Նախագահի թեկնածուների անատոմիան ու ֆիզիոլոգիան

Նախագահի թեկնածուների անատոմիան ու ֆիզիոլոգիան
«Ալտերնատիվ» վերջին լուրեր էլ ունենք, որն այնպիսի իրական արտացոլանք ունի՝  թվում է, մեր նախագահի թեկնածուներն առանց ամոթայրուքի տկլոր կանգնած են մեր աչքի առաջ:  Ուզում ես՝ նրանց վրա անատոմիա ու ֆիզիոլոգիա ուսումնասիրիր, ուզում ես՝ օբյեկտներին շոշափիր… Նման զգացում ունեցա, երբ  կարդացի Վահրամ Սահակյանի ֆեյսբուքյան էջում զետեղված վերջին լուրերը.



 



«Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, Անդրիասի օրինակի վրա համոզվելով, որ հացադուլով արդեն մարդ չես զարմացնի, գիտակցելով, որ զանգվածներին նյարդայնացնելու նոր միջոցներ են պետք՝ որոշել է դիմել երկրարաժամկետ պպզացույցի։ Վաղվանից նա ինքնակամ պպզելու է նախագահի նստավայրի դիմաց։ Թեկնածուն ընտրողներին տեղեկացրել է, որ եթե պպզացույցը չօգնեց՝ ինքը ստիպված կլինի պպզադուլ հայտարարել, այսինքն՝ էլ չի պպզի, ավելի շուտ՝ կսկսի չպպզել:



 



Չմոռանանք որ այսօր Րաֆֆին իր բողոքն է ներկայացրել Սահմանադրական Դատարան, ներկա իշխանություններին մեղադրելով, որ իր «Րաֆֆի» անվան երկրորդ Ֆ-ն գողացել են ու ինքը այնքան ժամանակ պպզացույց ու պպզադուլ կանի, մինչեւ հետ չվերադարձնեն: «Դե հիմա բացատրեք,- ասել է թեկնածուն,- ընդամենը մի Ֆ-ով ես ո՞նց հանդես գամ ընտրողների առջեւ, էդ մենակ Մուհամմար Կադդաֆին էր մի Ֆ-ով ֆռֆռում, էն էլ չմոռանանք, որ ինքը երկու Մ ու երկու Դ ուներ»:



 



Թեկնածու Բագրատյանն ասել է, որ ինքն անգամ չի բարեւի մի ֆ-անոց Րաֆիին։ «Ո՞ւմ է պետք նման անունը,- ասել է Բագրատյանը,- Րաֆֆին առանց երկու Ֆ-ի, դա նույնն է, ինչ Մկրտիչն առանց Պեշիկթաշլյանի կամ Sony-ին առանց Ericsson-ի։ Անգամ սովորական Cappuccino-ն երկու P-ով եւ երկու C-ով է գրվում, բա մեր Րաֆին մի Cappuccino-ի չափ էլ չկա՞։ Էնպես որ՝ պպզիր, Րաֆի ջան, պպզիր, թող հասկանան, որ մեր երկրում առողջ եւ ուժեղ ընդդիմություն կա»։ Բագրատյանը խոստացել է, որ շուտով ինքը փրփրադուլ է անելու, այսինքն նստելու է նախագահի նստավայրի մոտ եւ ՉԻ խմելու Cappuccino-ի վրայի փրփուրը։ ՀԱԿ-ի ղեկավար (ՀԱԿ՝ Հայոց Ազգային Կորդեբալետ) Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ հիշել է, թե ինչպես էին անցյալ տարի նույն ձեւով գողացել իր ազգանվան ՏԵՐ-ը։ «ՏԵՐ-ս տարել էին, ես մնացել էի անտեր։ Ես այն ժամանակ կտրուկ պահանջեցի, որ անմիջապես, հենց հիմա վերադարձնեն իմ ՏԵՐ-ը (հիշո՞ւմ եք, ազգՍ բղավում էր՝ «Հիմա, հիմա»), բայց չվերադարձրին ու ես մնացի բորտի վրա,- բորտի վրայից հայտարարեց Լեւոնը:



 



Թեկնածու Վարդան Սեդրակյանը զգուշացրեց, որ Րաֆիի երկրորդ ֆ-ի գողացման փաստը՝ հարված է բոլոր ընդդիմադիր թեկնածուներին, ու եթե Րաֆին դադարեցնի իր պպզացույցը՝ ինքը կսկսին կենակցադուլ անել, այսինքն չի կենակցի ոչ մեկի հետ։ «Իսկ եթե դա էլ չօգնեց,- ասել է թեկնածուն,- ես… «Դուք կվառեք ձեր ավտոմեքենան»,- նրա փոխարեն ասել է լրագրողը։ «Ոչ միայն իմ,- ասել է Սեդրակյանը,- ես կնստեմ նախագահի նստավայրի բակում ու կվառեմ անցնող-դարձող ԲՈԼՈՐ ավտոները… ես պիրոմանյայով եմ տառապում, մի բանով պիտի զբաղվե՞մ, թե՞ չէ:



 



Մի խոսքով մենք պարզ հասկացանք, որ Նախագահի Նստավայրը մի տեղ է, որտեղ գալիս ու ՆՍՏՈՒՄ ԵՆ բոլոր հացադուլավորները, պպզադուլավորները… մի խոսքով՝ սաղ:



 



Ու ընդհանրապես բոլոր ընդդիմադիր թեկնածուների քարոզարշավներին, հացադուլներին, պպզացույցույցներին, պպզադուլներին, կենակցադուլներին, փրփրադուլներին ու բոլոր մյուս ֆինտուֆլյուշկաներին պիտի ներկա լինել, սատարել, զորակցել (եթե մեռնեն՝ ցավակցել) ու հանկարծ դրանց մասին վատ բան չխոսել, որովհետեւ կասեն՝ հոմոֆոբիա ա…»:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ