Րաֆֆին չի սպասում Լեւոնին, բայց Սերժին հրավիրում է

Րաֆֆին չի սպասում Լեւոնին, բայց Սերժին հրավիրում է
«Բոլոր ստանդարտ քայլերն իրենց սպառել են, գուցե ծայրահեղ քայլ է Րաֆֆու արածը, բայց այս պահին ես նույնպես այլընտրանքային քայլ չեմ տեսնում: Մի բան ինձ համար տեսանելի է, որ իշխանությունները սկսել են ջղաձգվել, ուրեմն քայլի որակական անդրադարձը կա, հակառակ դեպքում, եթե հացադուլ չէ, հապա ի՞նչ»,- այս կարծիքին է երեկ Ազատության հրապարակում հացադուլի երրորդ օրը Րաֆֆի Հովհաննիսյանին այցելած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:



 



Նաեւ նկատեց, որ Երեւանի ավագանու ընտրությունները հնարավորություն է փետրվարի 18-ին Րաֆֆու շուրջըշ կայացած ձայների բուրգն ամրացնելու եւ առաջ գնալու համար: «Բայց այն ուժերը, որոնք անտեսեցին, բոյկոտեցին նախագահական ընտրությունները տարբեր «հիմնավորումներով», այսօր կարծես լծվել են այդ ընտրությունը լեգիտիմացնելու գործընթացին: Պրոցես է գնում ավագանու ընտրություններով լեգիտիմացնել, փակել նախագահական ընտրությունները: Նկատի ունեմ ԲՀԿ-ին, Կոնգրեսին, որոնք միասնության, մասնակցության կոչ են անում, դա նշանակում է, որ նախագահական էջը փակելու խնդիր են լուծում կամ ուշադրությունը շեղելու: Ցավոք, ստացվում է, որ անուղղակի կերպով սպասարկում են իշխանական վեկտորին»,- ավելացրեց Պետրոս Մակեյանը:



 



Իսկ «Ժառանգությունն» ի՞նչ ցուցակով կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Այդ ցուցակը կազմվելու է Ազատության հրապարակում: Այն մարդիկ են ընդգրկվելու, ովքեր մեծապես հրապարակում են՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, կլինեն նաեւ անհատներ, մտավորականներ: «Ժառանգությունը» միայն իր կուսակիցներով չի սահմանափակվելու: Դեռ նախնական փուլում է, վերջնականապես որոշված չէ, թե ովքեր են ընդգրկվելու, անգամ որոշված չէ, թե ով է գլխավորելու ցուցակը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, թե՞ մեկ ուրիշը»: Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին էր միացել երիտասարդական նստացույցի մասնակից Բայանդուր Պողոսյանը, ով նստած էր Օպերայի աստիճաններին՝ նստացույց անողների հետ, եւ աշխատում էր ծխելը թողնել, քանի որ դժվարանում է քաղցի հետ համատեղել: «Հացադուլի հենց առաջին օրը 5 հոգի միացան, բայց առավոտյան Րաֆֆի Հովհաննիսյանի խնդրանքով մյուս 4-ը դադարեցրին, բայց ես շարունակեցի: Խորհրդակցելով Րաֆֆի Հովհաննիսյանի եւ քաղաքացիների հետ, որոշեցինք, որ մեկ շաբաթ ես հացադուլ կանեմ, որից հետո ինձ կփոխարինի մեկ ուրիշը՝ էլի մեկ շաբաթով, եւ այդպես կփոխարինենք միմյանց այնքան ժամանակ, որքան կշարունակվի Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը»,- տեղեկացրեց Բայանդուրը:



 



Իսկ օրվա վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը, դիմելով հավաքվածներին, ասաց. «Ես միմիայն ձեզ ուժ եմ տալու որպես ձեր համաքաղաքացին եւ միեւնույնը պահանջում եմ ձեզանից»: Լրագրողներից մեկը հարցրեց՝ արդյոք սպասո՞ւմ է Լեւոն Տեր-Պետրոսյանին, քանի որ նախորդ հացադուլի ժամանակ էլ սպասում էր, բայց նա չեկավ: Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ ինքն ինչպես նախորդ, այնպես էլ այս հացադուլի ժամանակ չի սպասում որեւէ մեկին, ով եկել է, եկել է կամովի: Իսկ Սերժ Սարգսյանին ասելիք ունի՞, թե՞ ոչ, պատասխանեց. «Ես ուղերձ չունեմ պարոն Սարգսյանին, բայց մեծ սիրով իրեն կընդունեմ Ազատության հրապարակում իր հարմար ձեւաչափով՝ բաց թե փակ, եւ մենք կքննարկենք բաց օրակարգ, բայց, առաջին հերթին, ինքն ինձ եւ մեր ժողովրդին ասելիք ինչ ունի, որովհետեւ իմ ասելիքը գնացի եւ ներկայացրեցի, մերժվեց, պատրաստակամություն հայտնեցի նորից գնալ գրասենյակ մինչեւ մարտի 10, չստացվեց: Հիմա ես հրապարակում եմ եւ կմնամ այստեղ, դրա համար կողջունեմ, որ ինքը գա, եւ քննության առնենք մեր հիմնախնդիրները: Մեծ պահք է, հրավիրում եմ, պարոն Սարգսյան»:



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ