Ցար, յա

Ցար, յա

Ամբողջ գիշեր Մայդան հրապարակում` պաչպչվում են:



 



Աղջկա թշին՝ կապույտ ու դեղինը: Տղեն` կրակի կտոր, գրոհից սիրածի մոտ հենց նոր է վերադարձել:



 



Գիշերը` Պուծինին ընդառաջ, մի տեսակ շատ սիրուն է, մանավանդ ֆեյսբուքյան գրառումների ֆոնին: Մեկը երակներն է փրթում, մյուսը՝ տխրում հուսահատ, էն մեկը Հայաստանի պետականության անկման պատվին ռեքվիեմ է դնում, տակը գրում են. «Այ քեզ բան, դեռ ողջ ենք, մեր երկիրը դեռ շնչում է, իսկ դուք աղի արտասուք եք շաղում»:



 



Ուկրաինացիները Մայդանում կռիվ են տալիս, կամքի մասին բնագրեր են ստեղծում:



 



«Սլավա Ուկրաինա»:



 



«Բերկուտ շլյուխի, Յաննիկ սուտինյոր»:



 



Բակունցին Զանգվի ձորում գնդակահարում են: Արթին պապն ականջ է դնում հրացանի ձայնը խլացնող գետի շառաչին:



 



«- Պապի, թագավորը նամակդ որ ստանա, ի՞նչ պիտի անի։



 



- Կկարդա, հրաման կտա պրիստավին, որ Ադամով Եգորին, որտեղ որ է, սաղ֊սալամաթ հասցրեք իրեն հորը։



 



- Բա ո՞նց է գնալու նամակը։



 



- Էհ, դուք հլա աշխարհքի որտե՜ղն եք… Փոշտ կա, յասաուլ կա, պրիստավ կա։ Տանելու են թագավորի ձեռքին դնեն»:



 



Երեւանյան բնակարաններից մեկում Պուծինի մաման լացացնող պաստառներ են սղվում, ճամպրուկներից դուրս են բերվում կանացի շորեր: «Հայաստանը պոռնիկ չի, որ երբ ուզեք՝ շինեք, շատ էլ, որ փող ու գազի տռուբա ունեք», «Հիմար, հիմար դուրս մի տուր, ռուսը չըլներ՝ բոբիկ ոտքերդ կոշիկի էրես չէին տենա»:



 



Զզվում եմ խոսակցություններից, հենց բակում իրար գլխի մարդիկ են հավաքվում, գնում եմ, որ չլսեմ էս դադար չունեցող կրակահերթի շարանը, որտեղ ճշմարտությունները չծնված մեռնում են, լցվում տռզած աղբամանի մեջ: Բայց աղբամաններում այլեւս տեղ չկա: Ու ճշմարտությունները թափվելու են, գրավելու քաղաքի բոլոր փողոցները:



 



Թանձր սուրճ եմ սարքում:



 



Փաստորեն, լուսաբացն աներես գտնվեց: Պուծինի ինքնաթիռը դժվար թե ընկնի: Էքշնի թույն կուլմինացիա կլիներ: «Սերժը չունի ժողովրդի քվեն», «Դեպի բարիկադներ», «Սերժ, Պուծին՝ տերդ թաղենք», «Ո՛չ մաքսային գաղութացմանը»:



 



Հա, բա Սերժը չունի ժողովրդի քվեն, որտեղի՞ց ունենա: Վիլնյուսում ասես տրեխավոր գեղջուկ լիներ, նույնիսկ մի մատով չէին բարեւում, որովհետեւ նախագահը ոչինչ չունի: Գոնե ստվեր գցելու համար մեջք էլ չունի: Ուշքն ու միտքը ցարի այցն է, ոստիկանության բաժիններում խորշեր ավելացնելը, որ ցարին մի աչքով նայող արժանապատիվ քաղաքացիները բանտերում տեղ ունենան:



 



Երկնքից Պուծինն ա իջնում:



 



«Յա ցար, ցար, օչեն ռադ, ցար, ցար, յա ցար»:



 



Հայ նախարարները կզում են, ողջունում իրենց Հորը: Ագռավները սավառնում են երկնքում, ծրտելով գուժում անինքնիշխանության մահը: Հայոց հողի վրա ճայթում է ռուսական զորքի խրոխտ ողջույնը:



 



«Բա մեզ պահողը դրանք են, ռուսական զորքը չըլնի՝ աջից-ձախից կուտեն մեզ»:



 



Յախք: Գլխիդ քաշի սեւ, թանձր սուրճը, մետրոյով իջի խմբագրություն:



 



Պահոոո: Էսկալատորների մոտ ոստիկաններ են բուսնել: Տագնապած աչքերով հոտոտում են անցորդներին: Բա որ բոմբ դնեն: Բա որ մետրոյի անդաստաններից խփեն Պուծինին:



 



Վայ քո, նույնիսկ գնացքը դիմավորող վագոնավար-կինն է պճնվել: Երեւի սաղ գիշեր ֆորմա-ադեժդան խզարած՝ արդուկելով է անցկացրել: Այ քեզ ցար, այ քեզ Պուծին:



 



Հասնում եմ խմբագրություն:



 



Շենքի պատին նույն մոխրաթավալ էշերն են: Ներքեւում` նույն գրառումը: «Որտեղ քշեն, ընդեղ էլ կեթանք»:



 



Աստիճանների վրա կրակագույն պիոներներ են կանգնած: Հարցնում եմ` ովքե՞ր եք: Ասում են` հանրապետականներ: Ասում եմ՝ բա էս ո՞ւմ եք սպասում: Ասում են՝ Պուծինին:



 



Աղմուկ-աղաղակ է բարձրանում:



 



Ոստիկանության մեքենաները սարսափելի մեղեդիներով գալիս-մեխվում են շենքի դիմաց:



 



Սեւ մեքենայից իջնում է Սերժ Սարգսյանը: Պիոներնե՛ր, հավսար-զգա՛ստ: Վլադիմիր Պուծինին ողջույն, ողջույն:



 



Շուռ եմ գալիս, զարմացած հարցնում: Բայց էսի Պուծինը չի:



 



Արեւածաղիկ վաճառող տատիկը քրքջում է: Բայց ի՜նչ պակաս Պուծին ա որ:



 



Արամ ՊԱՉՅԱՆ