Եզդիներին աջակցելը` դա հայկական պետությունների պարտականությունն է

Եզդիներին աջակցելը` դա հայկական պետությունների պարտականությունն է

Այն, ինչ այսօր կատարվում է քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև, ևս մեկ անգամ ապացուցում է, որ իսլամական կրոնի ծայրահեղությունների հետևորդների համար, ինչպես մնացած, այնպես էլ 21-րդ դարը դիտարկվում է որպես մի ժամանակաշրջան, որի գիտաարտադրական նվաճումներն ու ձեռքբերումները պետք է օգտագործել այլադավաններին ոչնչացնելու համար:



Խոսքը, հասկանալի է` վերաբերում է, այսպես կոչված, «Իսլամական խալիֆայություն» ինքնահռչակ պետության զինյալների կողմից Եզդի ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանությանը:



Սակայն պատերազմը, որը նախաձեռնել են իսլամիստ ծայրահեղականները, ոչ միայն առանձին վերցրած մի ժողովրդի դեմ է ուղղված, այլև, ըստ էության, նպատակ է հետապնդում փոխել ներկայիս աշխարհակարգն ու նրա կառավարելիության սկզբունքները:



Այս առումով, քրիստոնեական աշխարհընկալմամբ ղեկավարվող աշխարհն ու այդ աշխարհակարգը պահպանող ուժերը, ուղղակի պարտավոր են անհանդուրժող գտնվել ծայրահեղորեն տրամադրված իսլամական այն ուժերի նկատմամբ, որոնք զենք են վերցրել այլ հավատ ունեցող ժողովուրդներին ֆիզիկական ոչնչացման ենթարկելու հստակ նպատակադրությամբ:



Իսկ ինչ վերաբերում է, եզդի ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանության հետ կապված հայկական զույգ պետականությունների արձագանքներին, և հատկապես, Արցախի Հանրապետության կողմից փախստական դարձած եզդիներին, Արցախի կողմից ազատագրված տարացքներում բնակվելու հնարավորություն ընձեռնելու հանձնառությանը, ապա պարտավոր ենք փաստել, որ վերը նշված նախաձեռնությունները, լինելով ընթացող զարգացումների տրամաբանությանը համարժեք արձագանքներ, միևնույն ժամանակ, չեն կարող ամբողջական լինել, եթե Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը, ազգությամբ եզդի իրենց քաղաքացիների համար դյուրություններ չստեղծեն, որպեսզի նրանք, ցանկության դեպքում և կամավորության սկզբունքով, կարողանան մեկնել իրենց նախնիների հայրենիքը, որպեսզի զենքը ձեռքներին պաշտպանեն իրենց քույրերի և եղբայրների ապրելու իրավունքը:



Ինչպես մեզ է թվում, ստեղծված այս պայմաններում դա ոչ միայն հայկական պետությունների իրավունքն է, այլ նաև պարտականությունը:



Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ