Երկար պտույտներ` կարճատև արձակուրդի շուրջ

Երկար պտույտներ` կարճատև արձակուրդի շուրջ

Թվում է, թե ամեն ինչ շատ պարզ է ասված` Սերժ Սարգսյանը մեկնում է կարճատև արձակուրդ: Բայց` չէ: մերոնք կպել են, թե ինչո՞ւ է արձակուրդ վերցրել արձակուրդները դեռ չվերջացած, ո՞ւմ հետ է արձակուրդ գնացել, կարղ ա՞ մի բան էն չի, դրա համար է արձակուրդ վերցրել: Եղբայր, ինքը նախագահ մարդ է, ինքն է որոշում` ով և երբ արձակուրդ գնա: Չի՞ կարող իր համար էլ որոշի: Ենթադրենք` մի երկու օրով գնացել է փեսայի մոտ` Վատիկան: Ի՞նչ կա դրա մեջ, որ այդպես խառնվել եք իրար: Գնացել է մենակ` բան ունե՞ք ասելու: Ինչո՞ւ պիտի Հովիկ Աբրահամյանին էլ հետը տաներ: Մի անգամ մի բան է եղել` դարձրել եք մատի փաթաթան: Այնքան էլ վառ երևակայություն ունեք, որ էլ չասելու: Բա գիտե~ք, Ռոբերտ Քոչարյանն ու Տիգրան Սարգսյանը իրար տվել են, Սերժն էլ Հովիկին առել ու թռել է կարճատև արձակուրդ: Վերսիա եմ ասել` թայը չկա:



 



Ոչ մեկի մտքով չի անցնում, որ երկրի նախագահը, կարող է, մարդ պետք է տեսնի, և ցանկալի չէ, որ այդ մասին բոլորն իմանան: Չէ, ասում են, կա, չկա Սերժը արտերկրում պետք է համապատասխան մարդկանց հետ քննարկի մեր ներքաղաքական ճգնաժամի հարցը: Վազն անցեք: Այդ ե՞րբ է Սերժ Սարգսյանն այդքան կարևորել ներքաղաքական հարցերը: Ինքն է ամեն ինչ որոշում ներսում: Միշտ էլ մի հատ զայրանում է Տիգրան Սարգսյանի վրա, ու անցնում-գնում է: Կարևորը Սերժի համար ոչ Ռոբերտ Քոչարյանի փուչիկն է, ոչ էլ Տիգրան Սարգսյանի մտավոր ու բարոյական դեգրադացիան:



 



Մենք պետք է հասկանանք, որ Պուտինն այս օրերին զբաղված է Սոչիի օլիմպիական խաղերի կազմակերպչական հարցերով, և մինչև օլիմպիադայի ավարտը դա այն բարենպաստ ժամանակահատվածն է, որ կարելի է օգտագործել ինքնիշխանության միավորներ հավաքելու համար` տեսակցել եվրոպական որոշ պարտնյորների հետ, պայմանավորվել առտնին մանր-մունր հարցերի շուրջ, իսկ եթե մի հնար լինի` նաև փող խնդրել մինչև մարտ էշը ցեխից հանելու համար: Կուտակային կենսաթոշակային համակարգ են ներդրել, չէ՞: Իսկ դա նշանակում է, որ պետք է աշխատավարձ տան, որպեսզի կարողանան նաև 5-10 տոկոս պահել այդ աշխատավարձից: Բայց որտեղի՞ց տան աշխատավարձը, որ մի հատ էլ պարտադիր բաղադրիչը իրենց պահեն:



 



Ռուսները մի հիմար սովորություն ունեն: Հենց պախմելից դուրս են գալիս, սկսում են թարս գործեր բռնել` մեկի գազն են փակում, մյուսի լույսն են անջատում, երրորդի նավթամուղը դուրները չի գալիս, չորրորդն ընդհանրապես աչքներին սատանա է երևում: Այնպես որ, Սերժին ու մեզ դեռ շատ անակնկալներ են սպասում: Մենք պետք է շնորհակալ լինենք, որ նախագահը ձեռքերը ծալած չի նստում մյուսների պես: Այնպես որ, հարգելի վերլուծաբան կոլեգաներ, դուք ճիշտ եք մի հարցում` արձակուրդ բառն այս դեպքում հարաբերական հասկացություն է:



 



Իսկ ձեր մտավախությունները, թե Հովիկ Աբրահամյանին է հետը տարել, որ մի կուշտ բամբասի Ռոբերտից ու Տիգրանից, անհիմն են: Արդեն բոլորին է հայտնի, որ Տիգրան Սարգսյանը իրերն է հավաքում: ԱԺ-ն իր վերջին քվեարկությամբ ցույց տվեց, որ այս կառավարությունը, և ոչ միայն կառավարությունը, ոտքով-գլխով կորած է, եթե չլինի Հովիկ Աբրահամյանը: Բավական էր Հովիկ Աբրահամյանը տապալեր Գազպրոմին նվիրատվություն անելու համաձայնագիրը, իսկ դրա բոլոր նախադրյալները կային, և Հայաստանում ոչ ոք չէր հասցնի արձակուրդ գնալ: Հետևաբար մտածել, թե Սերժ Սագսյանը դեռ այս կառավարությունը փրկելու ծրագրեր է մտմտում, մի քիչ ճիշտ չէ: Այլ հարց է, թե նա մեզ ինչո՞վ կզարմացնի մարտին: Կնշանակի նոր վարչապե՞տ, թե՞… Թե՞ կմիավորի նախագահի և վարչապետի պաշտոններն իր ձեռքում: Ասում եք` Սահմանադրությո՞ւն: Սահմանադրության ժամանակներն անցել են: Մի մոռացեք, որ մենք այս տարի դառնալու ենք Մաքսային միության լիիրավ անդամ, իսկ դրա համար մեզ պետք են Լուկաշենկոյի, Նազարբաևի և վերջապես Պուտինի տիպի ղեկավարներ, որոնց վարչապետները ավելին չեն, քան անգլիական թագուհին:



 



Ի դեպ, կուզենայինք իմանալ նաև, թե ի՞նչ է կարճատև արձակուրդ ասվածը, քանի՞ օր է ձգվում: Դա էլ, երևի, խելամիտ ժամկետի պես մի բան է, որ երբեք չգիտես, թե ինչքան կտևի: Բայց եկեք դրա վրա չկենտրոնանանք, որովհետև կարող ենք բաց թողնել ամենահետաքրքիր մասը: Տոները վերջացել են, իսկ մոսկաները շարունակում են լռել: Գուցե Սերժ Սարգսյանին այս կարճատև արձակուրդը պետք էր մոսկաներին տրվելիք համապատասխան ցուցումները մշակելո՞ւ համար: Այդ դեպքում արդեն փարատվում են բոլոր կասկածները, թե Սերժ Սարգսյանը կարճատև արձակուրդի է տարել նաև Հովիկ Աբրահամյանին: Հասկացաք չէ՞… Այո, Ռոբերտ Քոչարյանի և Հովիկ Աբրահամյանի կապերն ո՞վ ունի:



 



Էդիկ Անդրեասյան