Երդմնակալության արարողությունը հրապարակում

Երդմնակալության արարողությունը հրապարակում
Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի ինաուգուրացիան  տապալելու վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ միայն «իմ դիակի վրա» արտահայտությունը ոչ թե ակնարկ էր  հացադուլի դժբախտ հետեւանքների մասին, այլեւ երդմնակալությունը տապալելու ծրագրի ազդարարում: Սրան ի պատասխան, Գալուստ Գրիգորիչը շտապեց հայտարարել, թե Սերժ Սարգսյանը նման «դիակներ» շատ է տեսել: Մինչդեռ ոչ Սերժ Սարգսյանը եւ ոչ էլ Հայաստանի բնակչությունը նման «դիակներ» մինչ օրս չի տեսել եւ Աստված չտա՝ տեսնի:



 



Իսկ ընդդիմությունը ոչ միայն ինքնազոհողության է պատրաստվում գնալ, այլեւ ինաուգուրացիայի տապալումը փորձելու են իրականացնել Րաֆֆի Հովհաննիսյանի համաժողովրդական երդմնակալությունն իրականացնելու միջոցով: Ազատության հրապարակի իդեոլոգներն այժմ աշխատում են մի սցենարի վրա, որը նախատեսում է ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդման ծիսակարգից ոչ պակաս արարողություն անել Ազատության հրապարակում, որտեղ կերդվի Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ապրիլի 9-ին երդմնակալություն անպայման կլինի, բայց թե ում երդմնակալությունը՝ այ, դա կտեսնեք»,- երեկ Ազատության հրապարակում այս սցենարի փակագծերը փոքր-ինչ բացեց Նիկոլ Փաշինյանը, ով նախաձեռնության գաղափարախոսներից է: Հետընտրական զարգացումների վերաբերյալ իր հայտնի հոդվածում եւս Փաշինյանը կոչ է արել Րաֆֆի Հովհաննիսյանին ձեռնարկել միայն այնպիսի գործողություններ, որոնք հատուկ են հաղթած թեկնածուին, այսինքն՝ նորընտիր նախագահին, նկատի ունենալով նոր իշխանության կամ Նոր կառավարության ձեւավորումը: «ՀՀ օրենսդրության համաձայն, Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահի պաշտոնը պետք է ստանձնի ապրիլի 9-ին: Մինչ այդ, ուրեմն, նրա հիմնական անելիքը մնում է Նոր կառավարության ձեւավորումը»:



 



Մարտի 15-ի հանրահավաքի ժամանակ, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի այս ծրագրի մասին, եւ կհնչեն այնպիսի ելույթներ, որպեսզի ապրիլի 9-ին հրապարակում հավաքվի հնարավորինս մեծ բազմություն, որոնց ներկայությունը կստիպի իշխանություններին հաշվի նստել: Նշենք նաեւ, որ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը նախատեսում են անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մինչդեռ 2008 թ. նա երդվել էր օպերային թատրոնի շենքում: Ենթադրվում է, որ սա կապված է փետրվարի 19-ից Ազատության հրապարակում սկսված անժամկետ զանգվածային միջոցառումների հետ:



 



Ի՞նչ քայլեր է պետք անել, որպեսզի շարժումը չմարի, եւ իշխանությունը գնա զիջումների, փորձեցինք լսել շարժման աջակիցներին: Նիկոլ Փաշինյանն իր խոսքը  կասի ուրբաթ՝ հանրահավաքին: Արկադի Վարդանյանը հույս ունի, որ մինչեւ երդմնակալությունը «այս ճգնաժամը» կհանգուցալուծվի, որովհետեւ Սերժ Սարգսյանն իսկապես բարդ վիճակում է, ճնշման տակ եւ, ըստ Վարդանյանի, նա ինքնակամ կհեռանա: Մինչդեռ այսօրվա հանրահավաքները զիջում են նախկիններին իրենց մարդաշատությամբ, ինչպե՞ս են ճնշում գործադրելու: «Մարդկանց քանակությունը չէ, որ ստեղծում է ստեղծված իրավիճակի աստիճանը: Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն ավելի մեծացնելու է այդ աստիճանը, եւ դուք կտեսնեք, որ ուրբաթ օրվա հանրահավաքին այստեղ ասեղ գցելու տեղ չի լինի: Ես դրանում խորապես համոզված եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն իր գործն արեց, եւ հիմա նա համարվում է Բարեւի հեղափոխության սիմվոլ, մնացածը մենք ինքներս պետք է անենք՝ այս հրապարակում կանգնելով: Ինչ է, համախմբվածությունն այդքան դժվար բա՞ն է,- մի քիչ զայրացած ասաց նա, խորհուրդ տալով հիշել 88-ը:- Այդ ժամանակ մենակ բաբոներն էին տանը մնում, որ երեխաներին պահեին, իսկ ի՞նչն է խանգարում, որ այսօր նույնը կրկնվի»:



 



«Ժողովուրդ հավաքելն արդեն կտրուկ գործողություն է»,- իր հերթին նկատում է ՀԱԿ նախկին անդամ, «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը. «Ժողովրդի համախմբվածությունը, ճնշումը, ներկայությունը եւ պայքարելու ցանկությունն է միայն լուրջ գործոն: Միայն դրանից ելնելով կարելի կլինի որոշումներ կայացնել, թե ինչ քայլերի դիմել»: Գիմիշյանի խոսքով, ակտիվությունից եւ Րաֆֆիի գործողություններից է կախված՝ կհաջողվի՞ արդյոք հավաքել այնքան մարդ, որն օրակարգ կթելադրի: Ներկայիս կուրսի դեպքում նա դժվարանում է մեր հարցին պատասխանել: «Ես հարգում եմ Րաֆֆիի որոշումը, եթե ինքը գտել է, որ այդպես պետք է պայքարի, նորմալ եմ համարում: Ես չեմ, որ պիտի գնահատական տամ, ժողովուրդը պիտի համակարծիք լինի»: Ասաց նաեւ, որ ՀԱԿ նախկին անդամների հետ քննարկել են, թե ինչ քայլեր կարելի է անել, եւ դա փոքրիկ գրքույկի տեսքով  ներկայացրել են «Ժառանգությանը». «Թող քննարկեն՝ ինչն է իրենց նպատակահարմար, ինչը՝ ոչ»:



 



Փոխարենը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության  ղեկավար Պետրոս Մակեյանի կարծիքով, հացադուլն արդեն իսկ ծայրահեղ քայլ է, որը նաեւ կարող է պրոցեսում հաջորդական քայլեր նախատեսել: «Ամեն ընտրությունից հետո գործընթացները գնում են նույն սցենարով, եւ սա կարծես խրոնիկ է դարձել մեզ համար: Իշխանությունը, Սերժ Սարգսյանը պետք է այս պահին կարողանա քաղաքական հանգուցալուծում գտնել՝ վերլուծելով անցած 15 տարիների բոլոր զարգացումները»: Մակեյանն էլ է համոզված, որ միայն մեծ զանգված հավաքելով կարելի է ճնշում գործադրել, բայց, որպեսզի բանը չհասնի դրան, իշխանությունը «պետք է քայլեր անի, որն ընկալելի կլինի ոչ միայն ընդդիմության եւ Րաֆֆու համար, այլեւ հասարակության»: