Մեղվաբույծին ո՞նց էին բժիշկ նշանակել

Մեղվաբույծին ո՞նց էին բժիշկ նշանակել

Սեւանում լուրեր են շրջում, որ իրենց քաղաքի հոգեբուժարանում տիրող անմխիթար վիճակը չի զիջում Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատին, որի տնօրեն Նվեր Հովհաննիսյանին անցած շաբաթ հեռացրին աշխատանքից՝ ոչ պաշտոնական տվյալներով, տուն-ինտերնատում հայտնաբերված չարաշահումների պատճառով:



Հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանի մասին էլ խոսում են, որ հատկացվող դեղորայքի մեծ մասն իրացնում է սեփական դեղատանը: Հոգեբուժարանը դեղորայքն ամբողջությամբ ստանում է պետպատվերով, հաստատությունն ունի միայն պետական ֆինանսավորում: Երեկ լսեցինք նաեւ Կարապետյանին, ով, բնականաբար, չհաստատեց տեղեկությունը, թեպետ սկզբում հումոր արեց ու չհերքեց. «Ճիշտ էլ ասում են՝ հոգեմետ դեղերը վաճառում եմ ժողովրդի վրա»: Ապա զայրացավ. «Ասողը ղալաթ ա արել իրա մեծ ու փոքրի հետ, բա դուք հավատո՞ւմ եք»։ Եվ երբ հիշեցրինք Վարդենիսի տուն-ինտերնատի արդեն նախկին տնօրենի նախադեպը, նետեց. «Նրան հանեցին, որտեւ ինքը բժիշկ չէր: Մեղվաբույծին ո՞նց էին բերել-դրել բժշկության մեջ: Այնտեղ պետք էր բժիշկ լինել»: Ի դեպ, անցած շաբաթ առողջապահության նախարարն այցելել էր հոգեբուժարան, ի՞նչ է փոխվել նախարարի այցից հետո։ «Առանձնապես ոչինչ, ինչ հանձնարարական տվել էր, փորձում ենք իրականացնել»: Իսկ թերությունները շա՞տ էին։ «Ոչ»: