիստ է վերաբերվում այս ընտրությունների՝ թատրոն լինելու մասին գնահատականներին, երբեմն էլ իրեն թույլ տալիս «չնախատեսված կիքսեր»՝ ընտրությունների շուրջ ծիծաղի ու բարյացակամության մթնոլորտ ապահովելու համար:



 



Երբ երկրում առկա է փոխհամաձայնություն (կարող քաղաքական ուժերի անհատների միջեւ), կարելի է նաեւ, ինչպես հայտնի զվարճախոսության մեջ են ասում, թուլանալ եւ հաճույք ստանալ: Սերժ Սարգսյանն այս պահին հաճույք է ստանում: Նրա ձեռքերն ազատ են անելու այն, ինչ կամենա: Օտարերկրյա դիտորդների ու վերահսկող կազմակերպությունների այս ողջ պարսը վաղը ստիպված է լինելու արձանագրել, որ Սերժ Սարգսյանին հաջողվել է Հայաստանում ընտրությունները մոտեցնել եվրոպական չափանիշներին: Եվրոպական ժուռնալները կգրեն, որ իրենց հետազոտությունն այն մասին, որ աշխարհում ամենաերջանիկը ՀՀ քաղաքացիներն են, համապատասխանում է իրականությանը:



 



Հարց՝ իսկ ինչո՞ւ Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը այսքան հեշտ գնացին զիջումների եւ համաձայնեցին Սերժ Սարգսյանի երկրորդ շրջանի պաշտոնավարման մտքին: Պատասխանն ավելի քան պարզ է: 2013-ին Սերժ Սարգսյանին հաղթելը հեշտ գործ չէր: Թե Տեր-Պետրոսյանի եւ թե Քոչարյանի առաջադրումը կարող էր լարվածոթյուն մտցնել ընտրություններում, բայց լարվածությունը դեռեւս հաղթանակի երաշխիք չէ: 2008-ին Տեր-Պետրոսյանի մուտքը նույնպես լարվածություն առաջացրեց, բայց բոլորն էլ տեսան, որ պետական ապարատն ու կոալիցիան ի զորու են հօդս ցնդեցնել իշխանափոխության մասին ամենավառ քաղաքական պատկերացումներն անգամ, եթե հեղափոխությամբ իշխանափոխության հասնելու նախադրյալները դեռ չկան: Եվ չի բացառվում, որ Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանն իրենք իրենց հարց են տվել՝ ինչո՞ւ հիմա կրկնել 2008-ի սցենարը, եթե 2018-ը սարերի հետեւում չէ, իսկ Սերժ Սարգսյանն էլ այդ ժամանակ հեռացող նախագահ է լինելու:



 



Նախագահի աթոռի համար պայքարը նրանք տեղափոխում են հաջորդ փուլ, այդ պայքարի սլաքներն էլ Սերժ Սարգսյանից շեղում նրա քաղաքական եւ տնտեսական թիմի կողմը: Հետընտրական պրոցեսները կգնան հենց այդ տրամաբանությամբ: Նրանք կփորձեն թուլացնել եւ մասնատել Սերժ Սարգսյանի քաղաքական հենարան հանդիսացող ՀՀԿ-ն՝ 19-րդ դարի իր քարացած մտածողությամբ, նաֆթալինոտ օլիգարխներով ու կաշառասուն ֆունկցիոներներով, իր անճարակ կառավարությունով հանդերձ: ԲՀԿ-ի՝ կոալիցիա վերադառնալու խոսակցությունները պատահական չեն, պատահական չեն կարեւոր պաշտոնների շուրջ ԲՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի միջեւ ընթացող առեւտրի մասին կիսաշշուկները, վերջապես, Լեւոն Տեր-Պետրոսյանը հենց այնպես, զբաղմունք ունենալու համար չէ, որ ՀԱԿ մնացորդներից փորձում է ուժեղ կուսակցություն ձեւավորել եւ ընդդիմադիր դաշտում կրկին մենաշնորհ ստանալ:



 



2013-2018 թթ. ժամանակահատվածում ձեռքերը ծալած չեն նստի նաեւ ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», ՀԱԿ կուսակցության մեջ չմտած քաղաքական ուժերը: Չի բացառվում, որ, չմտնելով կոալիցիա, «Ժառանգությունը» մաս կազմի իշխանությանը, ինչպես ժամանակին ՀՅԴ-ն: Ընդդիմադիր դաշտում ծանրության կենտրոնն իր կողմը թեքելու նպատակով ՀՅԴ-ն, համահայկական հարցերի հետ կապված աշխատանքներին  զուգահեռ, կշարունակի իր յոթ կետանոց պահանջների շուրջ քննարկումները քաղաքական շրջանակների հետ, իսկ Սերժ Սարգսյանից էլ կպահանջի առնվազն 5 կետերի իրականացում, այն կետերի, որոնց շուրջ նախագահը, կարծես, անհամաձայնություն չի տվել:



 



Սերժ Սարգսյանն ինքը կլինի պայքարի մեջ, բայց պայմանով, որ չի խախտելու 2013թ. ձեռք բերված պայմանավորվածությունը: ՀՀԿ-ն շատ շուտ կնկատի Սերժ Սարգսյանի մեջ կատարված այդ փոփոխությունը եւ մի գեղեցիկ օր էլ կտեսնի, որ հայտնվել է ոչ միայն ընդդիմության, այլեւ կոալիցիայի շրջանակներում բարգավաճող գործընկերների աքցանի մեջ: 2018-ին Սերժ Սարգսյանը միակ հեռացողը չի լինի: 2017-ին նույն ճանապարհին կլինի նաեւ շուրջ 20 տարվա մեր կոշմարը՝ ՀՀԿ-ն:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ