Հազկերտի նամակը ռեկտորներին

Հազկերտի նամակը ռեկտորներին

Ինչպես անել, որ բուհական կրթության վարձավճարների բարձրացման դեմ բողոքի ալիքը տաքուկ կաբինետներից չսրբի-չտանի բուհական գործի մեր կազմակերպիչներին: Զորօրինակ Արմեն Աշոտյանին կամ այն ռեկտորներին, ովքեր իրենց գործունեության իմաստը տեսնում են միայն շատ փող աշխատելու մեջ: Եթե հաշվի առնենք կրթության եւ գիտության բնագավառի ներկայացուցիչների հետ վերջին փակ հանդիպումը, կարելի է ասել, որ մինչեւ անգամ երկրի նախագահն է մտահոգ այս խնդրով: Հենց այս հանգամանքը, թվում է, ԿԳՆ-ին պետք է դրդեր լրջորեն մոտենալ հարցին, բայց, ավաղ, ամեն մեկին տրված չէ լրջմիտ լինել:



Ահավասիկ, սեղանի վրա է ԿԳ նախարար Աշոտյանի շրջաբերականը բուհերի ռեկտորներին: Նախարարն իր այդ հրովարտակով ռեկտորներից պահանջել է նախապատրաստական բաժանմունքներ ընդունված սիրիահայերի համար սահմանել ուսման վարձի 50 տոկոս զեղչ, իսկ առաջին եւ ավելի բարձր կուրսերում սովորող սիրիահայերից գանձել այնքան, որքան 2012-2013 ուստարվա համար նախատեսված է գանձել ՀՀ քաղաքացիներից: Աշոտյանը հոգացել է նաեւ, որ շրջաբերականը մի քիչ էլ հայրենասիրությամբ բուրի: Մեջբերենք այդ հատվածը. «Սիրիայի բուհերից ՀՀ բուհեր տեղափոխվել ցանկացող սիրիահայ ուսանողների համար, եթե առարկայական տարբերությունները գերազանցում են 20 կրեդիտը, սահմանել առարկայական տարբերությունների հանձնման ժամկետ եւ նրանց հնարավորություն տալ ուսումնառությունը շարունակել այն կուրսից, որից նրանք տեղափոխվել են»: ԿԳ նախարարն ուզեցել է ասել՝ ամեն ինչ արեք, որ սիրիահայ ուսանողներն ուրիշ երկրներ չգնան ուսանելու, այլ գան հայրենիք եւ սովորեն հայրենի բուհերում: Ահա այսպիսի հակիրճ, հատու եւ համապարփակ շրջաբերական:



Մյուս կողմից էլ՝ մենք արդեն համոզվել ենք, որ եթե մի բանի հեղինակն Արմեն Աշոտյանն է, չեն կարող այդ գործում տրամաբանության հետ կապված խնդիրներ չլինել: Ամենաթարմ օրինակը բերենք: Նախագահի հետ հանդիպումից հետո Աշոտյանը հայտարարել էր, որ բուհական վարձավճարների բարձրացման հետ կապված հասարակական բողոք չկա: Մեկնաբանությունները, ինչպես ասում են, ավելորդ են:



Բայց մենք գանք խնդրո առարկա շրջաբերականին: Արմեն Աշոտյանը, չգիտես որտեղից, գիտի, որ նախապատրաստական բաժիններ ընդունված սիրիահայ ուսանողների ծնողներն ավելի աղքատ են, քան առաջին, երկրորդ եւ մյուս կուրսերում սովորողների ծնողները: Այլապես պարոն նախարարն ինչո՞ւ պետք է 50 տոկոսով զեղչեր նախապատրաստական բաժնում ուսանող սիրիահայերի ուսումնական վարձը, իսկ մյուսների համար այն թողներ նույնը, ավելի ճիշտ՝ բարձր կուրսերում ուսանող սիրիահայերին հավասարեցներ ՀՀ քաղաքացիներին: Կարծում ենք՝ պարոն Աշոտյանը դեռ պետք է բացատրի այս նրբությունը, այլապես տպավորությունն այնպիսին է, կարծես նա Տարոն Մարգարյանի գործի շարունակողը լինի: Վերցրել ու, եղունգին նայելով, որոշում է կայացրել ուսման վարձի (նույնն է՝ ուղեվարձի) մասին:



Այդուհանդերձ, կուռ տրամաբանությամբ չփայլող Աշոտյանի այս շրջաբերականում խնամքով թաքցված քարոզչություն կա: Այլ խոսքով՝ ենթատեքստ: Խորամանկությամբ Աշոտյանին չես գերազանցի, մանավանդ, երբ մեջտեղում ուղեղ լվանալու խնդիր կա: Մենք պատահաբար չհիշատակեցինք Աշոտյանի այն հայտարարությունը, թե վարձավճարների թանկացման դեմ Հայաստանում հասարակական բողոք չկա: Սա, իհարկե, ծիծաղելի է: Եթե բողոք չկա, նշանակում է՝ հասարակությունն ընդունում եւ մի բան էլ ողջունում է ուսման վարձի թանկացումը: Իսկ քանի որ նման բան լինել չի կարող, Աշոտյանի այս եւ հետագա մյուս շրջաբերականները, բնական է, պետք է ուղղված լինեն ԿԳ նախարարի կամքից անկախ գոյություն ունեցող բողոքի ճնշմանը: Կոնկրետ այս շրջաբերականով, որն իբր ռեկտորներին է ուղղված, ՀՀ քաղաքացիներին հստակ ասվում է՝ հարգելիներս, տեսեք, որ ներքին պատերազմից ու արտաքին ճնշումներից տուժած Սիրիայի քաղաքացիները վճարում են ձեզ հետ հավասար, հետեւաբար, ամոթ է բողոքել վարձավճարների չափից:



Աշոտյանը, փաստորեն, Սիրիայի հետ կապված գեոպոլիտիկական խնդիրը փորձել է ծառայեցնել ՀՀ բուհերի բարեկեցության գործին: Թե որքանով է դա նրա մոտ ստացվել, դատեք ինքներդ, իսկ մենք ավելորդ չենք համարում մեկ անգամ եւս կրկնել, որ գոյություն ունեցող ուսման վարձերի կրկնապատկման եւ եռապատկման դեպքում անգամ մենք եվրոպական չափանիշներին համապատասխանող բարձրագույն կրթության համակարգ չենք ունենա: Աշոտյանը ճիշտ է, երբ ասում է, որ բարձրագույն կրթությունը թանկ ապրանք է, ու դրա համար պետք է վճարել, բայց Աշոտյանը չի տարբերում իսկական բարձրագույն կրթությունը Հայաստանի բուհերի տված անորակ կրթությունից: Թանկ ապրանք է նաեւ օղին: Սակայն կա Մոսկվայի «Կրիստալ» գործարանի օղի եւ կա «Երեւան սիթիի» պադվալի օղի: Երկուսի համար էլ մարդիկ վճարում են, բայց մի դեպքում՝ օղու, իսկ մյուս դեպքում՝ չգիտես ինչի համար: Այդ «չգիտես ինչը», եթե նույնիսկ վաճառես «Կրիստալի» գնով, օղի չի դառնա: Նույնն էլ բարձրագույն կրթության բնագավառում է: Օքսֆորդին վճարես՝ ուրիշ բան կստանաս, ԵՊՀ-ին վճարես՝ բոլորովին ուրիշ: Մեր բուհերում բարձրագույն կրթությունն ու գիտությունը անկյուն են քշված: Ռեկտորից սկսած, դեկաններով ու պրոֆեսորներով վերջացրած՝ բոլորն զբաղված են ուսանողներից ուսման վարձի հավաքագրմամբ: Բոլորն աշխատավարձի ու գոյության հարց են լուծում: Բա ե՞րբ են զբաղվում գիտությամբ, բա դասախոսությունների ժամանակ նրանց միտքը ե՞րբ է կենտրոնանում առարկայի վրա: Քննությունների ժամանակ առաջինը նայում են՝ վճարե՞լ է ուսանողը, թե՞ պարտք ունի բուհին ու իրենց: Շուկա՝ բառիս բուն իմաստով: Ե՞րբ է վերջին անգամ մի հանրահայտ գիտական հանդես անդրադարձել հայաստանյան որեւէ բուհում կատարվող գիտական հետազոտություններին, ե՞րբ է վերջին անգամ հայ գիտնականի նկար տպագրել իր էջերում: Վերջին անգամ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ե՞րբ է եղել որեւէ առաջատար բուհում եւ հետաքրքրվել այդ բուհի դրվածքով, փորձե՞լ է արդյոք հետաքրքրվել, թե ինչպես են այդ բուհի ուսանողները վճարում բարձրագույն կրթության համար եւ ինչ են ստանում իրենց վճարած գումարների դիմաց:



Հենց մի բան ենք ասում Աշոտյանին, հիշում է, որ մեզ մոտ գործում է վարձավճարների ճկուն համակարգ: Ճիշտ այն վրացու նման, ում երբ քննադատում ես, պատասխանում է՝ «իՈՑՏ ց վՈր ՉՌվՏ ւՏՐՏՔՏպ»: Ոչ, պարոն Աշոտյան, պարզապես չի կարող անառողջ երկրում նորմալ բուհ եւ նորմալ բարձրագույն կրթություն լինել: Մեր բուհերը բիզնես բնագավառներ են, քաղաքականացված հաստատություններ, ուսանող երիտասարդության ուղեղների լվացման ֆաբրիկաներ: Սրանով էլ պայմանավորված է մեր բուհերի արտադրանքի որակը: Որքան ներդրում ուզում ես՝ կատարիր: Երբ բացակայում է բարձրագույն կրթություն ասվածի տարրական ըմբռնումը, միեւնույն է, այդ գումարները կամ մսխվում են, կամ էլ, լավագույն դեպքում, վերածվում եվրո դուռ-լուսամուտների, որոնք միայն արտաքին փայլ են հաղորդում բուհական մասնաշենքերին:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ