Մեռելածին օրենքինը՝ 30 օր է

Մեռելածին օրենքինը՝ 30 օր է

Ո՞ւմ համար պարզ չէ, որ, դեռ ուժի մեջ չմտած, կուտակային կենսաթոշակի և դրա պարտադիր բաղադրիչի մասին օրենքը մեռելածին է: Բոլոր հաշվարկներն էլ ցույց են տալիս, որ հավաքագրվելու են չնչին գումարներ, որոնք, ամենամեծ ցանկության դեպքում էլ այն էֆեկտը չեն ապահովելու, որ 30 տարի հետո մարդկանց մարդավայել կենսաթոշակ տան: Շատ հասարակ մի բան՝ ո՞վ գիտի, թե, շատ չէ, մի հինգ տարի հետո դոլար-դրամ ինչպիսի հարաբերակցություն է լինելու: Ո՞վ գիտի, թե ինչպիսի դրամական միավոր է լինելու Հայաստանում 30 տարի հետո և ինչ հարաբերակցություն է ունենալու այդ միավորը դրամի հետ, որով պիտի կուտակվի կենսաթոշակը:



 



Կա՞ Հայաստանում մի ընտանիք, (բացառիկները չհաշված), որ չի տուժել Խորհրդային Միության բանկերին պահ տրված գումարների հաշվով: Անձյական օրինակս բերեմ՝ հայրս 5000 ռուբլի ուներ խորհրդային խնայբանկում: Նրա մահից հետո խնդրեցինք վերահաշվարկ անել: Պարզվեց, որ նրա ժառանգներին այդ գումարից հասնում է 380 դրամ 52 լումա: Մարդիկ ի՞նչ է, խելագա՞ր են, որ հիմա էլ այս կառավարությանը հարստացնեն ու օր ծերության խաբված նստեն:



 



Օրվա կառավարիչները հաճույքով այս հիմար օրենքի մեղքը գցում են իրենց նախորդ իշխանությունների վրա: Հաճախ կարելի է լսել, իբր, այս օրենքի հիմքերը դրվել են Քոչարյանի ժամանակ: Շատ բարի: Ենթադրենք՝ դրվել են: Քոչարյանի ժամանակ ներգաղթ էր Հայաստանում, աշխուժություն էր, Քոչարյանի ժամանակ ներդրումներ կային: Այդ ամենը կարող էր և հիմք հանդիիսանալ նման մի օրենք ընդունելու համար: Թե ինչու այն ժամանակ չընդունվեց այս օրենքը, դժվար է ասել, բայց ահա, թե ինչու չընդունվեց 2010-ին, թույլ տվեք արդեն հստակ մեղադրել Տիգրան Սարգսյանի կառավարությանը: 2012 թվականին ԱԺ ընտրություններ, 2013-ին՝ նախագահի ընտրություններ: Արժե՞ր այդպիսի մի օրենքով ավելորդ դժգոհություն հարուցել հանրության շրջանում: Վերարտադրվելու հարց էր լուծվում, և օրենքը հետաձգեցին: Այսօր դիմացը ընտրություններ չկան: Ավելին՝ իրենք, կարծես, հեռացող իշխանություն են: Եվ ուրեմն ինչո՞ւ մարդկանց մինչև վերջ չկլպեն: Սա է այս օրենքի փիլիսոփայությունը:



 



Կարծում ենք, ամենևին էլ պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն այս հարցում պաշտպանում է վարչապետին: Օդ ու ջրի պես փող է հարկավոր, չվերահսկվող փող, որ կկարողանան տնօրինել «չերեզ» մասնավոր ընկերություններ, որոնց տվել են այդ փողը հավաքագրելու իրավունքը:



 



Հասարակության մի հատվածը, թույլ տվեք ասել՝ խելացի հատվածը, բողոքքում է այս օրենքի դեմ: Մյուս հատվածը, դարձյալ երիտասարդներ, կամ չեն աշխատում, կամ ՀՀԿ-ի ու իշխանությունների գծի վրա են, և չեն համարձակվում միանալ բողոքին: Եվ ստացվում է խաբուսիկ տպավորություն, թե հասարակությունն ընդհանրապես հանգիստ է վերաբերվում իր աշխատավարձի մի մասը օտար ծագման ինչ-որ կազմակերպության տրամադրելու գաղափարին:



 



Սպասենք Հունվար ամսվա աշխատավարձերին: Գուցե այն ժամանակ կերևա, թե 1974 թվականից այսկողմ ծնված քանի աշխատող կա Հայաստանում, և նրանցից քանիսն են ցանկանում պարտադիր մուծում անել իրենց աշխատավարձից:



 



Մեր կառավարության գլուխը, մինչև բետոնի պատին չի բախվում, ոչինչ չի մտնում: Սա արդեն ինքնին անուրանալի փաստ է:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ