Տարոնն այս ճակատամարտը տանուլ տվեց

Տարոնն այս ճակատամարտը տանուլ տվեց

 Որքան արտառոց էին Տարոն Մարգարյանի գիտական նկրտումները, նույնքան էլ արտառոց էր նրա ատենախոսության պաշտպանությունը: Երեկ, կեսօրից քիչ անց, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը շրջապափակված էր ոստիկաններով, իսկ շենքի ներսում բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանն այնպիսի արտակարգ միջոցներ էր ձեռնարկել, որ անգամ հանրահավաքներ ճնշելու գործում հմտացած Վովա Գասպարյանը նրան կնախանձեր:



 



Լրագրողների դեմ, որպես կենդանի պատ, օգտագործվել էին բուհի ՀՀԿ-ական ուսանողները: Եվ քանի որ նախապես հայտարարված էր՝ պաշտպանությունը բաց է լինելու, մեծ թվով լրագրողներ էին ժամանել՝ լսելու եւ հիանալու երիտասարդ քաղաքապետի գիտական հայտնագործությամբ: Լրագրողների դեմն առնելու համար ռեկտորը չէր կարողացել ավելի լավ բան մտածել, քան իր մոտ ուսանող երիտասարդների ուժերով վայրի դիմադրություն ցույց տալը: Թվում էր՝ ոչ թե ատենախոսության պաշտպանություն է ՀՊՏՀ-ում կայանալու, այլ հեղաշրջման փորձ: Տարոնի հայտնագործություններն ըմբոշխնելու շտապած լրագրողներն իրենց մաշկի վրա, բառի բուն իմաստով, առաջին հարվածն ստացան հենց բուհի նախամուտքում. ուսանողներից կազմված պատը հայ-թուրքական սահմանից էլ անանցանելի էր:



 



Բուհի քարտուղարությունից տեղեկացրին, որ լրագրողներն առանց ռեկտորի թույլտվության չեն կարող մուտք գործել բուհի տարածք, ու հետն էլ ասացին, որ Աթոյանը հիմա անորոշ ժամանակով զբաղված է: Երբ լրագրողական համայնքը փորձեց իր վրդովմունքը հայտնել, ուսխորհրդի ՀՀԿ-ական ուսանողներն անցան հարձակման՝ անկյուններում դարանակալած հրոսակախմբերը, ու սկսեցին քաշքշել եւ սեռական բնույթի հայհոյանքներ շռայլել, թե դուք ով եք, որ մտնենք մեր բուհը: Հասկանալով, որ իրավիճակը դուրս է գալիս կառավարումից, թույլ տվեցին, որ լրագրողները մի քիչ շարժվեն դեպի դահլիճ, որտեղ պետք է լսեին «տարվա գիտնականին»: Սակայն, դահլիճ չհասած, լրագրողներին երկրորդ դիմադրությունն էր սպասվում. այստեղ արդեն «պատը» եռաշերտ էր, այն ճեղքել փորձողի ֆիզիկական անվտանգությունն ապահովված չէր, էլ չենք խոսում սեռական հայհոյանքների ու լկտի հումորի մասին:



 



Ի վերջո, լրագրողներին մոտեցավ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ով ասաց, որ պաշտպանությունը տեսագրելու եւ ձայնագրելու իրավունք ունի բուհը, ինչը եւ արվում է, իսկ լրագրողները` ոչ: Մեր դիտարկմանը, թե բուհի կանոններով՝ բոլոր պաշտպանություններն էլ բաց են հանրության առջեւ, ռեկտորը պատասխանեց՝ տեղյակ է, որ լրագրողները եկել են «շոու սարքելու` զինված ձայնագրիչներով եւ տեսախցիկներով, ինչի իրավունքը չունեն»: Մեր հարցին, թե բուհի կանոկարգի որ կետով է սահմանափակված լրագրողի ձայնագրելու-տեսագրելու իրավունքը, Աթոյանը չպատասխանեց: Ովքե՞ր են այդ աղմուկը բարձրացրած երիտասարդները, ի՞նչ իրավունքով են արգելում լրագրողների մուտքը դահլիճ, ռեկտորը պատասխանեց, որ բոլորին անձնապես չի ճանաչում, չգիտի` ով է ուսանող, ով` լրագրող, մինչդեռ ռեկտորի եւ լրագրողների բանակցությունների ողջ ընթացքում Աթոյանի հետեւում վայրենի բացականչություններ անող երիտասարդներն էլ ավելի էին ամրացրել «պատը»: Ռեկտորը, չկարողանալով լրագրողների հակադարձումների եւ հարցերի տակից դուրս գալ, ի վերջո խոստացավ, որ  լրագրողներին կթույլատրի առանց տեսախցիկների մուտք գործել դահլիճ, սակայն հանկարծ փոշմանեց, շուռ եկավ եւ գող կատվի պես հեռացավ` իր հետեւից հրահանգելով փակել պատն ու ձեռքով «հաջող» անելով լրագրողներին:



 



Հասկանալի էր, որ Տարոնի պաշտպանությունն ստանձնած նրա գիտական ղեկավար Կորյուն Աթոյանն ամեն ինչ արեց, որ իր պաշտպանյալի խեղճությունը չտեսնի հանրությունը: Սակայն պարզ չէ՝ այդ խեղճության տեսարա՞նն ավելի վարկաբեկիչ կլիներ, թե՞ այս ամոթալի սկանդալը, որը հեղինակազրկեց ոչ միայն քաղաքապետին, այլեւ բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտոր Աթոյանին: Փակ դռների ետեւում պաշտպանած գիտական թեզը, ի վերջո, ի՞նչ է տալու քաղաքապետին՝ իր անվան դիմաց գիտությունների թեկնածու կոչումը նշելու հնարավորությո՞ւն, որը մշտապես ասոցացվելու է այս խայտառակ պաշտպանության տեսարանների հետ:



 



 



ՀԳ - Լրագրողներն ստիպված էին ահազանգ հնչեցնել ոստիկանություն, որտեղից  50 րոպե անց էլ դեռ արձագանք չեղավ: Իսկ ավելի ուշ պարզ դարձավ հրոսակախմբի առաջնորդների ինքնությունը: Նրանցից մեկը ԵՊՏՀ ուսխորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանն է՝ ՀՀԿ երիտթեւի անդամ, նաեւ Երիտասարդական խորհրդարանի անդամ: Մյուսը Սերգո Խառատյանն է՝ կրկին ՀՀԿ-ական, ուսխորհրդի փոխնախագահ: Լրագրողներին հայհոյող երիտասարդն էլ Սարգիս Մուրադյանն է՝ եւս ՀՀԿ-ական: