Պարտության նման հաղթանակ

Պարտության նման  հաղթանակ
Առավոտը ոչ մի անակնկալ չէր խոստանում: Ընտրատեղամասերը դատարկ էին, մարդիկ՝ պասիվ: Ոչ կուտակումներ ու հերթեր կային, ոչ տեղամասերի շեմին կանգնած սափրագլուխներ, ոչ երթուղայինների ու ավտոբուսների հոսք: Թվաց՝ պատմության մեջ աննախադեպ նվազ մասնակցություն է գրանցվելու: Կեսօրից սկսեցին լուրեր հասնել, որ «արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն»՝ այս ու այն վայրերում ընտրակաշառք էին բաժանում, անգամ լցոնումների մասին լուրեր ստացվեցին:



 



Իսկ բնակավայրից բացակայողների փոխարեն քվեարկությունների պակաս ընդհանրապես չկար: Ավելի շատ ահազանգեր ստացվում էին գյուղերից, որտեղ թեկնածուները վստահված անձեր չունեին, իսկ հանձնաժողովների անդամներին «առնելը» մի քանի տասնյակ հազար դրամի պատմություն է: Օրն այդպես էլ կավարտվեր՝ խաղաղ, «բնականոն» ընտրակեղծիքներով հագեցած, սակայն ընտրատեղամասերը փակվելուց հետո անսպասելիորեն իրավիճակը սկսեց փոխվել՝ սկզբում Գյումրիից, ապա մյուս ընտրատարածքներից լուրեր եկան, որ որոշ տարածքներում Րաֆֆին ջախջախիչ հաղթանակ է տարել:



 



Թվերը, որոնք անմիջապես հայտնվում էին «Ֆեյսբուքում», տրամագծորեն հակառակ էին ԿԸՀ ներկայացրած թվերին, բայց կոնկրետ տեղամասերում քվեաթերթիկների հաշվարկին մասնակցած անձանց տեղեկություններն ավելի վստահարժան էին: Կեսգիշերին դեռ իրական պատկերը պարզ չէր: Ոմանք պնդում էին, որ երկրորդ փուլն անխուսափելի է: Բայց մենք Հայաստանում ենք ապրում, եւ պարզ է, որ պատրանքներ փայփայել պետք չէ: Ամեն դեպքում՝ արձանագրենք, որ մեր ժողովուրդն այնքան հնազանդ ու ստրուկ չէ, որքան ուզում են անընդհատ համոզել մեզ: Եվ Րաֆֆի Հովհաննիսյանի «խփած» թվերը ոչ այնքան իր հաղթանակն են, որքան Սերժ Սարգսյանի պարտությունը, ինչից իշխանությունը պետք է լրջագույն հետեւություններ անի: