Ստեղծվել է Տարոն Մարգարյանի վարկանիշի բարձրացման խորհուրդ

Ստեղծվել է Տարոն Մարգարյանի վարկանիշի բարձրացման խորհուրդ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2013 թվականի հուլիսին տրանսպորտի ուղեվարձի անօրինական թանկացման պատճառով վարկանիշի կտրուկ անկում ունեցավ, ուստի այժմ լրջորեն լծվել է իր վարկանիշի բարձրացմանը: Թվում էր, թե գիտությունների թեկնածուի կոչումը կօգնի այդ գործին, սակայն այն ճիշտ հակառակ էֆեկտն ունեցավ, եւ հիմա խորհրդատուները, նրա շուրջ պատեր շարելով, բերանը կողպելով, փորձում են լրագրողներից հեռու պահել: Օրական մի քանի հաղորդագրություն տարածելով էլ տպավորություն ստեղծել, թե քաղաքապետը քրտնաջան աշխատում է: Բայց սա էլ փրկօղակ չէ՝ անցել են հատուկ միջոցների:



 



Մոտ մեկ ամիս առաջ քաղաքապետարանն ընթացք է տվել մի գաղափարի, որը ծնվել է դեռեւս ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ցույցերի շրջանում: Այդ օրերին Տարոն Մարգարյանի խորհրդատուները մտմտացել են լրագրողներից ու PR-շչիկներից կազմված մի հսկայական խումբ ստեղծել, կոնսիլիումներ հրավիրել ու քայլեր մտածել, որոնցով հնարավոր կլինի Տարոն Մարգարյանին հանրության սիրելին դարձնել: Չէ՞ որ այժմ քաղաքապետարանն ուղեվարձի սակագնի բարձրացման եւ այդ լուրի հրապարակման խնդրի առջեւ է կանգնած, ուստի հասարակական ընդվզումը կանխելու խնդիր կա: Նշված խորհուրդը պետք է ելքեր գտնի եւ օգնի Տարոն Մարգարյանին՝ հաղթահարելու այս բարդ փուլը: Այս առումով շատ ուշագրավ է քաղաքապետի հեղինակության բարձրացմամբ զբաղվող խորհրդի կազմը: Նկատենք, որ խորհուրդը շատ ներկայացուցչական է, փորձառու փիառշչիկներից կազմված: Քաղաքապետին կից հանրային կապերի խորհուրդը նախագահում է անձամբ Տարոն Մարգարյանը:



 



1. Շուշան Սարդարյան - Կարեն Կարապետյանի, ապա Տարոն Մարգարյանի նախկին խոսնակ, ՀայՌուսգազարդի մամլո խոսնակ, համապետական ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պատասխանատու



2. Մարիա Բարաղամյան - Քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության բաժնի պետ, Ֆեյսբուքում Տարոն Մարգարյանի էջի կուրատոր 



3. Մարգարիտ Եսայան - ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ին հարող նախկին լրագրող



4. Նարեկ Մալյան - Ոստիկանապետ Վովա Գասպարյանի օգնական



5. Արթուր Գեւորգյան - Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ



6. Նաղաշ Մարտիրոսյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան



7. Արամ Անանյան - «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն



8.  Շավարշ Գեւորգյան - Հ2-ի լրատվական ծրագրի ղեկավար



9. Աստղիկ Ավետիսյան - «Հայկական Փի Ար ասոցիացիա»  գիտահետազոտական ՀԿ նախագահ



10. Էլզա Մանուկյան - Արարատյան թեմի էլեկտրոնային քարոզչության պատասխանատու



11. Գ. Դաջունց - «Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիա»  ընկերության հետազոտական բաժնի ղեկավար



 12. Տիգրան Քոչարյան - «Հայաստանի գիտակների ասոցիացիա» ՀԿ ղեկավար



13. Անահիտ Եսայան - Նարեկ Սարգսյանի մամլո խոսնակ



14. Մ. Դավթյան - «Առողջություն» հաղորդաշարի  պրոդյուսեր



15. Սոնա Տռուզյան - Աղվան Հովսեփյանի նախկին խոսնակ



16.  Սամվել Մարտիրոսյան - Տեղեկատվական անվտանգության փորձագետ



 



Քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք խորհուրդ ստեղծելու մասին հայտարարել են, ինչին արձագանքել են նշված անձինք եւ ցանկություն են հայտնել ընդգրկվելու իրենց խորհրդում: Իրենք անգամ չգիտեին, թե իրենց հայտարարությանն ովքեր կարձագանքեին: Չնայած, մեզ հասած տեղեկություններով, քաղաքապետարանի աշխատակիցներն են ժամանակին զանգահարել տարբեր մարդկանց՝ քննարկել ու խորհրդակցել, թե ինչը կնպաստի Երեւանի քաղաքապետի վարկանիշի բարձրացմանը:



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ



[email protected]