Մինչեւ վերջին քարը

Մինչեւ վերջին քարը
Հայ մարդն իրավիճակին հարմարվելու զարմանալի հատկություն ունի: Եթե մտաբերենք, թե ինչերի հետ է հաշտվել ու հարմարվել մեր հասարակությունը, կհասկանանք դարերի մեջ մեր ազգի գոյատեւելու գաղտնիքը: Շատ հեռու պետք չէ գնալ՝ ընդամենը 20 կամ 10 տարի ետ դառնանք:



 



Եթե 1998-1999 թվերին որեւէ մեկն ասեր, որ 2008-ից ուղիղ 10 տարի երկրի նախագահ է լինելու Սերժ Սարգսյանը, մենք դա առնվազն կատակ կհամարեինք: Եթե որեւէ մեկը 90-ականներին ասեր, որ արտաքին գործերի նախարարության շենքը դարձնելու են հյուրանոց, նման բան ասողին մենք առնվազն խելագարի տեղ կդնեինք: Եթե որեւէ մեկը 90-ականներին կանխատեսեր, որ  20 տարի անց մեր քաղաքական դաշտի ամենածանրակշիռ ուժերից մեկը գլխավորելու է սովետական բանտերում կալանք կրած, ապա ռեաբիլիտացված եւ երկրի ամենահարուստ անձանցից մեկը դարձած ոմն, մենք կհրաժարվեինք դրան հավատալ: Եթե որեւէ մեկն այդ նույն թվերին ասեր, որ 88-ի շարժման հերոսներից մեկը հետագայում մեղադրվելու է ծանրագույն քրեական հանցանքների մեջ, ապա փախուստի է դիմելու եւ ընդհատակում է անցկացնելու տասը եւ ավելի տարիներ, դա մենք առնվազն վիրավորանք կհամարեինք մեր պատմության հասցեին:



 



Եթե որեւէ մեկն ասեր, որ 2013 թվականին կրկին օրակարգում է հայտնվելու Սովետական Միություն կամ դրա նման մեկ այլ միավորում ձեւավորելու հարցը, մենք ուղղակի կծիծաղեինք այդ ֆանտազյորի վրա: Իսկ եթե հանկարծ մեզ ցույց տային, թե 20 տարի անց ինչ տեսք է ունենալու մեր պաշտելի մայրաքաղաքը, ապշահար կլինեինք: Սակայն երեկ տեղեկացանք, որ սա դեռ ամբողջը չէ. Երեւանի քաղաքապետարանը որոշել է վերակառուցել Հանրապետության հրապարակը: Պարզվում է՝ աշխարհի ամենագեղեցիկ հրապարակներից մեկն այլեւս չի բավարարում սրանց: Սա էլ են որոշել ավերել: