Կիվիրյանին մեղադրանք կառաջադրեն

Կիվիրյանին մեղադրանք կառաջադրեն

Ոստիկանությունը բազմաստիճան տակտիկա է մշակել քաղաքացիական ակտիվիստ, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ, որն օգոստոսի 24-ին բռնությունների ենթարկվելու վերաբերյալ բողոք է ներկայացրել ՀՀ ոստիկանություն եւ ՀՔԾ: Ոստիկանների սցենարի առաջին քայլը քրգործի հարուցումն էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության հոդվածով (Քրօր. 316): Հաջորդ քայլը լինելու է Կիվիրյանին մեղադրանքի առաջադրումը: Մեր տեղեկություններով, ոստիկանությունում նույնիսկ Կիվիրյանի վնասվածքների առաջացման վարկած են մշակել՝ ինքնավնասման սյուժե: Իբր ոստիկանական մեքենայում, Արաբկիրի բաժին բերման ենթարկվելու ժամանակ, Արգիշտի Կիվիրյանն աջ ու ձախ է նետվել, դունչը խփել է որտեղ պատահի, որպեսզի արյունոտի դեմքը, ուղեղի ցնցում եւ այլ վնասվածքներ ստանա: Մինչդեռ Կիվիրյանը վստահեցնում է, որ դրանք հասցրել են ոստիկանները, որոնք մահակներով ծեծի են ենթարկել իրեն, հայհոյել են, արյունոտել դեմքը եւ փորձել են խեղդել: «Հնարավո՞ր եք համարում, որ Կիվիրյանին 316-րդ հոդվածով մեղադրանք առաջադրվի եւ ինքնավնասման վարկած առաջ քաշվի»,- հարցրինք Կիվիրյանի կնոջը՝ փաստաբան Լուսինե Սահակյանին, որը նաեւ նրա շահերն է պաշտպանում: «Դա ձեզ կզարմացնի՞: Իրենք այդ հարցում պրոֆեսիոնալ են: Նրանք տեսան, որ մարմնական վնասվածքները չեն կարողանում հիմնավորեն, «316» են սարքում: Մենք հաղորդում ենք ներկայացրել, իրենք էլ միանգամից գործ են հարուցել 316-րդ հոդվածով, որ դրանով չեզոքացնեն հանցագործության մասին մեր հաղորդումը»,- ասաց փաստաբանը: