Կավաֆիս

Կավաֆիս
Նրա պոեզիայով հիանում ու ոգեշնչվում էին Էուջենիո Մոնտալեն, Իոսիֆ Բրոդսկին, որոնք իրենց էսսեներում անդրադառնում էին ազգությամբ հույն մեծ պոետի արվեստին եւ նրա անցած ճանապարհին: Նոբելյան մրցանակի մեկ այլ դափնեկրի՝ Ջ. Մ. Կուտզեի ամենահայտնի վեպերից մեկի անվանումը՝ «Բարբարոսներին սպասելիս», Կավաֆիսի բանաստեղծության վերնագիրն է: Կուտզեի երկխոսությունը բանաստեղծի հետ շարունակվում է նաեւ ողջ վեպի ընթացքում, որտեղ նկատելի են կավաֆիսյան մթնոլորտի երանգները:



 



Կյանքի օրոք Կոնստանդինոս Կավաֆիսը հրատարակել է 154 բանաստեղծություն: Նա ծնվել է 1863 թվականին, Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, առեւտրականի ընտանիքում: Կավաֆիսը կյանքի տարբեր ժամանակներում ապրել է Պոլսում, Անգլիայում, Ֆրանսիայում, զբաղվել լրագրությամբ, աշխատել է որպես քաղծառայող: Նրան, որպես բանաստեղծի, ճանաչում էին քչերը, Կավաֆիսն իր ստեղծագործությունները հիմնականում կարդում էր ընկերների համար` նեղ միջավայրերում:



 



Նա հրատարակում է բանաստեղծական երկու ժողովածու, որոնց մասին մամուլում մի քանի անդրադարձ է արվում, սակայն Կավաֆիսը կյանքի օրոք մեծ ճանաչման այդպես էլ չի արժանանում: Հետագայում վերը նշված մի շարք անվանի գրողների կողմից նրա բանաստեղծական աշխարհին տրվում է բարձր գնահատական: Գրողներ, երաժիշտներ, որոնք բացահայտում են բանաստեղծին, նրան համարում  դարասկզբի մեծ պոետ:



 



Կոնստանդինոս Կավաֆիսը տիրապետում էր հին հունարենի, ազատորեն կարդում էր լատինական տեքստեր, գիտեր անգլերեն, իտալերեն: Նրա բանաստեղծությունները տարածություն էին տրամադրում Արեւմուտքի ու Արեւելքի հանդիպմանը: Կավաֆիսի քաղաքը` Ալեքսանդրիան, որտեղ էլ ծնվում եւ մահանում է բանաստեղծը, անմիջականորեն ազդում է լեզվի, մտածողության ու ռիթմերի վրա:  Կոստան Զարյանի, Հենրի Միլերի ընկեր, անգլիացի անվանի արձակագիր Լորենս Դարելի հռչակավոր «Ալեքսանդրյան կվարտետ» քառագրության ստեղծումն անմիջականորեն կապված է Կոնստանդինոս Կավաֆիսի պոետական աշխարհայացքի հետ: