Հայտարարություն՝ կանխատեսվող ցրտահարությունների վերաբերյալ

Հայտարարություն՝ կանխատեսվող ցրտահարությունների վերաբերյալ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հայտարարությունը՝ կանխատեսվող ցրտահարությունների վերաբերյալ



 



Հանրապետությունում թեև դեռևս չի սկսվել ոռոգման սեզոնը և ոռոգման համակարգերում դեռևս իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ (մաքրվում և նորոգվում են ջրանցքները, կարգի են բերվում ջրբաշխման հանգույցները, նորոգվում և գործարկվում են պոմպային կայանները), սակայն հաշվի առնելով առաջիկա օրերին կանխատեսվող ցրտահարությունները՝ ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղեկացնում է, որ.



1. Արտաշատի ջրանցքով ինքնահոս կարգով ջուր կմատակարարվի Արտաշատի և Վեդու տարածաշրջաններին: Այս կապակցությամբ երկու օրով կբացվի Ազատի ջրամբարը.



2. Ստորին Հրազդանի ինքնահոս համակարգով ջուր կմատակարարվի Էջմիածնի տարածաշրջանին, մասնավորապես ՀՀ Արմավիրի մարզի համապատասխան համայնքներին՝ օգտագործելով Հրազդան գետի ջրերը.



3. Երևանյան լճից ջուր կմատակարարվի Մասիսի և մասամբ Էջմիածնի տարածաշրջաններին.



4. Արմավիրի ջրանցքով Արաքս և Ախուրյան գետերի հոսքերով ջուր կմատակարարվի ՀՀ Արմավիրի մարզի համապատասխան տարածաշրջաններին, իսկ Թալինի ջրանցքով՝ Բաղրամյանի տարածաշրջանին.



5. Եղեգնաձորի ինքնահոս համակարգով ջուր կմատակարարվի Եղեգնաձորի տարածաշրջանին:



Գյուղացիական տնտեսություններին տեղեկացնելու և աջակցելու նպատակով առաջարկվել է վերը նշված տարածաշրջանները սպասարկող ջրօգտագործողների ընկերություններին (ՋՕԸ)՝ համապատասխան աշխատանքներ իրականացնել ջրօգտագործողների հետ: Խնդիրներ առաջանալու և անհրաժեշտության դեպքում գյուղացիական տնտեսությունները կարող են դիմել համապատասխան ՋՕԸ-երին։