Սիրուն չէ, Ազատիչ

Սիրուն չէ, Ազատիչ

 Մուշեղ Մկրտչյանը գրում է. «Չգիտեմ՝ բրիտանացի գիտնականներն ապացուցել են, թե ոչ, բայց տարածված կարծիք կա, որ բանական մարդուն ամենաշատը զայրացնում է, երբ իրեն հիմարի տեղ են դնում։ Խոսքս վերաբերում է Ս. Սարգսյանի ստրասբուրգյան ելույթին։ Այն, որ ՄՄ-ն եւ ԱՀ-ն անհամատեղելի են, արդեն մի քանի տարի է, ինչ պարզ է նույնիսկ փորձագիտական մակարդակով։ Ավելին` հայաստանյան բանակցային խմբի եւ ԵՄ-ում դեսպանի պարտականությունն էր՝ այդ մասին տեղեկացնել գործող նախագահին։



Ու նախագահի մակարդակով բարձր ամբիոնից հայտարարել, որ այդ խնդիրն ի հայտ է եկել վերջերս, առնվազն անազնիվ է, եթե ոչ մարդկանց հիմարի տեղ դնելու փորձ։ Նույնիսկ ՄՄ-ին միանալու հայտարարությունից հետո շարունակել պնդել, որ ցանկալի է այդ երկուսը համատեղել, կամ որ երեքուկես տարի բանակցել են` չտեսնելով այդ հակասությունը…։ Կամ բանակցող թիմը չի տիրապետել իրավիճակին եւ ապատեղեկացրել է նախագահին, կամ էլ նախագահն այս 3 տարիների ընթացքում անազնիվ խաղ է խաղացել, ինչն ինձ ավելի հավանական է թվում։ Խաղի նպատակն էլ պրիմիտիվորեն հասկանալի է բոլորին։



Մեղմացնել ՄԻ եւ ժողովրդավարության հարցերում ԵՄ ճնշումները եւ փորձել ժամանակ շահելով նույնիսկ գումարներ պոկել։ Պետք չէ թերագնահատել եվրոպացիներին։ Ասիական խորամանկություններին նրանք ծանոթ են վաղուց։ Սակայն, երբ այժմ բոլորին ամեն ինչ պարզ է, գուցե դադարեցնե՞լ այդ պրիմիտիվ խաղը եւ մի ամբողջ ժողովրդի ծաղրի առարկա չդարձնել։ Ամոթ է պրովինցիալ պրիմիտիվ պնդաճակատությամբ «եւ, եւ»-ի գիծը շարունակելն ու նմանվել չուկչաների մասին անեկդոտների հերոսներին։



Ինչ վերաբերում է ԵՄ եւ ՌԴ միջեւ ընտրության հարցում տնտեսական եւ աշխարհաքաղաքական տարբեր գործիչների խորիմաստ վերլուծություններին եւ այն բանին, թե ով ոնց է ընկալում բարդ իրավիճակում հայտնված Հայաստանի քաղաքականությունը, ապա այս հարցում էլ կա մեկ համամարդկային արժեհամակարգին բնորոշ ընկալում։ Կամ Հայաստանի եւ Արցախի նպատակն ազատությունն ու անկախությունն է, կամ ավտորիտար համակարգերի ամրապնդումն ու հարեւանների հետ տարածքային վեճերը։ Հայտնի ասացվածք կա։ Դեմոկրատիաներն իրար դեմ չեն պատերազմում։ Իսկ ազատության համար պայքարի մասին Հայաստանում կարծես թե մոռացել են։ Սիրուն չէ, Ազատիչ»։