Դե գտեք նոր անձնակազմ, եթե ձեզ այդպես հինը խանգարում է

Դե գտեք նոր անձնակազմ, եթե  ձեզ այդպես հինը խանգարում է

Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի համար նոր գերատեսչության` Միասնական քննչական կոմիտեի բացման ընթացքը հիշեցնում է Նարեկ Սարգսյանի համար ժամանակին ստեղծվող Ճարտարապետության պետական կոմիտեն, որը վերացվեց, երբ քաղաքաշինության նախարարի աթոռն ազատվեց: Դեռեւս մարտին առաջին ընթերցմամբ ընդունված «Քննչական կոմիտեի մասին» օրինագիծը, որին պետք է հաջորդեր կազմավորման գործընթացը, ոչ մի կերպ ամբողջական տեսք չի ստանում: Քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը վստահ է, որ «ամեն ինչ բնականոն հունով ընթանում է»: Համբարձումյանը եւս այդ «բնականոն» հունի մեջ է եւ, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Կոմիտե:



 



Առաջին փուլի ընթացակարգը հունիսի 28-ով ավարտվել է, հերթը հասել է Աղվան Հովսեփյանի նշանակմանը, ինչը տեղի կունենա առաջիկա 20 օրվա ընթացքում: Հիշեցնենք, որ այս Կոմիտեն ի սկզբանե ստեղծվել էր բոլոր քննչական մարմինները միավորելու նպատակով, սակայն ընթացքում որոշները դուրս մնացին, մնացին ոստիկանության ու ՊՆ քննչականները: Այս մարմնի ոչ պաշտոնական նպատակը Աղվան Հովսեփյանին վարձահատույց լինելն է՝ նրա համար պաշտոն հորինելով, իսկ պաշտոնական ձեւակերպմամբ՝ նպատակն է ամրապնդել քննչական մարմինների անկախությունը, բարձրացնել նախաքննության արդյունավետությունը, ապահովել նախաքննության մարմինների գործունեության սկզբունքների միասնականությունը եւ այլն: Այս ամենը պատրաստվում են իրագործել այն նույն կազմով, որն ապացուցել է իր, մեղմ ասած, սուբյեկտիվությունն ու պրոֆեսիոնալ անհամապատասխանությունը բազմաթիվ սկանդալային գործերով: Թե ինչպես է ապահովվելու օբյեկտիվ, անաչառ քննությունը, հետաքրքրվեցինք Գագիկ Համբարձումյանից, ով այդ պաշտոնին է 2007-ից: Մեր հարցին, թե հիմա՝ ակտիվիստների հետ բախումներում, իրավապահների բռնությունների վերաբերյալ գործերում իրենց անաչառությունը նկատելի կլինի՞, պատասխանեց. «Ես այսօր ղեկավարում եմ քննչական գլխավոր վարչությունը, եւ Դուք ուզում եք ասել՝ օբյեկտի՞վ չեն ընթանում քննությունները, տրամաբանակա՞ն է նման պատասխանը:



 



Դուք սխալ բաղադրիչներ եք ներկայացնում, Կոմիտեն համակարգային ինստիտուցիոնալ փոփոխություն է, անձերի հետ կապված չէ, որ անձերը փոխվում են, ու խնդիրը լուծվում է: Սա համակարգային փոփոխություն է, հետեւաբար, կապել կոնկրետ անձի հետ, համարժեք բաղադրիչ չի ստացվում, մի բաղադրիչ ասում եք, մյուսի վերաբերյալ հետեւություն անում»: Իսկ իր նշած համակարգային փոփոխությունն առանց անձերի փոփոխության բերելո՞ւ է օբյեկտիվ, անաչառ քննության, Համբարձումյանը դարձյալ փիլիսոփայեց. «Դուք անընդհատ այլ շեշտադրություն ու իմաստ եք դնում՝ անընդհատ հին անձնակազմ շեշտելով… Դե գտեք նոր անձնակազմ ու տարեք-նշանակեք, հլը տեսնենք՝ ինչ եք անում, եթե ձեզ այդպես հին անձնակազմն է խանգարում»: Այո, հին անձնակազմը նշանակում է հին մտածողություն, հին մեթոդներ, որոնցից հարկավոր է ձերբազատվել, եւ որոնք խանգարում են ՀՀ-ում արդարադատության իրականացմանը:



 



Գայանե  ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
[email protected]