Ի՞նչը կարող է ստիպել գործող նախագահին՝ զիջումների գնալ…

Ի՞նչը  կարող է ստիպել գործող նախագահին՝  զիջումների գնալ…
Քաղաքականությունը դաշտ է, մարտական դաշտ,  եւ այդ դաշտը մտնողն առաջին հերթին զորք պետք է կազմավորի: Արցախյան պատերազմի օրինակն ունենք. սկզբից, երբ բանակ չունեինք, ստեղծվեցին կամավորների անձնուրաց խմբեր, որոնց նպատակը նույնն էր: Գաղափար ունեին՝ հայրենիքի գաղափարը, եւ Հայաստան աշխարհը համախմբվեց այդ գաղափարի շուրջ:



 



Ասել, որ Հայաստանը տերերի ու ստրուկների երկիր է, որ ժողովուրդը չէ իշխանության տերը, այն  օլիգարխների սեփականությունն է, ամենամեղմ ասածներն եմ մեջբերում ու այդքանից հետո փորձել «բարեւով» հարց լուծել, գոնե ինձ համար անհասկանալի է: Ու սպիտակ դրոշով, անզեն դուրս գալ հակատակորդի դեմ, ասելով՝  անսա իմ ձայնը, որովհետեւ իմ ետեւում հայոց զորքն է, որովհետեւ ես արյուն չեմ ուզում ու դա ասել այնպիսի մի մարդու, ով հենց ասողի խոսքերով «պատմական հետագիծ ունի», ով պատերազմի փորձ ունի, էլի անհասկանալի է: Հակառակորդը կարող է ետ նայել ու ասել՝ ու՞ր է զորքդ: Կարելի՞ է  զգայացունց բառերով հակառակորդին պարտադրել՝ զինաթափ լինել… Զգայացունց քայլերով կարելի՞ է ստիպել… Միայն ուժերի հավասարակշռությունը կարող է ստիպել, որ հակառակ ճամբարում կանգնածը հաշվի նստի քո հետ… Քավ լիցե, կողմնակից չեմ հայը հայի դեմ հանելուն, բայց այս պարագայում, երբ ամեն ինչ ընթանում է «բարեւի» սահմաններում, գոնե պետք է հրապարակում ապահովվի ընտրազանգվածի 10 տոկոսի առկայությունը… 



 



Ժողովուրդն իր խոսքն ասել է, մնում էր հետեւողական լինել ու մոբիլիզացնել քաղաքական դաշտը: Միավորել քաղաքական այն ուժերին, ովքեր դեմ էին ու երկարատեւ պայքարով ապացուցել էին, որ իրենք դեմ են համակարգին… Քաղաքական կոնսոլիդացիա, որը ցավոք չկայացավ ու գաղափար, որի շուրջ կարող էին համախմվել բոլորը, դա էլ չեղավ… Մինչեւ հիմա էլ հստակ չէ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հրաժարակա՞նն է կարեւորում, թե՞ ասենք որոշակի զիջումները… գնում է համակարգի ամբողջակա՞ն, թե՞ մասնակի փոփոխությունների… Ավելին, շարժման առաջնորդը սեւեռվեց Սերժ Սարգսյանի հետ հանդիպման առաջնային թեմային, որը օրակարգում պետք է դրվեր վերջինը, երբ ունենար ուժերի համապատասխան քանակ ու դասավորվածություն… Երբ Ազատության հրապարակը պայթեր բազմամարդությունից… Բայց քանի որ դա այդպես չեղավ, ի՞նչը կարող է ստիպել գործող նախագահին՝ կոմպրոմիսի, զիջումների գնալ… Միայն լիքը հրապարակը: Ազատության հրապարակ գործուղվող բարձրաստիճան  պաշտոնյաների մուտքը հրապարակը թեթեւացնելու միտում չունի՞…



 



Հեռու չէ, հիշենք Մասիվի հիվանդանոցի այցելությունները… Առաջին նախագահի հանրահավաքների ժամանակ, երբ մի բարձրաստիճան պաշտոնյա այցելեր հրապարակ, անգամ հնարավոր չէր պատկերացնել հետեւանքները: Մարդիկ գիտեին, թե ում եւ ինչու չէին ուզում: Իսկ հիմա, ով ասես կարող է գալ ու առանձնանալ Րաֆֆիի հետ… Հասկանում եմ, որ դա բարեւի, սիրո հեղափոխություն է, որ հանդուրժողականության հեղափոխություն է, բայց ընդունենք, որ հանդուրժողականությամբ հեղափոխություն, փոփոխություն  չի լինում, իսկ սերը այդքան ուղղակի չպետք հասկանալ… Սերը պետք է տարածել փոփոխությունների պատրաստ ժողովրդի վրա եւ հանուն նրա՝ պատրաստ լինել կատարելու այդ փոփոխությունը: Եթե կարող ես, եթե ուժիդ սահմաններում են:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ