Իշխանությունն այլեւս դրա համարձակությունը չի ունենալու

Իշխանությունն այլեւս դրա համարձակությունը չի ունենալու
Հարցազրույց ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀԱԿ նախկին անդամ  Կարապետ  Ռուբինյանի հետ



 



-Պարոն Ռուբինյան, կիսո՞ւմ եք ոմանց տեսակետը, թե Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժումն աստիճանաբար մարում է: Ի՞նչ պետք է անել, որպեսզի իշխանությունն ընդառաջ գնա հրապարակի պահանջներին:



 



- Չեմ կարծում, որ շարժումը մարման է գնում: Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը նոր փուլ մտցրեց: Իհարկե, ծայրահեղ քաղաքական քայլ է, ունի եւ դրական, եւ բացասական կողմեր: Խոսեմ բացասական կողմերից: Արդեն առիթ ունեցել էի ասելու, որ պիտի նախկին պայքարի փորձն օգտագործել: Նախորդ պայքարի փորձից ելնելով՝ պետք չէր շարժումը խարսխել Ազատության հրապարակում եւ մաքսիմալ պետք էր տարրալուծել եւ ճկունություն պահպանել: Սրանք (նկատի ունեմ իշխանությունները) արդեն ապացուցել են, որ գող ու հանցագործ են, սիրում են մթության քողի ներքո գործել: Եթե հիշում եք, Մարտի 1-ին, հենց վերջին ավազակների նման, մթության մեջ հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա: Ուրեմն հնարավորին չափ պետք է խուսափել գիշերային ակցիաներից, ինչպես նաեւ մեկ տեղում երկար հանգրվանելուց: Չարժի խարսխվել հրապարակում եւ մարդկային ռեսուրսները մաշեցնող շուրջօրյա հավաքներ կազմակերպել: Շատ ավելի արդյունավետ ու անվտանգ է տանը քնել-հանգստանալը եւ առավոտյան նոր տեղում, թարմ ուժերով տարբեր միջոցառումներ անցկացնել: Ցավոք, վերջին զարգացումները տանում են հակառակ հունով` պայքարը Օպերայում տեղայնացնելու ու գիշերները ինքնահյուծվելու:



 



Շուտով սկսվում են Երեւանի քաղաքապետի ընտրությունները, եւ հարկավոր է շարժումը նաեւ այս ուղղությամբ տարրալուծել եւ տարածել ողջ մայրաքաղաքով:



 



«Ժառանգությունն» իր նախընտրական ցուցակը պետք է «բացի» այն գործիչների առջեւ, ովքեր կստանձնեն խնդիր` Երեւանի բոլոր վարչական շրջաններում, բազմաբնակարան շենքերում, թաղերում, փողոցներում, մասնագիտական, ստեղծագործական եւ այլ` ընդհանուր հետաքրքրությունների շուրջ հավաքված խմբերում հիմնել «Բարեւ, Երեւան» շարժման բջիջներ եւ ծառայեցնել դրանք առաջին հերթին ռեժիմի դեմ պայքարի ընդլայնմանը եւ երկրորդ հերթին՝ միայն բուն քաղաքապետական ընտրությունների կազմակերպմանը: Որովհետեւ շատ կարեւոր կլինի  հաղթանակ տանել Երեւանի ավագանու ընտրություններում եւ Երեւանը խլել ավազակապետության ձեռքից: Բայց եթե նորից ընտրախախտումների ու կեղծիքների միջոցով (ինչը շատ հավանական է) այնուամենայնիվ պարտադրվի պարտություն այդ պրոցեսում, դրանից պետք է դուրս գալ առնվազն պատրաստի գործունակ «Բարեւ, Երեւան» ցանցի միջոցով, որը պիտի ծառայեցվի հետագա պայքարի համար:



 



- Թեեւ Րաֆֆի Հովհաննիսյանը ծայրահեղ պայքարի միջոցների է դիմում, բայց իշխանությունները շարունակում են անարձագանք թողնել նրա պահանջները:   Կկայանա՞ Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան երկրորդ հանդիպումը, եւ, ըստ Ձեզ, իշխանությունները կանե՞ն այնպիսի գործողություններ, որոնք կլիցքաթափեն մթնոլորտը: 



 



- Հանդիպում կարող է լինել, կարող է չլինել: Խնդիրն այն է, որ ես որեւէ դրական սպասելիք չունեմ այս իշխանություններից եւ Սերժ Սարգսյանից: Նույնիսկ եթե հանդիպում տեղի ունենա, ես մի բան եմ հասկանում, որ առանց ժողովրդական ճնշման հրաժարական տեղի չի ունենալու: Խնդիրն այն է, որ հիմա ոչ թե պիտի նստենք, սպասենք՝ կարձագանքե՞ն հացադուլին, թե՞ ոչ, այլ պիտի քայլեր ձեռնարկենք ՀՀ գիտակից քաղաքացիներին ոտքի կանգնեցնելու եւ իշխանությունների վրա այնպիսի ճնշում ապահովելու միջոցներով, որ նրանք ուղղակի հասկանան, որ ի վիճակի չեն լինելու կառավարել երկիրը:



 



- Ապրիլի 9-ին, Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությունն են  ծրագրում  կազմակերպել եւ աշխատում են, որ այդ օրը Ազատության հրապարակում հավաքվի այնպիսի կրիտիկական զանգված, որի հետ իշխանությունները չկարողանան հաշվի չնստել, սա աշխատո՞ղ տարբերակ է՝ ըստ Ձեզ:



 



- Նորից պիտի կրկնեմ, որ իշխանությունը հաշվի կնստի միայն այն դեպքում, եթե իրական ճնշում զգա իր դիրքերի վրա: Քայլերը, որոնք առաջարկվում են ստվերային կառավարություն, զուգահեռ իշխանություն ձեւավորելու, դրանք դիտում եմ որպես ճնշման միջոցներ եւ որպես քայլ առ քայլ ապօրինի իշխանություններից իշխանության տարբեր հատվածներ պոկելու, հետ բերելու դեպի այլընտրանքային իշխանություն: Այդ պրոցեսի հաջողությունից է կախված վերջնական արդյունքը:



 



- 2008 թ.-ին եւ դրանից հետո երկար ժամանակ Ազատության հրապարակում ասեղ գցելու տեղ չկար, մարդկանց հոսքը ձգվում էր մինչեւ Մատենադարան, Հյուսիսային պողոտայի վերջ, մարդիկ գիշերում էին այստեղ, բայց դա ոչինչ չփոխեց: Այսինքն՝ բազմամարդ հավաքները կարո՞ղ են գործընթացների վրա ազդել:



 



- Ինքներդ ասացիք, որ մարդաշատությունը չէ կարեւոր գործոնը, իշխանություններն այն ժամանակ ստիպված եղան պարզապես հանցագործության գնալու, կրակեցին սեփական անզեն ժողովրդի վրա եւ հետո այլանդակ հալածանքներ սկսեցին: Բացառել, որ նույնը չի կրկնվի, իհարկե, չի կարելի, բայց վախենալ դրանից՝ նույնպես պետք չէ, որովհետեւ պետք է վախենան այս հանցագործ իշխանությունները. դա արդեն իրենց խուսափելու խնդիրն է, որովհետեւ թե այն ժամանակ, թե հիմա որեւէ բռնության կոչ չի եղել, եւ բացառապես խաղաղ պայքարի եղանակներ են կիրառվել եւ կիրառվելու են: Ուրեմն այստեղ խնդիրն իշխանություններինն է, եթե իրենք պետք է համարձակվեն երկրորդ անգամ հանցագործությունը կատարելու, թող կատարեն: Ես կարծում եմ, որ այլեւս դրա համարձակությունը չեն ունենալու: