Վիրավորվում եմ, երբ Բանակի օրը թշնամու մի կրակոցից զինվոր է զոհվում

Վիրավորվում   եմ, երբ Բանակի օրը թշնամու մի կրակոցից զինվոր է զոհվում

Անցած պատերազմն էլ այսպես սկսվեց: Դիրքերի վրա կրակոցներն ուժգնացան, մտածում էինք՝ թշնամին ստուգում, վախեցնում է… Մի օր էլ սեփական տան բալկոնում կանգնած  դմբդմբոց էի լսում՝ անգամ մտքիս ծերով չանցկացնելով, որ կրակը մեզ շատ մոտ է: Հանկարծ երկնքում տեսա սալյուտի նման շքեղ ու վառվող մի բան, որ շուռումուռ էր գալիս երկնքում, բոցեր արձակում: Տեսա ու հիացա, տեսա ու կանչեցի մանկահասակ երեխաներիս, որ իրենք էլ տեսնեն և ուրախանան.



-Երեխե՜ք, եկեք, տեսեք ինչ լավ սալյուտ է, շու՜տ, շու՜տ…



… Ու մինչև երեխեքը կհասնեին, սայլուտը պայթեց հենց մեր քթի տակ: Աղմուկն այնքան մոտ ու սոսկալի էր, որ ես մեխանիկորեն թխսի պես մարմնովս ծածկեցի երեխաներին ու հասկացա այն, ինչ մինչ այդ չէի հասկացել: Հետագայում նման սալյուտներ շատ եղան, երեխաներն արդեն իրենց տեղը գիտեին, փախչում ու մտնում էին ապաստարան: Մինչ այսօր էլ սալյուտի հրավառության ձայնից աղջիկս կասկածանքով երկնքին է նայում… Ինչևէ, այսօր արդեն դիրքային կրակոցները շատացել են: Նախորդ պատերազմի ժամանակ, երբ սահմանամերձ տարածքների հրամանատարներին հարցնում էի՝ ինչու՞ են դիրքերի վրա կրակում, նույն պատասխանն էր՝ ստուգում են: Կարծում եմ հիմա էլ նույնն է: Պնդուկ կոտրելուց առաջ վստահ պիտի լինես ատամիդ ամրության վրա, պրոթեզով պնդուկ կոտրել կլինի՞… Ազերիների այս ակտիվությունը ոչ թե վախ, այլ զգոնություն պետք է առաջացնի սահմանային դիրքերում կանգնած զինվորների մոտ: Այստեղ ոչ թե իրենց կյանքով հերոսություն անելու խնդիր է, այլ ամուր, անառիկ դիրքերի խնդիր է դրված: Թշնամին որևէ կետում ճեղք չպետք է գտնի: Պնդուկ կոտրելուց պետք է կոտրի սեփական ատամը: Դիրքային յուրաքանչյուր զոհ, ես չեմ ուզում այլ կարծիք ունենալ, խոսում է այդ հատվածում ինչ որ բան այն չլինելու մասին, մեղմ եմ արտահայտվում: Եվ չպետք է խաղաղ ընդունել դիրքում զոհվելու խնդիրը՝ ի՞նչ անենք, թշնամին կրակել, սպանել է: Ո՜չ, հազար ո՜չ, թույլ կետն են ճեղքում, իրադրությունը ճիշտ չգնահատելու հետևանք է դա, անփորձության, երբեմն ավելորդ ոգևորության արդյունք եմ համարում, որը կարող է ճակատագրական լինել: Հենց Բանակի օրը՝ հունվարի 28-ին, ինչու՞ պետք է դիպուկահարի կողմից արձակված գնդակից զոհվի զինվորը: Բանակի օրը նշում եմ, որովհետև տոնական օրերին սթափությունը մի քիչ կաղում է, ավելորդ ոգևորությունն է խոսում:  Թշնամու կրակակետի տակ չընկնելու  համար մարտական կետերում կան համապատասխան արգելքներ կամ գուցե սխալվում եմ. զինվորը գործում է բաց տարածքում, գնդակի տակ:



Վիրավորվում   եմ, երբ Բանակի օրը թշնամու մի կրակոցից զինվոր է զոհվում, միգուցե սխա՞լ եմ… Իմ երկրի սահմաններն ամուր ու անառիկ եմ ուզում տեսնել: Թե չէ խոսքերով օրը մի քանի անգամ Բաքուն վերցնում ենք:



 



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ