Ինչ էր նշանակում Սերժ Սարգսյանի ռուսաստանյան այցը

Ինչ էր նշանակում Սերժ Սարգսյանի ռուսաստանյան այցը
Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին զրույցի բովանդակությունը հակիրճ ու լղոզված ներկայացվեց, ասուլիսն տեղի չունեցավ: Ենթադրվում էր, որ ռուսական «ցարի» հետ կքննարկվեն հետընտրական ճգնաժամը, վարչապետի եւ Մաքսային միությանն անդամագրվելու հարցերը, սակայն իշխանության կուլիսներում պնդում են, որ այդ հարցերը չեն քննարկվել:



 



Նախօրեին օդանավակայան շտապած պաշտոնյաները պնդում են, որ նախագահը շատ լավ տրամադրություն է ունեցել, նրա վերադարձից հետո, ասում են՝ փայլում է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Իսկ քաղաքագետները կարծում են, որ Սերժ Սարգսյանն այդ այցով պարզապես ուզում էր ցույց տալ, որ Ռուսաստանն իր ռազմավարական դաշնակիցն է եւ ինքը կատարյալ «դաբրո» ունի Հյուսիսից: Մասնավորապես այս կարծիքին է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: «Ռուսաստանը Մաքսային միության ծրագիր ունի նախկին ԱՊՀ տարածքում կառուցելու եւ առաջարկում է նաեւ Հայաստանին, ինչին դրական չեն վերաբերվում Եվրոպայի մեր գործընկերները: Ռուսաստան այցը նաեւ դրանով էր հետաքրքիր, եւ այս իմաստով ինտրիգն այն էր, թե ինչ են զրուցել Մոսկվայում Սերժ Սարգսյանն ու Պուտինը, որի մասին  այս պահին խոսելը դժվար է, եւ այն ակնհայտ կլինի առաջիկա գործողություններից»,-ասում է Բոզոյանը:



 



Չնայած Պուտինի արտահայտությունը, թե «մոտ 60 տոկոս քվեն շատ լավ արդյունք է, որը վկայում է ժողովրդի վստահության մասին եւ հնարավորություն է տալիս իրականացնել բոլոր ծրագրերը», մեկնաբանվում է որպես կոմպլիմենտ Մաքսային միության շուրջ համաձայնություն կորզելու դիմաց: «Ես այդպես չեմ գնահատում, կարծում եմ, որ այդտեղ էական էր Րաֆֆի Հովհաննիսյանի գործոնը, ցավոք սրտի, ռուսները պարզունակ քաղաքականություն ունեն, ու Րաֆֆի Հովհաննիսյանի արեւմտյան ուղղվածությունը կարող է մտահոգություն առաջացնել, որ նրա անձով կարող է փոխվել Հայաստանի արտաքին քաղաքականությունը, եւ նրանք պետք է աջակցեն  գործող նախագահին: Ուզում եմ ասել, որ այսօր  Հայաստանում չկան ընդգծված հակառուսական ուժեր, այլ խնդիր է, որ Ռուսաստանն այդպես չի գնահատում, եւ դա էր իր ջերմության պատճառը»: Քաղաքագետը նշում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը զգալիորեն օգնեց Սերժ Սարգսյանին. «Երբ կա այդ շարժումը, Սերժ Սարգսյանը կփորձի սպառնալ ռուսներին, թե եթե շարունակեն նման շանտաժներ անել, ապա կստանան արեւմտամետ ուժ»: 



 



Բոզոյանն ասում է, որ հայկական ժողովրդի, փոքր երկրի սինդրոմ է վարչապետի նշանակումը եւս կապել այլ երկրի թելադրանքի հետ: Սերժ Սարգսյանն իր շահերից ելնելով է որոշում ում նշանակել ՀՀ վարչապետ, քանի որ, ցավոք սրտի, Հայաստանի ամբողջ իշխանությունը մեկ մարդու ձեռքում է: Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ  Ռուսաստանը նրբանկատ է եւ չի միջամտի Հայաստանի ներքաղաքական հարցերին, ասենք՝ որոշի պաշտոններ կամ ուղղորդի իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները: Ինչ վերաբերում է Հայաստանին շանտաժով ստիպելուն, որ անդամագրվի Մաքսային  միությանը, նա հիշեցրեց Միջազգային եվրասիական շարժման լիդեր, ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի  ելույթը, ով համարվում է Կրեմլի, Եվրասիական ինտեգրման գաղափարախոսը: «Դուգինն ասեց, որ Հայաստանն ունի կոմպլեմենտար քաղաքականությունը շարունակելու, մանեւրելու որոշակի ռեսուրսներ, սակայն դրանք օր օրի նվազում են, շատ շուտով Հայաստանն ինքը, տեսնելով  Եվրասիական միությունում ընդգրկված երկրներին տրվելիք արտոնությունները, կընդունի անդամագրվելու որոշումն իր կամքով եւ իր քաղաքացիների պահանջով»:



 



Իսկ ռուսաստանյան այցով Սերժ Սարգսյանն ընդգծում է այս  հարաբերությունների առաջնայնությունը, ցույց է տալիս, որ այն աղմուկը, որ բարձրացնում են առանձին շրջանակներ ու լրատվամիջոցներ, թե իբր Հայաստանին փորձել են պարտադրել անդամակցել Եվրասիական եւ Մաքսային միություններին, ռեալ հիմքեր չունեն: