ՀՀԿ-ում խուճապի մեջ են

ՀՀԿ-ում խուճապի մեջ են
Այս նախագահական ընտրությունները լավագույնս ապացուցեցին, որ  իշխանական  ընտրակեղծիքի մեքենան  ամբողջովին փտած է, եւ դրա վրա հույս դնել այլեւս չի կարելի:



 



«Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը հետընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ հայտարարեց, որ իշխանության կազմակերպած կրկնակի քվեարկությունները ձախողվել են, քանի որ  ընտրատեղամաս բերված քաղաքացիները, ի նշան բողոքի, քվեարկել են Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Այսինքն՝ հասկանալի դարձավ, որ չի արդարացնում նաեւ ընտրակաշառքը: Իսկ թաղային կամակատարների  դավթարներում ցուցակագրվածների միայն երեսուն տոկոսն է քվեարկում  իշխանական թեկնածուի օգտին: Մեզ հասած տեղեկություններով, ՀՀԿ-ն որոշել է դասեր քաղել նախագահական ընտրություններից եւ հատկապես մեծ պատասխանատվություն է դրել Երեւանի վարչական շրջանների ղեկավարների վրա:



 



Բարդ վիճակում են հայտնվել մանավանդ Աջափնյակ, Ավան, Արաբկիր համայնքների թաղապետերը, որտեղ հաղթել էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջիններս պետք է կուսղեկավարությանն ապացուցեն իրենց հավատարմությունը եւ ապահովեն բարձր արդյունքներ ՀՀԿ-ի օգտին, այլապես վարչական վենդետայի կենթարկվեն: Եթե նախորդ ընտրություններին կատարվածը դեմոկրատական ընտրությունների «ատմասկայով» մատուցվեց հանրությանը, ապա դա չի նշանակում, որ այս անգամ էլ նույնը կարող են անել: Տարոնն էլ ապացուցելու խնդիր ունի, որ ինքը կարող ուժ է  եւ արժանի է քաղաքապետի պաշտոնն զբաղեցնելուն: Ուստի, արդեն գործի են դրել ՀՀԿ-ական ոսկի երիտասարդությանը, թաղային մեծ ու փոքր հեղինակություններին,  այսպես ասած՝ «ընտրական ջոկատներ» են կազմել ու պատրաստվում են մարտի: Ընտրություններին վերաբերվում են որպես ճակատամարտի, որտեղ պետք է ռեւանշ վերցնեն փետրվարի 18-ի դիմաց:



 



Այս  օրերին նախապատրաստական ժողովներ են հրավիրում Տարոնի մոտ՝ խիստ գաղտնի, որոնց մասին որեւէ խոսք չի ասվում հանրությանը:  Նախօրեին  ՀՀԿ-ականներից մեկն ասաց, որ մինչեւ ուշ գիշեր  Տարոնի մոտ ժողով են արել ու քննարկել ՀՀԿ ցուցակի բովանդակությունն ու այլ կազմակերպչական հարցեր, սակայն հույժ գաղտնի է պահվում: Շտաբի պետ Շարմազանովն էլ, ով սովորաբար հաճույքով է շփվում լրագրողների հետ, այժմ խուսափում է հարցուպատասխանից: Թե ինչ մեխանիզմներով ու մարտավարությամբ պետք է ապահովեն ՀՀԿ-ի հաղթանակը, փորձեցինք պարզել վարչական շրջանների պատասխանատուներից:



 



Ավան համայնքի  ղեկավար  Մանվել Ջավադյանը, ով Տարոնի մտերիմ ընկերն է եւ ծանր վիճակում է նախագահականի արդյունքներից հետո, մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը որեւէ մեկին հրահանգներ չի իջեցրել եւ միայն քարոզարշավի մեկնարկից հետո կխոսի այդ թեմայով: Արդյո՞ք  չի մտահոգվում, որ կարող է կրկնվել նախագահական ընտրությունների պատմությունը, Ջավադյանը գերադասեց այդ մասին խոսել հետո: Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար Դավիթ Օհանյանն ասաց, որ  ինքն իր մարտավարությունից ու կազմակերպչական հարցերից  կխոսի միայն քարոզարշավից հետո: Նշենք, որ  ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու են նաեւ վարչական շրջանների ղեկավարները, սակայն հետագայում ինքնաբացարկ են հայտնելու եւ զբաղեցնելու են իրենց պաշտոնները: Այսինքն՝  Տարոն Մարգարյանի անցած ուղին ոչ մի թաղապետ չի կրկնելու: