Դեֆոլտի նշաններ

Դեֆոլտի նշաններ

Վերջին շաբաթներին օբյեկտիվորեն աշխուժացել է երիտասարդ սերնդի մտահոգությունն իր իսկ ապագայի նկատմամբ՝ մասնավորապես քառորդ դար հետո բարեկեցիկ  ծերություն   ապրելու աներաշխիք խոստումներից հետո։



 



Որքան մոտենում է 2014թ. հունվարի 1-ը, այնքան պարտադիր կենսաթոշակային կուտակում կատարելու ուղղությամբ եթերում տրվող գովազդը մեծացնում է հաճախականությունը։ Այն հիշեցնում է Սերգեյ Մավրոդիի ֆինանսական բուրգի գովազդը։ Կարելի է մտածել, որ ինչ-որ տեղ ինչ-որ պայմանավորվածություն է եղել, ու  կարող է այն խափանվել, եւ պետությունը հնարավոր է կանգնի փաստի առաջ, եթե չկատարի իր պարտավորությունները։



 



Դժվար չէ ենթադրել, որ գուցե եղել են նախնական որոշակի պայմանավորվածություններ, որ լուրջ գրանտների տրամադրման դեպքում կառավարությունը կստանձնի որոշակի պարտավորություններ՝ պետբյուջեի ծախսային մասում թեթեւացնելու կենսաթոշակային ծանր բեռը։



Այսօր իշխանության տարբեր թեւերի հապճեպ գործողություններում առավել շատ են նկատելի անպատասխանատու հայտարարությունները եւ չհիմնավորված մեկնաբանությունները։ Այս ամենը հիմք է տալիս մտածելու, որ գուցե Հայաստանի Հանրապետությունը 4.5 մլրդ ԱՄՆ դոլար արտաքին պարտքն սպասարկելու գումարները դժվար է հայթայթում, իսկ գուցե չեն տրվում կամ կարող են տրվել բավականին կոշտ պահանջներով։ Իսկ գուցե մտավախություն կա, որ երկիրը կարող է կանգնել դեֆոլտի առաջ, եթե չիրականացնի կենսաթոշակային անորոշ եւ անհեռանկար բարեփոխումը։



 



Կարծում եմ՝ հանրության հետ պետք է ազնիվ խոսել եւ բաց տեքստով ներկայացնել իրողությունը։ Միայն այդ դեպքում կլինի վստահություն։



Գառնիկ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ



ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար