Լուսինե Զաքարյանի տան ժառանգորդ ճանաչել պետությանը

Լուսինե Զաքարյանի տան  ժառանգորդ ճանաչել պետությանը

Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում երեկ քննարկվում էր Եզնիկ Կողբացի 42/3 հասցեում գտնվող Լուսինե Զաքարյանի եւ Խորեն Պալյանի բնակարանը հետ ստանալու եւ տուն-թանգարանի վերածելու հարցը, որը դարձել է Խորեն Պալյանի մոտ ու հեռավոր ազգականների կռվախնձորը: Հանրային խորհրդում այս հարցը բարձրացրեց Վարդուհի Սուքիասյանը, ով Պալյանի հոգեզավակներից է եւ բնակարանը թանգարանի վերածելու նախաձեռնությամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ամիսներ առաջ խումբ է բացել: Ինչպես հայտնի է, մի քանի ամիս առաջ, 5 օր շարունակ, ոմանց անփութության պատճառով ջրեր էին հոսել տանը, ինչի հետեւանքով տունն ավերվել էր: Վերջինս նշեց. խնդիրն այն է, որ Խորեն Պալյանը մահից հետո բնակարանը ժառանգել է Լուսինե Զաքարյանին եւ կտակ չի թողել, ինչի արդյունքում ժառանգորդ են համարվում Պալյանի ազգականները, ովքեր էլ վեճի առարկա են դարձրել տունը: «Փաստացի Պալյանի ժառանգորդը` նրա եղբորորդին` Րաֆֆի Պալյանը, տունը թանգարանի վերածելու փոխարեն ավերել է՝ այնպես, որ սանէպիդկայանի միջամտությունն է պահանջվում: Իմ առաջարկն է, որ նրանք տունը հանձնեն պետությանը եւ այն ամենը, ինչ տնից հանել են»,- նշեց Վարդուհի Սուքիասյանը: Ավելին, քննարկմանը ներկա իրավաբաններից մեկն էլ նշեց, որ գույքը փչացնելու պայմաններում նրանք կարող են համարվել անարժան ժառանգորդներ, ինչի հետեւանքով տվյալ գույքը կտրամադրվի պետությանը կամ որեւէ այլ կազմակերպության: Ինչպես նշեց Վարդուհի Սուքիասյանը, տունը թանգարանի վերածելու խնդրանքով դիմել են մշակույթի նախարարությանը, որտեղից ասել են, որ նախ դա մասնավոր սեփականություն է, եւ եթե ժառանգները կամավոր չհանձնեն իրենց, նախարարությունը ոչինչ անել չի կարող, հետո էլ փոխնախարար Արեւ Սամուելյանը նշել է, որ էքսպոնատները քիչ են, եւ հիմքեր չկան բնակարանը թանգարան դարձնելու համար: Քննարկման ընթացքում տարբեր առաջարկներ հնչեցին՝ նամակով դիմել արդարադատության նախարարին, ապա՝ Սերժ Սարգսյանին, քանի որ նա էլ է եղել Խորեն Պալյանի ուսանողներից: Բայց այդ ժամանակ մի տիկին տեղից փոխանցեց ժառանգորդի` Րաֆֆի Պալյանի խոսքը, ով Խորհրդին խնդրել էր սպասել եւ վստահեցրել, որ տունը մաքրվելու ու դառնալու է թանգարան: Տիկինը նաեւ նշեց, որ դատարանում բնակարանի ժառանգորդի վիճարկման հարցով հայց է ներկայացված, եւ ցանկացած դեպքում պետք է սպասել դատարանի վճռին: Խոսքն այն մասին է, որ Գերմանիայում բնակվող մի կին, ով հայտարարում է, թե զավակ ունի Խ. Պալյանից, վիճարկում է ժառանգի կարգավիճակը եւ ուզում է բնակարանին տեր դառնալ: Բայց դա զայրացրեց ներկաներին, ովքեր անկեղծորեն զարմանում էին, որ եթե բոլորը կողմ են տունը թանգարանի վերածելուն, ապա ինչո՞ւ հասցրին այդ վիճակին: Խորհուրդը որոշեց հակընդդեմ հայցով հանդես գալ եւ ժառանգորդ ճանաչել պետությանը: Ներկաներից մեկն էլ նշեց, որ վերջնական արդյունքում այնքան էլ կարեւոր չէ, թե ով է ժառանգորդը, կարեւորն այն է, որ բոլորն էլ ուզում են, որ տունը թանգարան դառնա:



 



Սոնա Ադամյան



sona.adamyan@ hraparak.am