Եկեղեցական ծիսակարգի խորհրդավորության քողը պատռվել է

Եկեղեցական ծիսակարգի խորհրդավորության քողը պատռվել է

 



Փորձե՞լ եք  անկեղծ նայել ձեր հոգու  մեջ: Ախր դա ուրիշի տուն չէ, որ ասես՝ ավելորդ հետաքրքրասիրություն. դա քո տունն է: Ի՞նչ եք զգում ու այն ինչ զգում եք, կարո՞ղ եք բարձրաձայնել: Կարո՞ղ եք խոսել հոգու լեզվով: Բառերն արդեն իրենք իրենց չեն արդարացնում, նրանք պաճուճանքների դատարկ ամաններ են՝ անհոգի՜, անսի՜րտ, ու ընթերցողը դրանցից ոչ մի հուզում, ցավ չի զգում: Ինձ առավել քան հուզում է, երբ ոչ թե շարադրանք, այլ ցավի մաքուր արտահայտման հումք եմ տեսնում,  կարողանում եմ անասելի ցավի արտահայտությունը տարբերել հայհոյանքից, կեղտոտ գրառումն անկեղծ պոռթկումից, գեղեցիկ շարադրված գրառումը չշփոթել անկեղծ խոսքի հետ:



Ու ինչքան շատ եմ կարողանում հասկանալ, այնքան ինձ դժբախտ եմ զգում, որովհետև այլ բան է ապրել անգիտության մեջ, այլ բան է զգալ, թե որտեղ ես ապրում: Իսկ ապրել նշանակում է՝ շուրջդ նայել, խորհել, ելք որոնել ոչ միայն քո համար, այլ շուրջդ փորձել լույսի շող ցրել:  Արվեստագետի համար ապրելն ավելի դառը բան է նշանակում: Նա իր մաշկի վրա պետք է զգա ժողովրդի ցավը, ձեռքը դնի նրա պուլսին ու բժշկի նման նշանակում անի: Ի՞նչն է պատճառն այդքան մեծ դժգոհության, ներքին լռելայն ընդվզման, սոցիալական խորացող խնդիրների, արտաքին պարտությունների: Առաջին ընդվզողը արվեստագետը պետք է լինի, ու նա պիտի ցույց տա այն կածանը, որ լուսավոր ուղի է հանում: Իսկ ի՞նչ են անում մեր արվեստագետները: Հերթով դասալիքի պես լքում են ժողովրդական բանակն ու անցնում  այն ճամբարը, որտեղ նրանց կերակրում են: Ուրիշ էլ ի՞նչ կերպ է լինում դավաճանությունը: Ժողովուրդը մենակ է մնացել: Յուրաքանչյուր արվեստագետ թող համարձակություն ունենա ու նայի իր հոգու խորքը՝ ինչքանո՞վ է նա մտահոգ ժողովրդի ցավով, տաք տեղից բարձրաձայնելով՝ այո մենք էլ գիտենք, որ կան բազում խնդիրներ, հարց չի լուծվում: Ասենք թե գիտեք, հետո՞… Այսօր մատների վրա կարելի է հաշվել արվեստագետների, ովքեր ապհովանու տակ չեն, ովքեր ընդվզող հոգի ունեն, Էլբակյանն ու Ներսիսյանը եզակի՞ են: Տարաբնույթ բացատրություններ տալով լրատվությանը, նրանք ավելի են խորացնում այն վիհը, որ կա արվեստագետների ու ժողովրդի միջև: Եվ զարմանալին այն է, որ այդ երևույթի մասին կարծիք են հայտնում արվեստագետներ, ովքեր ոչ թե ամպհովանու կոթ բռնողներ են, այլ ճրագ պահողներ: Եվ եթե մարդիկ ցասումով են լցվել, որ սիրած դերասանները ամպհովանի են բռնել, նմանները նախանձից գալարներ են տալիս, որ իրենք չեն հրավիրվել՝ ամպհովանու կոթը բռնելու: Ինչպե՞ս չեն հասկանում, որ հարյուր, հազար անգամ հեղինակազրկվածը սպառված է արդեն և նոր հեղինակազրկումներ են պետք: Ամպհովաու վերաբերյալ բուռն քննարկումը վկայում է, որ  եկեղեցական ծիսակարգի խորհրդավորության քողը պատռվել է. մարդիկ  եկեղեցական բարձրաստիճաններին տեսնում են  իշխանության կողքին, իշխանության հետ: Չընդունելով իշխանության օրինականությունը, մարդիկ եկեղեցին համարում են իշխանության պատսպարան: Սա է ճմարտությունը: Եթե մի քանի տարի առաջ դա այդքան ընդգծված չէր, ապա վերջին շրջանում շղարշն ամբողջովին պատռվել է: Եկեղեցու և իշխանության միասնության հուժկու զենք: Այդ զենքի մասին պետք է մտածել, թե չէ դերասանների կոթ բռնելը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը: Բոլոր նյութական ուժային կառույցներին տիրապետելով, իշխանությունը խարխլել է նաև բարոյական, հոգևոր կառույցը: Եվ ես կուզեի աստվածապաշտության մասին խոսելուց առաջ մեր դերասանները այդքան կարևոր հանգամանքը հաշվի առնեին ու ժողովրդին չթողնեին այդ ահեղ ու միասնական ուժի դեմ միայնակ: Խոսքս ամպհովանի բռնողների մասին չէ միայն, այլ բոլոր արվեստագետների մասին, որոնց կարիքն այդքան շատ ժողովուրդն ունի: Ու կրկին անդրադառնամ իմ նախաբանին, արդարանալու փոխարեն նայեք ձեր հոգու խորքը ու տեսեք, որ ձեր ասված կեղտոտ գրառումների մեջ ձեր ազգի ցասումն է, ընդվզումը, որը պետք է ձեր մեջ լիներ:



 



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ