Գագիկ Բեգլարյանն էլ է թիկնապահներով շրջում

Գագիկ Բեգլարյանն էլ է թիկնապահներով շրջում

Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը թիկնապահների ուղեկցությամբ է շրջում: Նրա 100 LL 55  ծառայողական պետհամարանիշով Lexus LX 570 ամենագնացին մշտապես ուղեկցում է բոլորովին նոր՝ 2013 թվականի թողարկման Toyota Prado ամենագնացը՝ 402 OT 61 պետհամարանիշով։ Ի դեպ, այդ Prado-ն վերջերս է գնվել Toyota-ի ավտոսրահից, եւ գինը մոտ 60 հազար դոլար է։ Մինչ այդ Բեգլարյանի թիկնապահներն ստիպված էին բավարարվել բավական հնամաշ մեկ այլ ամենագնացով՝ Toyota 4Runner, որի վրա փակցված էր, կարելի է ասել, մեքենայից էլ թանկ համարանիշ՝ 44 444։ Այժմ, սակայն, Բեգլարյանը որոշել է, որ իր թիկնապահներն իրեն ավելի ժամանակակից եւ հարմարավետ պայմաններում պետք է ուղեկցեն, ու նրանց համար գնել է նոր մեքենա։ Ի դեպ, փոխվել է նաեւ նախարարի ավտոմեքենան։ Եթե այժմ մոտ 150 հազար դոլար արժողությամբ ամենագնաց տեսակի Lexus է, ապա առաջ մոտ 100 հազար դոլար արժողությամբ Lexus LS 460 մոդելի ներկայացուցչական դասի սեդան էր։



 



Նկատենք, որ տրանսպորտի եւ կապի նախարարին օրենքով չի հասնում թիկնապահ, իսկ նախարարներին տրամադրվող ծառայողական ավտոմեքենաներն էլ հիմնականում Toyota Camry են կամ համարժեք այլ մոդելի մեքենաներ, ոչ թե նման բարձր դասի շքեղ ամենագնացներ կամ սեդաններ։ Թե ինչ միջոցներով են գնվել այս մեքենաները, եւ ինչու է Գագիկ Բեգլարյանին ուղեկցում թիկնապահներով լի ավտոմեքենա, նախարարը կարիք ունի՞ թիկնապահներից օգտվելու, փորձեցինք պարզել ՏԿ նախարարության մամուլի բաժնից։ Ավելի քան մեկշաբաթյա մեր փորձերը, սակայն, ապարդյուն անցան, որովհետեւ տարբեր պատրվակներով պատասխանը ձգձգելուց եւ նամակը մի քանի անգամ ուղարկելուց հետո էլ պատասխան չստացանք:



 



Ի դեպ, ուշագրավ է եւս մեկ հանգամանք. Գագիկ Բեգլարյանը, պարզվում է, հաճախակի փոխում է իր մեքենաների համարները կամ երթեւեկում է առանց համարների մեքենաներով: Մի քանի օր առաջ մենք ականատես եղանք, թե ինչպես էր նա Տավուշի մարզ այցելել իրեն ուղեկցող Toyota Prado-ով, որի վրա, սակայն, այս անգամ փակցված էին ոչ թե վերը նշված հայկական, այլ բոլորովին այլ՝ ինչ-որ արտասահմանյան պետհամարանիշներ: Ավտոշարասյան մեջ նկատեցինք նաեւ մի Lexus, որն առանց պետհամարանիշի էր. չի բացառվում, որ դա էլ լիներ Բեգլարյանինը:



 



 



ՀԳ. Այս էլ երկրորդ դեպքն ենք արձանագրում, որ մեր նախարարներն օրենքով չթույլատրված կամ անհասկանալի պայմաններով թիկնապահներ եւ ուղեկցող մեքենաներ են պահում, սակայն նրանց մամուլի պատասխանատուների անպատասխանատու եւ անբարեխիղճ գործելաոճի պատճառով այդպես էլ բացատրություն չենք ստանում։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ