Հացադուլի պերճանքն ու թշվառությունը

Հացադուլի պերճանքն ու թշվառությունը
Ինչ խոսք, որ հացադուլ հայտարարելու մեջ մի ինչ-որ հրավիրող, ինտրիգային բան կա: Որ ուրիշ բան չէ, գոնե միանգամից հայտնվում ես հանրության ուշադրության կենտրոնում, հետո էլ մարդ էս` մեկ էլ տեսար մի բան ստացվեց, քո ուզածին հասար: Սակայն այդ դեպքում, հացադուլ անողը գոնե պիտի համոզված լինի իր անձի ողջության կամ առնվազն առողջության` որպես կարեւորություն ընկալվածության մեջ:



 



Սակայն նաեւ շատ էական է, թե ո՞վ եւ ինչ հանգամանքներում ու նպատակով է հացադուլ հայտարարում:  Երբ նման քայլի գնացողը նախընտրական արշավի օրերին է, իսկ սուբյեկտն էլ քաղաքական դաշտում անծանոթ կամ գրեթե անծանոթ Անդրիաս Ղուկասյանը, որից ոչ ոք առանձնապես սպասելիք չունի, ապա դրան կարելի է եթե ոչ ըմբռնումով, ապա գոնե` հումորով մոտենալ:



 



Սակայն ինչպե՞ս վերաբերվել Րաֆիի Հովհաննիսյանի հացադուլին եւ այն էլ այս օրերին` երբ իր հետ մեր ազգաբնակչության, կամ ավելի ճիշտ` ընտրազանգվածի մի ստվար հատված, իրենց երկիրը վերափոխված տեսնելու մորմոքով ապրող մարդկանց զգալի մաս այդչափ հույսեր են փայփայում:



 



Անկեղծ լինենք, իհարկե, «իր հետ հույսեր կապել» ասվածը փոքր ինչ վերապահումով է, քանի որ հերիք է հետեւենք նախընտրական գործընթացներին, էլ չեմ ասում` նախորդ նախագահական ընտրությունների մի ռեթրոսպեկտիվ անցկացնենք, կհասկանանք, որ այդ «հույս» ասածը բոլորովին այլ շեշտադրում ունի:



 



Ի վերջո, գաղտնիք չէ, որ մենք միշտ ընտրել ենք «չարյաց փոքրագույնի» սկզբունքով` եղածից դժգոհ ենք, թող նորը գա, մեկ էլ տեսար` գոնե նախորդից վատը չլինի: Այս անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը դարձավ այլընտրանքի լավագույն տարբերակ բոլոր նրանց համար, ովքեր դժգոհ իշխանություններից,  պատրաստ էին իրենց ձայնը տալու այդ նորին, միայն թե հնից ձերբազատվեն: Ընդ որում, այդ կարգավիճակը նա ձեռք բերեց ոչ այնքան իր անձնական բացառիկ որակների շնորհիվ, որքան այն բանի, որ մրցապայքարն անցավ առանց լուրջ «այլընտրանքային դերակատարների»` ի դեմս ՀԱԿ, ՀՅԴ եւ ԲՀԿ լիդերների, որոնք այս անգամ, տարբեր դրդապատճառներով խուսանավող կեցվածք որդեգրեցին:



 



Ստեղծված իրավիճակը «Ժառանգության» առաջնորդի համար յուրատեսակ «քարտ բլանշ» էր, հավաքած 37 տոկոս ձայնը (թեկուզ ոչ իրական պատկերը արտացոլող)` մեծագույն դիվիդենտ, որը լուրջ քաղաքական գործիչը կարող էր լավագույնս օգտագործել:



 



Ետընտրական գործընթացներն էլ զարգացան այնպիսի դինամիկայով, որ տողերիս հեղինակը, մի պահ վերապրեց 2004-ի Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը, երբ արդեն ընտրված Յանուկովիչին ստիպեցին «ետողորմյա» անել, եւ նորից անցկացված ընտրություններում արդեն հաղթեց նրա հակառակորդը` Յուշչենկոն: Ճիշտ է, ստիպված եմ ինքն ինձ հակասել, հիշելով, որ Յուշչենկոյի ետեւին մի ողջ Արեւմուտք էր կանգնած, ինչը չես ասի Րաֆֆիի պարագայում, որը տվյալ պահին ունի միայն ժողովրդի բարոյակամային աջակցությունը, սակայն ժողովուրդն էլ, միամիտ չլինենք, քաղաքական «խաղերում» որոշիչ դերակատար չէ:



 



Ի՞նչ է ստացվում, Րաֆֆին իր «արսենալում» չունե՞ր իր պայքարը շարունակելու ավելի ակտիվ, համակարգված ու հետեւողական մարտավարություն:  Թե՞ ընտրություններին իր ունեցած հաջողությունն անգամ իր համար այնքան անսպասելի էր, որ այդպես էլ չիմացավ, թե ինչ հետագա քայլեր անի:



 



Ախր, այս օրերին, այդ նույն հասարակական ալիքը հասել է այն աստիճանին, որ մարդիկ` սուրճի կամ ճաշի սեղանին լինի, թե փողոցում իրար հանդիպելիս` մեկ մեկու որպիսությամբ հետաքրքրվելուց հետո, երեւի թե, երկրորդ բանը որ անում են, Րաֆֆիի թեմային անդրադառնալն է: Բա այդքանից հետո ուրիշ բան չունենաս անելու` վերցնես ու հացադուլ անե՞ս: Ի՞նչ է, բոլոր մեթոդները փորձեց, միայն դա էր մնո՞ւմ: Ի՞նչ է, միամիտ էր, հույս ուներ, որ ամեն ինչի, այդ թվում եւ` մարտիմեկերի պատրաստ մեր իշխանությունները իրեն սկուտեղի վրա իր ուզածն է՞ին հրամցնելու:



 



Ինչպե՞ս է նման իրավիճակից, իր խիստ մտահոգիչ` «դիակի» հետ կապված հայտարարությունից հետո իրեն իսկ փակուղու մեջ դրած այլընտրանքային առաջնորդը իրավիճակից դուրս գալու:



 



Ինձ թույլ տամ մի առաջարկ-կանխատեսում անել: Միգուցե, որոշ ժամանակ անց` երդմնակալության օրվա մոտենալու հետ, բժիշկները «նրա մոտ առողջության կտրուկ վատթարացում հայտնաբերեն», արգելվի հացադուլի շարունակումը, Րաֆֆին, «իր կամքին հակառակ» հայտնվի Հիպոկրատի հետնորդների հսկողության տակ, եւ այդ կերպ «խաղից դուրս մնա»: Ամենայն հավանականությամբ, դա կլինի թե’ իր, եւ թե ինչու չէ` մեզ համար իրավիճակի հանգուցալուծման լավագույն  տարբերակը:



 



Իսկ միգուցե այս տարբերակը արդեն քննարկվել է….



 



Լեւոն ԳԵՎՈՐԳՅԱՆ